Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողը հաց չի տալիս երեխային, սա ընտանեկան բռնությո՞ւն է, թե՞ իշխանության մեղքը, որ աղքատացրել է. ԱԺ լսումներ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2017 14:29

«Տնտեսական բռնությունը բնակարանից, սնունդից, կյանքի համար անհրաժեշտ պայմաններից զրկումն է»,- այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ տնտեսական բռնությունն այսպես ձեւակերպեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:

Լսումները կազմակերպել է ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը եւ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ, լսելով փոխնախարարի ձեւակերպումը տնտեսական բռնության մասին, հարցրեց՝ մեր երկրում մեկ մլն-ից ավելի աղքատ ընտանիք ունեք, եթե ծնողը չի կարողանում ապահովել ձեր նշած պայմանները, ապահովել իր երեխայի համար սնունդ, այստեղ մեղավորը ոչ թե ընտանիքն է, ծնողը, այլ՝ իշխանությունն է, ապաշնորհ կառավարումը, հիմա ընտանիքի՞ն, ծնողի՞ն պետք է մեղադրեք, որ տնտեսական բռնություն է կիրառում: Չի կարողանում ծնողը, որովհետեւ ոչ թե պորտաբույծ է, այլ չունի այդ հնարավորությունը: Սահմանը այնպես գծեք, որ տարընթերցման տեղիք չտա:

Վիգեն Քոչարյանը պատասխանեց՝ օրենքում ձեւակերպումները այդ մտահոգությունը հանում են: Խոսքը գնում է դիտավորությամբ բնակության վայրից, սննդից կամ այլ անհրաժեշտ միջոցից զրկելու մասին, զրկել եզրույթը ենթադրում է, որ դա առկա է եւ ինչ-որ մեկը զրկում է:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը չդիմացավ եւ տեղից ասաց՝ ինչ է իշխանությունը չի՞ զրկում: Վիգեն Քոչարյանն էլ ասաց, որ բոլորս գիտենք երկրում ինչ վիճակ է եւ ինչ հնարավորություններ կան:

Լրագրող Արթուր Հովհաննիսյանն ափսոսանք հայտնեց, որ իրեն ելույթի հնարավորություն չեն տալու, այլապես հայ ընտանիքները քարուքանդ անող այս օրենքի նախագիծը քարը քարին չէր թողնի: Ըստ նրա, եթե բռնություն է ֆիզիկական ցավ դիտավորյալ պատճառելը, ծնողը կարող է ապտակել իր երեխային եւ ծնողին բռնեն. «Ապտակը դիտավորությամբ է տրվում եւ ցավ է պատճառում, ֆիզիկական բռնություն է դա համարվում եւ հետագայում կարող է չարաշահվել ոստիկանության կամ այն մարմնի կողմից, որը այդ ընտանիքի հետ խնդիր ունի»:

Նա մեկ այլ օրինակ բերեց՝ տնտեսական բռնության հետ կապված՝ ասենք, երեխան ունի շաքարային դիաբեթ կամ անգինայով հիվանդ է, ծնողը նրան պաղպաղակից զրկում է, սնունդն էլ առկա է, ուրեմն տնտեսական բռնությո՞ւն է կիրառում:

Փոխնախարարը նախ հորդորեց որեւէ դավադրություն այս օրինագծի հետ կապված չփնտրել. «Սովորաբար դավադրությունները լինում են մութ անկյուններում, ոչ թե այն դեպքում, երբ հանրային քննարկումներ են գնում: Ապտակի հետ կապված տարբերություն պետք է դրվի այդ դրվագների եւ ֆիզիկական բռնության»: Ձեւակերպումները, ըստ փոխնախարարի, հստակ տարբերում են: Նմանատիպ խնդիր գործող օրենսդրության պայմաններում էլ կարող է լինեն: Քրեական օրենսգրքի 118 հոդվածում գրած է՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը…այս հոդվածը տասնամյակներ գոյություն ունի, ինչո՞ւ նման մի խնդիր չառաջացավ մի երեխայի ու հոր հետ: Այսքան տարիներ այդ հարցը չի առաջացել, ինչո՞ւ հիմա պետք է առաջանա:

Արթուր Հովհաննիսյանը թերահավատ էր, թե մեր երկրում լավ մասնագետներ չկան, ո՞վ պետք է պարզի՝ հոգեբանական բռնություն եղե՞լ է, թե՞ ոչ: Նա վստահեցրեց, որ մեր երկրում որակյալ մասնագետներ չկան, որ կարող են հոգեկան տառապանքը ապացուցել, կարող են սուբյեկտիվորեն ասել, որ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել ու անձը իրեն մեջտեղից էլ ճղի՝ չկարողանա ապացուցել:

Փոխնախարարը պատասխանեց. «Հոգեբանական բռնություն ասում եք ո՞վ պետք է պարզի՝ մասնագետները: Աֆեկտը ո՞վ է որոշում՝ եղե՞լ է, թե՞ չէ: Համապատասխան մասնագետներն են որոշում, ի՞նչ խնդիր կա այստեղ: Հիվանդ երեխայի պաղպաղակ չուտելը…ես չեմ հասկանում՝ էդ ինչ երեւակայական, հիվանդագին պատկերացումը պետք է բերի նրան, որ սա տնտեսական բռնություն է: Գրած է օրենքում՝ անհրաժեշտ սնունդ, պաղպաղակը անհրաժե՞շտ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031