Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ «Կոնվերսբանկ»-ում կատարված ավազակային հարձակման դեպքից. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2017 21:50

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղից գումար է հափշտակել ու փախել: Ահազանգով մեկնած քրեական հետախույզները, փորձագետներն ու քննիչները պարզեցին, որ ժամը 11-ն անց 5-ի սահմաններում մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել է բանկ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Փողը ստացել ու հեռացել է:

Հարուցվեց քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով: Պարզվեց վնասի չափը՝ 200 հազար դոլարին համարժեք գումար: Օպերատիվ-հետախուզական ու քննչական մարմինները սկսեցին անհրաժեշտ միջոցառումները՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը հայտնաբերվեց Չեխովի փողոցում հոկտեմբերի 14-ի գիշերը:

1983 թ. ծնված Արսեն Գրիգորյանին, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանին և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանին իրավապահները հայտնաբերեցին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում՝ հոկտեմբերի լույս 15-ի գիշերը:

Երևանի բնակիչ Դավիթ Գրիգորյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով փաթեթ: Կանեփանման զանգվածով փաթեթ հայտնաբերվեց նաև Երևանի բնակիչ Արսեն Գրիգորյանի խուզարկությամբ: Երևանի բնակիչ Մարատ Գալստյանի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով երկու փաթեթ:

Բերման ենթարկվելու օրը՝ հոկտեմբերի 15-ին, խուզարկվեցին նաև Մարատ Գալստյանի տունն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվեց գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան և «Կալաշնիկով» ինքնաձիգի նմանվող հրազեն՝ առանց գործարանային համարի:

Նույն օրը խուզարկվեցին նաև Երևանում ապրող Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվեց կանեփանման զանգված, «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվեց, գողացված են: Խուզարկություններով հայտնաբերվածն ուղարկվեց ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական ու դատաքիմիական փորձաքննության:

Դավիթ և Արսեն Գրիգորյանները, Մարատ Գալստյանն ու Աշոտ Մանուկյանը ձերբակալվեցին:

Ձեռնարկված հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է խմբի մյուս անդամի ինքնությունը՝ 1988-ին ծնված Պյոտր Ցիգանկով:

Քննությամբ պարզվում են դեպքի հանգամանքներն ու կասկածյալներից յուրաքանչյուրի դերակատարումը:

Պյոտր Ցիգանկովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031