Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Ժուռնալիստիկան ինքն իրեն կորցրել է» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2017 14:40

«Լրագրությունը շատ կարեւոր մասնագիտություն է, մենք շատ կարեւոր աշխատանք ենք անում եւ արժե, որ շնորհավորենք ինքներս մեզ»,- այսօր Հայ մամուլի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը: Տիկին Եսայանի համար տոնացույցում առանձնահատուկ նշանակություն ունեն մամուլի եւ խոսքի ազատության տոները:

Հայ մամուլի օրը նշվում է 2004-ի ապրիլից: Այդ տոնի համար ընտրվել է 1794-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրված առաջին հայալեզու պարբերականի օրը:

«Ժամանակին հայ մամուլը զբաղվում էր հայի ինքնության խնդիրներով»,- ասում է նախկին լրագրողը` նկատելով, որ այժմ մամուլը շատ ավելի շարժուն ու դինամիկ եւ անկախ է: «Անգամ Խորհրդային միության ծանր գրաքննության տարիներին մենք շահեկան վիճակում էինք՝ հայ մամուլի ներկայացուցիչները կարողանում էին իրենց սեփական խոսքը, դիմագիծը ներկայացնել: Արդեն 1990-ականներին եկավ մի սերունդ, որը հանդես եկավ հայ մամուլի ամբողջ դիմագծով»,- ասաց նա:

Միաժամանակ, ըստ նրա, համացանցը խժռում է տպագիր մամուլը, Հայաստանը եւս բացառություն չէ. «Այսօր սոցցանցերում աննախադեպ մեծ դիտումներ ունեն սենսացիոն վերնագրերով հրապարակումները, մինչդեռ լրագրողական լուրջ աշխատանքը գրեթե աննկատ է մնում»: Նախկին լրագրողը կողմ է, որ մամուլը ինչ-որ առումով նաեւ կրթի հասարակությանը, ոչ թե ընդառաջ գնա ցածրորակ պահանջարկին:

Նախկին լրագրողն անդրադարձավ նաեւ լրագրության մեջ ներկայիս աղավաղումներին եւ ձեւախեղումներին. «Ժուռնալիստիկան ինքն իրեն կորցրել է, շատերը չարաշահում են խոսքի այն ազատությունը, որն ունեն:

Մանրամասները`տեսանյութում

Տիկին Եսայանը դատապարտում է լրագրողի աշխատանքին խոչընդոտող ցանկացած անազատ քայլ`դատապարտելի է: Ասում է`խոսքը այն լրագրողների մասին է, որոնք փաստերով են զինված, ոչ թե այն, որոնք ինչ-ինչ պատճառներով, երեւույթների եւ անձերի ցանկությամբ գործ են անում:

Aravot.am-ի հարցին`ժամանակին Սերժ Սարգսյանը մամուլին մեղադրեց երկրում գաղջ մթնոլորտ ձեւավորելու մեջ, արդյոք դա վերաբերմունք չէր եւ չնպաստեց ձեւախեղումներին, տիկին Եսայանը պատասխանեց. «Այո, ԶԼՄ-ները որոշ մեղավորություն ունեն, քանի որ իրենց հրապարակումներում երբեմն հանգում են, ձգտում են ոչ թե դրական ելքի, այլ չարամտության, սա է գաղջի էլեմենտը: Նաեւ ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանի խոսքը ոչ թե ազդակ է լրագրողական դաշտին, այլ ընդամենը երկրի ղեկավարի խոսքն է»:

Մանրամասները`տեսանյութում

Անդրադառնալով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նոր փոփոխություններին, որոնք մասնագիտական շրջանակներում բավականին մեծ քննադատության են արժանացել, բանախոսն ասաց, որ օրենսդրական այս փոփոխությունները դեռեւս վերջնական տեսքի չեն բերվել. «Երբեք մի ասեք երբեք» կարգախոսին ես կողմ եմ: Այն, ինչ թվում է հստակ հունով գնում է, ինչ-որ մի պահի կարող է շրջադարձ ունենալ: Լրագրողի աշխատանքին խոչընդոտող ցանկացած անազատ քայլ դատապարտելի է միանշանակ: Եթե լրագրողը պրոֆեսիոնալ է, նա պետք է ունենա բացարձակ ազատություն»: Եթե օրենքի այս փոփոխությունները դրվեն վերջնական քննարկման, պատգամավորը կընդդիմախոսի, եթե դրանցում վտանգներ լինեն. «Ուզում եմ հիշեցնել՝ երբ քննարկման դրվեց «ֆեյքերի մասին» հայտնի օրենքը, ես ինքս դեմ եմ արտահայտվել ու ասել, որ հնարավոր չէ համացանցը կառավարել: Երբեւէ չեմ պատրաստվում կողմ լինել որեւէ բանի, որը կսահմանափակի պրոֆեսիոնալ լրագրողի աշխատանքը»:

Իսկ թե ինչու Մարգարիտ Եսայանը չմնաց լրագրողական ոլորտում՝ նախընտրելով օրենսդիրի աշխատանքը, նա նշեց, որ 30 տարի շարունակ ինքը լրագրողական ոլորտում արել է հնարավորը. «Քաղաքականության մեջ արդեն մեզանով տեսակ է փոխվում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031