Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինը բուրդ է, ինչքան ծեծես, էնքան կփափկի, կամ մարդի ծեծ՝ վարդի ծեծ». Ընտանեկան բռնության մասին օրենքի լսումները՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2017 15:51

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր Ընտանեկան բռնության կանխարգելման մասին ԱԺ լսումների ժամանակ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին հարցրեց՝ մեկը ինձ, որպես այդպիսին, որեւիցե լավատեսություն ձեր ձեւակերպումները չեն հաղորդում, դուք ինքներդ այդ համոզմունքները կրո՞ղն եք, թե՞ պարտադրված եք զեկուցում այս նախագիծը: Այն խորհուրդը, որը պետք է ձեւավորվի, գործելու է վարչապետին կից: Բայց այսօր վարչապետին կից 20-ից ավելի խորհուրդ է գործում՝ գործարարության աջակցության, գիտատեխնիկական խորհուրդ, ի դեպ, գործարարության աջակցության խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել 2011-ին»:

Փոխնախարարը պատասխանեց. «Ես բոլոր խորհուրդների գործունեությանը տեղյակ չեմ, բայց Գործարարության աջակցման խորհրդի նիստերին ես մասնակցել եմ մոտ 2-3 ամիս առաջ, միգուցե խնդիր կա խորհուրդների գործունեության ավելի լավ լուսաբանման, որ այդպիսի հարցադրումներ չառաջանան: Այս օրենքում նախատեսվող խորհրդի գործունեության կարգը կա, նախատեսված է, թե ինչ ժամկետում պետք է հաստատվի վարչապետի կողմից, պետք է որոշվի նիստերի հաճախականությունը: Պետք է լավատես լինենք եւ կարծում եմ, որ նախատեսվող այս մեխանիզմը կաշխատի եւ մենք առաջընթաց կունենաք ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում: Ինչ վերաբերում է իմ անձնական վերաբերմունքին օրենսդրական նախագծին, այո, համապատասխան կառավարության հանձնարարականի, ես ստանձնել եմ այդ աշխատանքային խմբի գործունեության կոորդինացումը, միեւնույն ժամանակ ամեն ինչ արել եմ, որ մենք ունենանք օրենք, որը կնպաստի իր նպատակին»:

Էնֆիաջյանն ասաց, որ պաշտոնական կայքից է խորհրդի գործունեության ցանկը վերցրել: Ըստ Էնֆիաջյանի, այն խնդիրները, որոնք կան ընտանիքներում, հիմնականում սոցիալական խնդիրներից են: ՀՀ ընտանիքում, ընտանեկան միջավայրում տնտեսական, սոցիալական վիճակը բարելավելով՝ կարելի է հարցերը լուծել: Եվ նա հարցրեց՝ դուք «Ծառուկյան» խմբակցության կողմից ներկայացված 15 կետերին ծանոթացե՞լ եք՝ փոխնախարարը պատասխանեց, որ համապատասխան լիազորություն չունի իրենց խմբակցության ծրագրերին գնահատական տալու. «Կառավարության հիմնական նպատակն է մեր քաղաքացիների, ընտանիքների նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը եւ կառավարության գործող ծրագիրը նպաստում է դրան»,- ասաց Քոչարյանը:

Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբանն էլ ասաց. «Կարեւոր է անպատժելիության մթնոլորտի վերացումը, օրինագիծը Քրեական օրենսգրքում չի՞ նախատեսում փոփոխություն, որով ընտանեկան բռնության հանգամանքը ծանրացուցիչ հանգամանք կհամարվի: Տարիներով ընտանիքում ծեծի դեպքում կիրառվում է տուգանք, իսկ դա անպատժելիության մթնոլորտ է ստեղծում, պետք է պատժիչ մեխանիզմներ սահմանվեն»:

Վիգեն Քոչարյանը պատասխանեց. «Մեր համոզմամբ, դա ընտանեկան բռնության կանխարգելման եւ մեր ընտանիքներին աջակցելու լավագույն ճանապարհը չէ: Քրեական պատասխանատվության հեռանկարը մեծ բացասական ազդեցություն ունի ընտանեկան բռնության դեպքերի բացահայտման վրա: Ընտանիքի անդամը շահագրգռված չէ, չի ցանկանում, որ իր ընտանիքի անդամը պատասխանատվության ենթարկվի, ազատազրկման դատապարտվի: Չենք կարծում, որ պատիժների խստացումը արդյունավետ կարող է լինել»:

Վորլդ-Վիժն-Հայաստան կազմակերպության ներկայացուցիչ Աիդա Մուրադյանն էլ կոնկրետ դեպք պատմեց, թե ինչպես են ՀՀ-ում պատժում բռնարարին այսօր. «Հայրը դաժան ծեծել էր իր ինը տարեկան երեխային, նրա համար, որ չէր ցանկացել գնալ խանութ եւ իր համար ալկոհոլ գնել եւ ի՞նչ արեց դատարանը՝ տուգանեց հորը 30 հազար դրամով»:

Շատ են խոսում այն մասին, որ Արեւմուտքի գրանտների պատճառով մենք ստիպված ենք ընդունել այս օրինագիծը: Վարդան Բոստանջյանն էլ այս մասին հարց ուղղեց: Ըստ նրա, պարտադրանքը եկել է 2014-ից, պարզապես հիմա ստիպված իրագործում ենք: Փոխնախարարը պատասխանեց. «Ինչ վերաբերում է գրանտին, այո, գաղտնիք չի, որ ԵՄ-ի հետ բյուջետային աջակցության ծրագրում է նախատեսված: Որպես օժանդակություն համապատասխան բյուջեին տրամադրվում է համապատասխան աջակցություն: Մենք պետք է գիտակցենք, որ եթե բյուջետային աջակցության կամ գումարների մասին ենք խոսում, նյութական խնդիրներ այստեղ չկան»:

Բոստանջյանի խոսքով՝ նախագծում «բստրածին ձեւակերպումներ» կան՝ տնտեսական, հոգեբանական բռնություն. «Արտագաղթը եկեք վերացնենք, եկել ենք ամենաամուր տեղամասին՝ ընտանիքին ենք կպել»:

Իսկ Արմավիրի զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Նաիրա Առաքելյանն էլ, խոսելով բռնության դեպքերի մասին՝ ասաց. «Կինը բուրդ է, ինչքան ծեծես, էնքան կփափկի,կամ մարդի ծեծ՝ վարդի ծեծ: Այսպիսի ասույթներով ենք մենք ապրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031