Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Հայտարարության մեջ որևէ խոսք չկա ո՛չ Վիեննայի, ո՛չ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին». ստեփանակերտցի քաղաքագետը՝ Ալիև-Սարգսյան հանդիպման մասին

Հոկտեմբեր 17,2017 13:05

«Ինչո՞ւ Ցյուրիխ, ոչ թե Սոչի. սա նշանակում է, որ մտածված քայլեր են անում: Եթե հանդիպումը լիներ Սոչիում, կասեին, որ Պուտինի վերահսկողության ներքո է»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը, անդրադառնալով Ժնևում երկու նախագահների հանդիպմանը, հայտարարեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Հարցին՝ կա՞, թե՞ ոչ բանակցություն, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը պատասխանեց՝ իհարկե, կա ու մանրամասնեց. «Ինքնին այս երևույթն անկախ արդյունքներից պետք է դիտարկել միայն դրական տեսանկյունից: Երկու կողմերն էլ գնացել են դասական և բանակցային դիվանագիտության ճանապարհով: Սա ալգորիթմ է, որով պետք է շարժվել պետությունների հարաբերություններում»:

Դառնալով Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանը գնում է առանց նախապայմանների բանակցությունների, պարոն Նավասարդյանը դրանք համարեց հռետորական և դիվանագիտական բլեֆ. «Ալիևը շատ լավ գիտի, որ առանց նախապայմանի և պայմանի բանակցություն չի լինում: Բա ի՞նչ է՝ նստում սուրճ են խմո՞ւմ: Անպայման կան նախապայմաններ, կոշտ մոտեցում և մանևրելու պահեր»:

Արման Նավասարդյանը լավատես է. այսպես ավելի լավ է, քան ընդհանրապես բանակցություն չլինի: Նա համոզված է, որ եթե մի կյանք էլ փրկվի, դա արդեն լավ է: Ըստ նրա՝ լուրջ մտածված էր նաև հանդիպման վայրը՝ Ժնև, ոչ թե Սոչի:

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Ստեփան Մարգարյանը փաստեց, թե տևական ժամանակ կռիվը գնում է նրա շուրջ, որ փոխվի ստատուս քվոն. «Ադրբեջանին դա է ձեռք տալիս, Հայաստանին առայժմ՝ ոչ: Ադրբեջանական կողմի մոտեցումն այն է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների համաձայն մոնիտորինգային մեխանիզմներ եթե ներդրվեն, ապա ստատուս քվոն պահպանվելու է Հայաստանի օգտին: Իսկ Ադրբեջանի մոտեցումն է՝ արագ լուծում տանք, կամ մենք չենք համաձայնի մոնիտորինգի մեխանիզմների կիրառմանը: Հռետորաբանության մեջ փոփոխություն զգացվում է: Որոշակի պայմանավորվածություններ գուցե և ձեռք են բերվել, բայց կարծում եմ՝ այս հարցի լուծումն այլ համատեքստում պետք է փնտրենք: Մեր տեսակետը բանակցություններում պարզ է, Ադրբեջանինը՝ ևս, իսկ հակամարտության ուծման ուղիները պետք է այլ տեղերում փնտրել»:

Ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի՝ այժմ ստատուս քվո պահելու համար նոր քաղաքական ձևաչափի ձևավորման խնդիր է դրված: Անդրադառնալով վերջին ամիսներին սահմանին տիրող հարաբերական հանգիստ վիճակին՝ պարոն Բադալյանն ասաց. «Այդ հարաբերական կայուն իրավիճակը կապված է Հայաստանում, Ադրբեջանում և ՌԴ-ում 2018-ին սպասող քաղաքական գործընթացների հետ: Եվ երկրների ղեկավարները ցանկանում են կենտրոնանալ ներքաղաքական հարցերի վրա: Հարաբերական կայունության պատճառը նաև այն է, որ հայկական կողմն էապես ավելացրել է կայունությունը ռազմատեխնիկական միջոցով պահելու ռեսուրսը»:

Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ շատ ավելի հավանական է, որ Ժնևում քննարկվել է Ադրբեջանի և ՀՀ իշխանությունների ներքին ստատուս քվոյի հարց, քան ընդհանրապես ղարաբաղյան գոտում ստատուս քվոյի: Ըստ քաղաքագետի՝ այդ հարցը փաստացի չկա Մինսկի խմբի համանախագահների օրակարգում. «Կարևոր հարց է, թե Հայաստանում Սարգսյանից հետո ո՞վ է ընկալվում ղարաբաղյան հիմնախնդրին տիրապետող, որ լինելու է ոչ միայն ֆորմալ դեմք, այլ իսկապես առաջին դեմք, որը կարող է բանակցային թեկուզ իմիտացիոն գործընթաց տանել: Սա ինքնաբերաբար դառնում է քննարկելի հարց համանախագահության համար: Դա էլ իր հերթին կարող է Ադրբեջանում իշխանության, ձևաչափի խնդիր առաջացնել: Ալիևն ու Սարգսյանը շատ ավելի մեծ հավանականությամբ բանակցային միջազգային կենտրոնների հետ բանակցում են իրենց ներսի իշխանության խնդիրները լուծելու համար»:

Ստեփանակերտում բնակվող քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը մտահոգություն ունի, որ այս հանդիպումից հետո հայկական կողմը պարտված է դուրս գալիս: Նա պարզաբանեց. «Բանակցությունների արդյունքում ընդունվել է մի հայտարարություն, որի մեջ որևէ խոսք չկա ո՛չ Վիեննայի, ո՛չ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Սա հստակ հայկական կողմի պարտությունն է, քանի որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հնարավորություն էին տալիս հայկական կողմին պահպանել ստատուս քվոն և կառուցողական դիրքորոշում ունեցող կողմի կարգավիճակը: Այս ամենը Սերժ Սարգսյանի ու հայկական դիվանագիտության ջանքերով ջրվել, գնացել է»: Ըստ նրա՝ Արցախյան հասարակությունը լուրջ չի վերաբերվում նման բանակցային գործընթացներին, հասարակությունը հասկացել է, որ ղարաբաղյան հակամարտությունը գոնե գալիք մի քանի տասնամյակներում բանակցային ուղով լուծում չունի:

The Armenian Interest-ի փորձագետ Վան Հարությունյանի կարծիքով՝ սահմանին հարաբերական հանգիստը ժամանակավոր է. «Ողջ դրական ֆոնը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ հարաբերական հանգիստը կապված է այն փաստի հետ, որ 2018-ին Հայաստանում, Ռուսաստանում և Ադրբեջանում սպասվում են քաղաքական իրադարձություններ: Ուստի երկրների ղեկավարները հարաբերական հանգիստ են, որ կարողանան զբաղվել քաղաքական խնդիրներով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031