Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաամուսնական կապից Վրաստանում 40 հազար երեխա է ծնվել ՝ 17 տարվա ընթացքում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2017 21:21

Այսօր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության  կոալիցիայի»՝ «Հայկական եւ վրացական լավագույն փորձի փոխանակում ընտանեկան բռնության դեմ պայքարում» թեմայով կոնֆերանսին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի ավագ մասնագետ Անն Լոբժանիձեն ներկայացնելով որոշ ցուցանիշներ ընտանեկան բռնության վերաբերյալ, ասաց, որ կնասպանության դեպքերի մեծ մասում պարզվել է, որ սպանությունից առաջ այդ կանայք դիմել են ոստիկանություն եւ ահազանգել ընտանեկան բռնության մասին:

Լոբժանիձեի ներկայացմամբ՝ Վրաստանում ընտանեկան բռնության զոհերի 72-ը կանայք են, իսկ բռնարարների 92%-ը տղամարդիկ են:

Որպես փորձի փոխանակում, Լոբժանիձեն ասաց, որ հատուկ ուշադրության են արժանի  այն դեպքերը, երբ տուժողը ոստիկաններին հայտնում է բռնության մասին, հետո չեղարկում ցուցմունքը, իսկ իրավապահ մարմինները քայլեր չեն ձեռնարկում:

Կոնֆերանսին ներկա Հակաբռնության ցանցի ներկայացուցիչ Էլիսո Ամերիջիբին էլ նշեց, որ Վրաստանում 2006 թվականից գործում է ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը, որը սկզբում մեծ դիմադրության էր հանդիպում. «Վրաստանում օրենքը միանշանակ չի ընդունվել: Շատերն ասում էին՝ ոչ մի վրացուհի չի դիմի, չի ասի՝ ինձ ծեծել է ամուսինս: Բայց երբ մենք ապաստարան էինք բացում, դեռ վերանորոգման աշխատանքներ էին գնում, երկու կին եկան ու խնդրեցին գիշերեն այդտեղ, ցեմենտի պարկերի վրա քնեն, միայն թե չվերադառնան այն ընտանիք, որտեղ բռնության են ենթարկվել»:

Ամերիջիբին նշեց, որ շատ կարեւոր են նաեւ ոստիկանների հետ դասընթացները, եւ հնարավոր է սկզբում ոչ բոլոր ոստիկանները ընկալեն անելիքը, նրանք գործի ընթացքում հաճախ չեն կարողանում ճիշտ գնահատել ռիսկերը:

Ինչ վերաբերում է օրենքին, ապա Ամերիջիբին ասաց, որ պարբերաբար հնարավոր է փոփոխվի, քանի որ ասենք՝ ապաստարաններում հանդիպում են այնպիսի կանանց, որոնց խնդիրները առկա օրենքի շրջանակներում հնարավոր չէ լուծել, ուստի նախաձեռնում են փոփոխություններ:

«Օրինակ` մի օրենք ընդունվեց, որով հպարտանում եմ: Վրաստանում շատ են այն կայանք, որոնք արտաամուսնական կապից են երեխա ունենում, եւ հաճախ այս կանայք ընտանեկան բռնության զոհ են դառնում, նրանք անտեսվում էին այն տղամարդու կողմից, ումից հղիացել էին, նրանց  ծաղրում էին, կարիքներն անտեսվում էին: Մինչեւ 2010 թվականը Վրաստանի դատարաններում ԴՆԹ թեսթի անալիզները որպես ապացույց չէր ընդունվում հայրություն ճանաչելու համար:

Այդ ժամանակ սկսեցինք մտածել օրենսդրությունը փոխել: Ներկայացնում էինք դեպքեր, բայց ասում էին՝ եզակի դեպքեր են: Հետո վիճակագրությունը պարզեց՝  2000-2017 թվականների ընթացքում ծննդատներից դուրս էին եկել  40 հազար կանայք, որոնց երեխաների  ծննդյան վկայականներում հոր մասին տվյալները բացակայում էին, սա շոկ էր մեզ համար: Եվ փոխվեց օրենքը»,-ասաց տիկին  Ամերիջիբին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վրաստանում, իսկ տիկին Ամերիջիբիի, մեկ այլ կարեւոր խնդիրներից է այն, որ կանայք զրկվում են հայրական ժառանգությունից, եթե ընտանիքում տղաներ կան, ապա նրանց է հասնում ժառանգությունը. «Կինը 20 տարուց ավելի ապրելով տղամարդու հետ, համատեղ կյանքում ստեղծելով ինչ-որ բաներ, հետո բռնության պատճառով որոշում է հեռանալ, գալիս է ապաստարան, բայց երբ դուրս է գալիս՝ նա տնտեսապես անպաշտպան է, ոչինչ չունի, ուստի ստիպված վերադառնում է այն ընտանիք, որտեղ բռնության էր ենթարկվել»:

Տիկին Ամերիջիբին ներկայացնելով իրենց փորձը կալանավայրերում գտնվող ընտանեկան բռնարարների հետ աշխատանքից, ասաց, որ ոմանք ասում են՝«Եթե իմանայի, որ կկալանավորվեմ՝ չէի ծեծի կնոջս: Հետո՝ տղամարդիկ, որոնք բռնության համար են հայտնվել կալանավայրում, մեր ուսումնասիրությամբ պարզել ենք՝ 16  տղամարդկանցից  14-ը ընտանեկան բռնության զոհեր են եղել. մանուկ ժամանակ նրանց ծաղրել են, ծնողները խիստ են եղել, պարտադրել են ինչ-որ բաներ անել եւ երբ մեծացել են, այդ բռնությունը արտահայտվել է իրենցից ավելի թույլ էակներ վրա: Եթե  ընտանեկան բռնությունը չդադարեցվի, սա սերնդեսերունդ է փոխանցվում, կունենաք մի սերունդ, որը բռնարար է կամ ընտանեկան բռնության զոհ:  Սա հասարակության համար լավ չէ»:

Խոսելով բռնարարների հետ աշխատանքի մասին, Ամերիջիբին ասաց՝ «Թեեւ այս հարցում չունենք մեծ արդյունքներ, չի նշանակում, որ  նրանց հետ պետք է դադարենք աշխատել: Դա նշանակում է չաշխատել թմրամոլների հետ, ընտանեկան բռնություն էլ կախվածություն է, ուստի պետք է նրանց հետ աշխատել, որպեսզի համակարգային փոփոխություն ունենանք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031