Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործեր են հարուցվել՝ Արագածոտնի մարզի երկու դպրոցների տնօրենների կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ

Հոկտեմբեր 18,2017 19:33

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում  ստացվել են  Մուղնու Մ.Աշճյանի անվան և Լուսակն համայնքի հիմնական դպրոցների տնօրենների կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:

Նախնական տվյալներով՝ Աշտարակ քաղաքի «Մուղնու Մ.Աշճյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը 2015թ. սեպտեմբերի 3-ին որպես  նշված դպրոցի պահակ է ձևակերպել իր բարեկամուհուն։ Վերջինս աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվամբ հաշվարկվել և դուրս է գրվել աշխատավարձ, որը յուրացվել է:

Դեպքի առթիվ 2017թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ուղարկվել Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ ՀԿԳ ավագ քննիչը քրեական գործը վարույթ է ընդունել, և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ստացված մեկ այլ քրեական գործի նյութերի համաձայն է՝ Լուսակն համայնքի հիմնական դպրոցի տնօրենը՝ նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտի՝ 2017թ. փետրվարից ՀՀ-ից բացակայելու, փաստացի կրթություն չստանալու և ավարտական քննություններին չմասնակցելու պայմաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել հիմնական կրթության վկայականների բաշխման մատյանում, ավարտական քննական արձանագրություններում և դասամատյաններում: Դրանց հիման վրա տնօրենն աշակերտի անվամբ կազմել և հանձնել է հիմնական կրթության կեղծ վկայական: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տնօրենին օգնել և օժանդակել են նույն դպրոցի ուսուցիչները:

Դեպքի առթիվ 2017թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով:

Նշված քրեական գործը ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել է հոկտեմբերի 13-ին և ընդունվել վարույթ։ Քննություն է տարվում՝ ապահովելու բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումը։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031