Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի փողոցի գաղտնի պատմությունները (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2017 21:54

Ինչպես տեղեկացրել ենք, վաղը վարչապետ  Կարեն Կարապետյանի  մասնակցությամբ պաշտոնապես շահագործման կհանձնվի Գյումրու պատմական կենտրոնում գտնվող Ռուսթավելու անվան փողոցը։ Այն վերանորոգվել է վարչապետի՝ «Կումայրի» արգելոցը տուրիզմի վերածելու ծրագրի շրջանակներում ու կարճ ժամանակահատվածում դարձել  կառավարության անդամների սիրած վայրը Գյումրիում։ Վերջիններս առիթը բաց չեն թողնում փողոցի վրա գտնվող Գյումրվա  հին տների մոտ լուսանկարվելու։

Շիրակի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում այն համարեց «գաղտնի պատմությունների փողոց»՝ ներկայացնելով գյումրեցիների ավանդազրույցները։ «Ռուսթավելի փողոցը ժողովրդական պատկերացման մեջ մնացել է որպես Այհայի դար, այդպես է կոչվել (փողոցը դարի նման է. վերևից ներքև է Ա․Ն)։ Այսօր էլ ժողովրդամտածողության մեջ Այհայի դարը պահպանվել է։ Ասում են, որ Տիրատուրենց Խաչատուրը, որը  ղայֆախանա է ունեցել (ղայֆախանա էին անվանում ալեքսանդրապոլյան սրճարանները, որտեղ միայն սև աղացած գարուց սուրճ են խմել, տղամարդկանց լուրջ խոսակցությունները ընթացել են այստեղ, զրուցել են քաղաքի անցուդարձից, գործարքներ են կնքել, անգամ խնամախոսությունները կատարվել  են այս սրճարաններում Ա․Ն․) առավոտյան շատ է սիրել շրջել քաղաքով մեկ, իր քաղաքի առավոտը տեսնել, Ռուսթավելի փողոցը ֆայտոնով, իր մտերիմներով անցնելիս, ֆայտոնը կանգնեցնում էր փողոցի ծայրին ու իջնում, դանդաղ քայլելով գնում էր:

Գյումրիում ընդունված է եղել, որ սապախտան՝ առավոտյան արևը դեռ չծագած, կանայք, հատկապես տան մեծը՝ երեցը դռները պիտի ջրեր և լվար շեմը, որպեսզի չարը և չարակամ ցանկացողների մուտքը մաքրվեր։ Դռները մաքրելուց հետո նստում էին դրսում գտնվող քարերի վրա։ Երբ որ Ռուսթավելի փողոցով անցել է Տիրատուրենց Խաչատուրը․ բոլոր հարսները ոտքի են կանգնել և բարև բռնել․ մի ձեռքը մտցնում էին մյուսի մեջ և գլուխը խոնարհում էին։ Մի անգամ, երբ որ Խաչատուրն անցել է, հարսներից մեկը չի կանգնել, Խաչատուրը զարմացել է, թե էս ո՞վ է, որ իրեն տեսնելուց չի կանգնում ու ասել է՝ այ-հայ-հայ, էս ո՞ւմ կնիկն է, որ ինձ տեսնելուց չի կանգնել։ Դարը այդպես կոչվել է՝ Այհայի դար ու ցայսօր էլ  կենցաղավարում է», -պատմեց էթնոհոգեբանը։

Կարինե Սահակյանի լուսանկարը իր ֆեյսբուքյան էջից

Ըստ Կարինե Սահակյանի` Գյումրու կոլորիտով դեմքերի շուրջ պտտվող  տեղական զրույցները երբեք չեն մահանում, ավելի են հարստանում։ «Գյումրին ծանրաբեռնված քաղաք է սյուժեների առումով, փողոցը հետաքրքիր է ոչ միայն իբրև փողոց, այլ իր մեջ ունի մի գաղտնիք, այսինքն՝  գաղտնի պատմությունների փողոց է։ Այդ փողոցում է ապրել նաև Զնգոն, որը տատմեր էր։ Պատմում են, որ Զնգոյի մոտ են եկել այն կանայք, որոնք ուզում էին ընդհատել հղիությունը։ Մի անգամ մի կին է եկել, փող չունենալու պատճառով իր կապույտ մատանին է տվել Զնգոյին։ Զնգոն այդ մատանին տվել է իր սիրեցյալներից մեկին։ Տիրատուրենց Մարգարի ղայֆախանում այդ կնոջ ամուսինը տեսնում է իր կնոջ մատանին ինչ-որ մեկի մատին, հարցնում է, թե  սա ո՞ւմ մատանին է, տղամարդն ասում է՝ կնոջդ մատանին է, ինքն էր նվեր տվել, բայց չի ասում, թե ինչ ճանապարհով է իրեն հասել։ Այս մարդը՝ Ավդալենց Թաթոսը, գալիս է տուն, կնոջը սպանում է, իսկ տարիներ անց, երբ իմանում է ողջ ճշմարտությունը, մեղքի զգացում է ունենում, գնում է Արշակ Բրուտյանի մոտ, պատվիրում է, որ իրեն նկարի, նկարվում է, ու ինքն իրեն կախում է։ Սա իրական պատմություն է, վավերագիրը «Կումայրի» արգելոց- թանգարանում պահպանվող Արշակ Բրուտյանի կողմից նկարված Ավդալենց Թաթոսի յուղաներկ-դիմանկարն է։ Այդ դիմանկարում նա մեղքից թմրած հայացքով է։ Առ այսօր էլ Գյումրին հիշում է այդ պատմությունը, կա «Զնգոյի վարտիք» արտահայտությունը, այսինքն Զնգոն բոլորի տունը գնում էր, բոլորի կյանքի պատմություններին տեղյակ էր»։

Ըստ Կարինե Սահակյանի` Ռուսթավելի փողոցը հայտնի է պատմաճարտարապետական արժեք ունեցող կոթողներով։ «Գրեթե բոլոր դռներն ու դարբասները կոչնակ չակուճակով են (իբրև զանգ է ծառայել), երկաթե նիգերով են (երկաթյա ձողեր են) դռան ետևից գցելու և փակելու համար, դռների պատուհանները խլափեղկերով են: Այսինքն` ժամը 6-ից հետո բոլոր խլափեղկերը փակվում էին։ Յուրաքանչյուր տունը իր ներքին տիեզերքն էր, ոչ մեկին իրավունք չուներ այդ ներքին տիեզերքին տեղյակ լինելու»։

Կարինե Սահակյանի ասելով, «Կումայրի» արգելոցում 1700  պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շինություններ կան, որոնք առանձնանում են իրենց դարբասներով, (դրանք պատրաստված են եղել Սարիղամիշի փայտից), քիվերով ու ջրհորդաններով։ «Կան նաև շինություններ, որոնք ժողովրդական ճարտարապետության նմուշներ են, քիվերն առանձնանում էին զարդանախշերով, դրանք մեկը մյուսին չեն կրկնում։Եվ կան տներ, որոնք ունեն հազարաշեն առաստաղներ, շատ բարդ է եղել կառուցելը, բայց եթե միջին կարողությունների տեր էիր, ապա առաստաղդ անպայման հազարաշեն պետք է լիներ։ Ոնց որ գմբեթարդ եկեղեցի լինի, տունը նման առաստաղով  վերածում էին գմբեթարդ եկեղեցու, իմ տունը իմ տիեզերքն է»,- ասում է էթնոհոգեբանը։

Ըստ Կարինե Սահակյանի, տուրիզմի կենտրոն ստեղծելիս, հին  կառույցները վերանորոգելիս   պարտավոր են պահպանել կառույցների ֆասադը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ստեփան Կակոսյան says:

    եթե նյութը լավն է, ինչ պարտադիր է հիմար և անիմաստ վերնագրով փչացնել տպավորությունը: Նյութը լավն է

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031