Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ հաճախ մեզ հարցնում են՝ ա՛յ, որ երեխուն պաղպաղակ չառնեմ, որ փող չտամ գնա խաղատուն՝ դա տնտեսական բռնությո՞ւն է». Վիգեն Քոչարյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2017 14:07

ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովն այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ է կազմակերպել:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ օրենքը անհրաժեշտություն է, բայց հանրությունը ունի մտահոգություն բազմաթիվ դրույթների վերաբերյալ. «Ամենամեծ մտահոգությունը օրենքում անմեղության կանխավարկածի նկատմամբ որոշակի ոտնձգության դրսեւորումն է: Ենթադրաբար բռնություն գործադրած անձի սահմանմանն է վերաբերում: Այս անձը որքանո՞վ է պաշտպանված այս օրենքի շրջանակներում՝ սադրանքից, սխալ կարծիքից: Եվ հետո վարչապետին կից մարմին է ստեղծվելու, այստեղ շահերի բախում եմ տեսնում, ինչո՞ւ ոչ ԱԺ հանձնաժողովին կից, որ վերահսկողություն լինի այս օրենքի կիրառման հարցում: Գտնում եմ, որ մասնագիտացված մարմին պետք է լինի, յուրաքանչյուր ոստիկան կամ թաղային չի կարող զբաղվել այս հարցով»:

Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը պատասխանեց. «Ենթադրաբար բռնություն գործադրած անձը ունի բոլոր հնարավորությունները բողոքարկել որոշումը այն բոլոր միջոցներով, որոնք ունենք իրավական համակարգում՝ ե՛ւ դատական կարգով, ե՛ւ վերադասության կարգով, մտահոգիչ խնդիր գոյություն չունի»:

ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչ Ռուզաննա Ասատրյանը հարցրեց ՝ ինչո՞ւ օրենքի նախագծում չի նշվում, որ այն հետապնդում է ընտանիքներում համերաշխությունը վերականգնելու շահ, ինչու ընտանեկան արժեքների ամրապնդման մասին չի նշվում: Փոխնախարարը պատասխանեց, որ եթե առաջարկ ունեք, ներկայացրեք, մենք կքննարկենք, ինչ վերաբերում է ընտանիքի կարեւորությանը, օրենքի հոդվածում ընտանեկան սկզբունքների մեջ նշված է դա, հենց առաջին սկզբունքը վերաբերում է ընտանիքին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց՝ «Մտավախություն կա, որ բռնությունը կանխարգելելը կարող է չպսակվել հաջողությամբ: Նա հարցրեց. «Նախագծի համաձայն ոստիկանությունն իրավունք ունի սահմանափակել ծնողի եւ երեխայի տեսակցումը, չե՞ք գտնում, որ սա Սահմանադրությանը հակասում է, որի համաձայն միայն դատական ակտի հիման վրա կարող է սահմանափակվել երեխաների տեսակցումը ծնողներին: Բացի այդ, նախագծում փաստական ամուսնական հարաբերություն արտահայտություն կա, իսկ Ընտանեկան օրենսգրքով ՀՀ-ում ճանաչվում է միայն Քաղաքացիական ակտերի կատարման ծառայության գրանցման փաստաթուղթը: Տնտեսական բռնություն արտահայտությունն էլ նախագծում շատ անորոշ է: Իրավական պետության եւ իրավունքի գերակայության սկզբունքների կարեւորագույն գրավականներից մեկը իրավական ակտերի որոշակիությունն է»:

Փոխնախարարը պատասխանեց. «Համապատասխան ձեւակերպումները մենք փորձել ենք շարադրել՝ նպատակ ունենալով հասնել մաքսիմալ որոշակիության: Վրաստանի, Ղազախստանի օրենսդրության մեջ էլ տնտեսական բռնության ձեւակերպում կա, մեր ձեւակերպումները մի քանի անգամ դեռ ավելի որոշակի են: Շատ հաճախ մեզ հարցնում են՝ ա՛յ, որ երեխուն պաղպաղակ չառնեմ, որ փող չտամ գնա խաղատուն, որ համակարգչից չթողնեմ օգտվել՝ դա տնտեսական բռնությո՞ւն է: Իհարկե՝ ոչ: Տնտեսական բռնությունը բնակարանից, սնունդից, կյանքի համար անհրաժեշտ պայմաններից զրկումն է: Բոլոր հակակշիռները նախատեսված են օրենքի նախագծով, եթե մեր իրավաբան գործընկերները այլ առաջարկ ունեն՝ մենք կփորձենք միասին գտնել առավել արդյունավետ լուծումներ»:

Վիգեն Քոչարյանն ասաց, որ հակասություն չի տեսնում, միայն դատարանի որոշմամբ կարող են սահմանափակումները լինել: Անհետաձգելի դեպքերում էլ նախատեսվում է, թե ինչպես, ինչ կարգով տվյալ անձը պետք է տեսակցի երեխաներին:

Գեւորգ Պետրոսյանը բորբոքվեց, որ երբ հարց են բարձրացնում՝ միջազգային օրենսդրությունն է փոխնախարարը մեջբերում, երբ ամեն մեկն ունի իր ինքնավարությունը, իր ընտանեկան արժեքները. «Հայրը երեխայի հետ կոպիտ խոսի, հիմա որքանո՞վ է օրինաչափ, որ աշխատանքից տուն գա ու տեսնի մի ոստիկան իր տան առջեւ, որ 100 մետրից չի թողնում մոտենալ իր երեխային: Ավստրալիայում այսպիսի օրենք կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031