Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի «ֆանտաստիկ» փողոցն արդեն պատրաստ է․ նա 2 օրից կժամանի Գյումրի (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2017 16:33

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի վերածելու ծրագրի շրջանակներում վերանորոգված Ռուսթավելու անվան փողոցը գրեթե պատրաստ է։

Այսօր շինարարներն ասֆալտապատում էին կիսատ մնացած մի փոքր հատված՝ փորձելով հնարավորինս արագ ավարտել, քանի որ երկու օրից՝ ամսի 18-ին Գյումրի է գալու վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնապես բացելու այն։ Փողոցը, հիշեցնենք, սալիկապատվել է՝ պահպանելով հին տեսքը։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց․«Ամիս 18-ին կբացենք փողոցը, որը երևի թե առաջին ծաղիկներից մեկն է, գեղեցիկ փողոց է, շատ գեղեցիկ։ Սրանով սկիզբ է դրվում քաղաքի զարգացմանը, զբոսաշրջության զարգացմանը։ Մենք, բնականաբար, շատ ուրախ ենք, որ այսպիսի գեղեցիկ փողոց ունեցանք, սկզբից շատ քննադատեցին, ասում էին՝ վայ, ո՞վ քանդեց մեր Ռուսթավելի փողոցը, մեր քարե սալիկները՝ բուլիժնիկներն ի՞նչ եղան։ Իհարկե, այդ հին սալիկները պահած են, մենք մյուս փողոցներն ենք սալիկապատելու, հետագայում մյուս փողոցներում կտեղադրենք»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Նկատենք, որ այս փողոցը դարձել է կառավարության անդամների սիրած վայրերից մեկը, նրանք Գյումրի գալուն պես շտապում են քայլել այս փողոցով՝ հատ-հատ ուսումնասիրելով այնտեղ գտնվող հին կառույցները ու դրանց ֆոնին լուսանկարվելով։ Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը խորը ձմռանը՝ փետրվար ամսին առաջին անգամ ոտքով քայլելով Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում՝ բացականչեց․ «Ֆանտաստիկ փողոցներ են, այ քեզ ֆանտաստիկ քաղաք»։ Հենց այդ ժամանակ էլ սկիզբ դրվեց նրա՝ «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքը զբոսաշրջության կենտրոնի վերածելու ծրագիրը։

Հոկտեմբերի 1-ին՝ Գյումրու տոնակատարությանը մասնակցող նախագահ Սերժ Սարգսյանն էլ ոտքով շրջեց այս փողոցով՝ չթաքցնելով իր զարմանքը։ Նա ևս ժամերով ուսումնասիրում էր չքնաղ քաղաքի դիմագիծ ու պատմություն ունեցող շենքերը։

Սամվել Բալասանյանն էլ այն համարում է հրաշք փողոց։ «Երեկոյան դուրս եմ գալիս, ման եմ գալիս, հաճույք եմ ստանում, էդպիսի փողոց միայն կարող ես արտասահմանում տեսնել, հին քաղաքներում, օրինակ՝ Հռոմում։ Զարմանալի թող չթվա, Գյումրին պակաս չէ այդ քաղաքներից իր հին պատմությամբ ու շենքերով», -պարծենում է Գյումրու քաղաքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031