Լրահոս
Օրվա լրահոսը

1954 թվականին Ֆլորիդայում հիմնադրված ամերիկյան ընկերությունը հայաստանյան  դատարանում հայցվոր է

Հոկտեմբեր 18,2017 14:30

Անբարեխիղճ մրցակցությո՞ւն, խոչընդոտում դեպի շուկա, թե՞ ապրանքային նշանների վաճառք

Երեւանի Ֆիրդուսիի նախկին շուկայում, հարակից խանութներում 1000 կամ 1500 դրամով «Dolce & Gabbana», «Armani», «Gucci» կամ «Chanel» ապրանքային նշանները կրող ապրանքներ տեսնելիս (որոնց իրական արժեքը կարող է մի քանի հարյուր կամ հազար ԱՄՆ դոլար լինել) քիչ հավանական է, որ սպառողը մտածի, թե դրանք իրական արտադրողի իրական ապրանքներն են կամ վաճառվում են 99% զեղչով։ Եթե մտածի, ապա դա օրենքի իմաստով շփոթություն չի կարող համարվել, որովհետեւ նման սպառողը, նույն հաջողությամբ, կարող է գնել «Hyundai» մակնիշի ավտոմեքենա՝ մտածելով, թե գնել է «Honda», քանզի դրանց ապրանքային նշաններն արտաքնապես գրեթե նույնական են։ Ծխախոտային հսկաներից մեկը, որը վարչական դատարանում նույնպես խնդիր ուներ իր ապրանքային նշանի հետ կապված, ինձ հետ զրույցում ասաց, թե այսօրվա սպառողը նախկին սպառողը չէ, եւ որքան էլ փորձեն իրենց օտարել շուկա մտնելիս, չեն կարողանա:

Ի դեպ, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը 18.07.2014 թվականին կայացրել է նախադեպային որոշում: Հայցվորն այս դեպքում Երեւանի կոնյակի գործարանն էր, որը դատի էր տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությանը, երրորդ անձ «Մանչո Գրուպին»: Վճռաբեկ դատարանի որոշումն այսպիսին էր. շփոթելու աստիճան նման ապրանքային նշանի կիրառման փաստն արձանագրելու համար հարկավոր է հետեւյալ 3 տարրերի միաժամանակյա առկայությունը: Դրանք են` համապատասխան ապրանքների նույնական կամ նույնատիպ լինելը (բացառությամբ հանրահայտ ապրանքային նշանների), նշանների նմանությունը եւ՝ սպառողի մոտ շփոթություն առաջանալու վտանգը. «Նմանակման վերոնշյալ առաջին երկու տարրերը` ապրանքների նույն կամ նույնատիպ լինելը, ինչպես նաեւ նշանների նմանությունը, օբյեկտիվ տարրեր են, իսկ սպառողի մոտ շփոթություն առաջանալու վտանգը` սուբյեկտիվ տարր»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության դեմ ամերիկյան «Burger king» հայտնի ընկերությունը հայց է ներկայացրել  վեց-յոթ տարի առաջ, երբ փորձեց Հայաստանում «արագ սննդի» կետեր բացել: Ընկերությունը ներկայումս ունի 4,600 ռեստորաններ Եվրոպայում, Միջին Արեւելքում, այդ թվում՝ Կանադայում, Կայմանյան կղզիներում, Չինաստանում, Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Կուրակաոյում, Կիպրոսում, Չեխիայի Հանրապետությունում, Դանիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Զիբրալթարում, Գուամում, Գվատեմալայում, Հոնդուրասում, Հոնկոնգում, Հունգարիայում, Իսլանդիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Իսրայելում, Իտալիայում, Զամայկայում, Ճապոնիայում, Հորդանանում, Քուվեյթում, Լիբանանում, Մալայզիայում, Մեքսիկայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Միացյալ Թագավորությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ուրուգվայում:  «Burger king» ապրանքային նշանը գրանցված է մոտ 125 երկրներում: Հայցվորը մտավոր սեփականության գործակալություն էր ներկայացրել իր ապրանքային նշանի գրանցման մասին հայտ։ Դեռեւս 2011 թվականի հունվարի 21-ին էկոնոմիկայի նախարարությունը որոշում Է կայացրել նշանի մասնակի գրանցման մասին՝ մերժելով դրա գրանցումը «սննդամթերքով եւ ըմպելիքներով ապահովման ծառայություններ. ժամանակավոր բնակատեղով ապահովում»- նախատեսված ծառայությունների համար:

Ընկերությունը 2013 թվականի դեկտեմբերի  17-ին ներկայացրել Է իր ապրանքային նշանի «զատման հայտ». ապրանքային նշանի հայտը ստացել է համար։ Հետեւել է պատասխանողի բողոքը: Անցկացվել է կրկնական փորձաքննություն, ինչի արդյունքում կայացվել է նշանի մասնակի գրանցումն ուժի մեջ թողնելու որոշում։ Որոշումը դարձյալ բողոքարկվել է։ Գործակալությունը նշել էր, թե տվյալ դեպքում «Burger king»  ապրանքային նշանը չի կարող գրանցվել, քանի որ այն շփոթելու աստիճան նման է ավելի վաղ առաջնությամբ արդեն գրանցված հայաստանյան՝ Կապանի «Վալետտա» ՍՊԸ-ի ապրանքային նշանին:Հայցվորի գնահատմամբ, մտավոր սեփականության գործակալությունը հայտարկված նշանի գրանցումը մերժել է օրենքի սխալ մեկնաբանության եւ կիրառման պատճառով։ Հայցվորի կարծիքով, գործակալությունը առաջին սխալը թույլ է տրվել, երբ երրորդ անձ ճանաչված Կապանի «Վալետտայի» ապրանքային նշանն է գրանցել, դրանով իսկ հնարավորություն տալով մոլորության մեջ գցել հայ սպառողին, եւ երկրորդ սխալը  հայցվորի հայտարկված նշանի գրանցումը մերժելու որոշումն է, որով հայցվորի առջեւ փակվել է Հայաստանի շուկա մուտք գործելու, Հայաստանում ներդրումներ կատարելու, աշխատատեղեր ստեղծելու, աշխատավարձեր վճարելու, պետական բյուջե հարկեր վճարելու, եւ Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկներին իրենց ծանոթ արագ սննդի ծառայություններ մատուցելու բոլոր դռներն ու հնարավորությունները։ «Դրանով հերթական անգամ վարկաբեկվում է Հայաստանի Հանրապետության պատիվն ու արժանապատվությունը։ Դրանով հերթական անգամ հնարավորություն է ստեղծվում Հայաստանում կեղծ, ուրիշի անվան տակ ծառայությունների մատուցման համար, որը, սակայն, կարող էր կանխվել հայցվորի ապրանքային նշանի գրանցմամբ»,-փաստարկել է ամերիկյան ընկերությունը։Դատարան ներկայացված հիմնավորումների համաձայն, պատասխանող   գործակալությունն իր որոշման պատճառաբանական մասում ընդհանրապես չի անդրադարձել սպառողների շփոթության հավանականությանը, այլ միայն ապրանքային նշանների «Շփոթվելու աստիճան նմանությանը»:  Ըստ բուրգերի արքայի,  հայտարկված նշանը շփոթելու աստիճան նման չէ գրանցված նշանին։ Իրենց նշանը բառապատկերային նշան է, որը կազմված է ոչ միայն բառերից, այլ նաեւ համբուրգեր-չիզբուրգեր հիշեցնող յուրահատուկ պատկերից։ Իրենց նշանը ներառում է միջազգայնորեն հայտնի «Burger king» գունավոր համակցված լոգոն եւ իր անվանման առաջին երկու «Burger king» տարրերը։ Նշանի բառային տարրերը հայերեն կարելի է թարգմանել որպես «բուրգեր թագավոր»։ Բացի այդ, բառերի վերեւում եւ ներքեւում պատկերված են բուրգերի կտրատած հաց հիշեցնող դեղին պատկերներ, որոնցով տպավորություն է ստեղծվում, թե իրար տակ գրված բառերը բուրգերի այդ հացի մեջ դրվող կարմիր միսն ու լոլիկն են։ Ընդհանուր առմամբ նշանը հիշեցնում է կլոր բուրգեր, որը պատված է կապույտ գույնի կիսալուսնաձեւ փաթեթավորմամբ։ Հայտարկված նշանը գունավոր է, ամբողջ աշխարհում օգտագործվում եւ սպառողներին հայտնի է հենց այդ գունային համակցությամբ։ Իսկ «Վալետտայինը» կազմված է լատինատառ, ստանդարտ նիշերով գրված «Burger king» բառային տարրերից։

Այն չունի որեւէ գունային, պատկերային կամ ոճային լուծում։ Ըստ էության, ամերիկյան ընկերության դիտարկմամբ՝ «Վալետտան» եւ հայաստանյան մի շարք այլ նմանատիպ ընկերություններ, «նմանատիպ նպատակներով» Հայաստանում կարողացել են գրանցել հենց իրենց «Burger king corporation» ընկերության ֆիրմային անվանման առաջին երկու հայտնի բառերը, որոնք ամբողջ աշխարհում 1954 թվականից մինչ օրս օգտագործվում են որպես հայցվորի ապրանքային նշան, ինչը հայցվորն անվանում է անբարեխիղճ մրցակցության տիպիկ օրինակ, իրենց  մուտքը Հայաստանի շուկա արգելելու քայլ։ Ի դեպ, դատարանում նման վեճերի ժամանակ ակնարկվում է նաեւ հետագայում ապրանքային նշանը վաճառելու մասին էլ. «Գաղտնիք չէ, որ սա տարածված պրակտիկա է Հայաստանում։ Նույնը կատարվում է դոմենային անվանումների բնագավառում, երբ ինչ-որ մեկը գրանցում է հայտնի ընկերության դոմենային անվանումը մի քանի հազար դրամով՝ հետագայում այդ ընկերությանը մի քանի հազար, եթե ոչ տասնյակ հազարավոր դոլարներով վաճառելու նպատակով»։ Ամերիկյան ընկերությունը մեկ այլ հայցով էլ կդիմի դատարան՝ պահանջելով տվյալ նշանի օգտագործման դադարեցում, «անմիջապես Հայաստանի բոլոր սպառողներին զանգվածային լրատվության եւ հնարավոր այլ միջոցներով կտեղեկացնի անբարեխղճության եւ հայցվորի բրենդի հետ կապ չունենալու մասին»։ Ընկերության հարցադրումներից մեկն այն էր, թե ինչու է անբարեխիղճ մրցակցի շահը առավել կարեւոր, քան Հայաստանի սպառողների եւ Հայաստան այցելող զբոսաշրջիկների շահերը, Հայաստանում ներդրումներ կատարելու, աշխատատեղեր ստեղծելու, աշխատավարձեր եւ հարկեր վճարելու հարցերը։Ըստ հայցվորի, իր նշանի գրանցմամբ սպառողները չեն շփոթվի, քանզի հայցվորը շատ հայտնի ընկերություն է եւ լուրջ համբավ ունի։ Վարչական դատարանը մի անգամ բավարարել է «Բուրգեր Քինգ Քորփորեյշն» ընկերության հայցն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության, ապրանքային նշանը ճանաչել է թույլատրելի, ապա՝ մերժել: Վերաքննիչ վարչական դատարանը խորհրդակցական սենյակում է. նոյեմբերին կհրապարկվի որոշումը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

17.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031