Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է այնպես անել, որ կինը չվախենա հաջորդ երեխան ունենալ

Հոկտեմբեր 19,2017 15:00

«Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց իհարկե դրան հասնելը շատ բարդ է: Այդ ցուցանիշին հասնելու համար պետք է հենց երեկվանից սկսեինք լուրջ ներդրումներ անել: Օրինակ՝ Եվրոպայում դա հաջողվեց անել Սկանդինավյան պետություններին ու Ֆրանսիային: Սկանդինավյան երկրներում ոչ թե ուղղակի փողի միջոցով խրախուսեցին ծնելիությունը, այլ այնպես արեցին, որ կինը չվախենա հաջորդ երեխան ունենալուց, այսինքն՝ չի կորցնի աշխատանքը, կարիերան չի տուժի եւ այլն»,- երեկ «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցը ներկայացնելիս ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Ըստ նրա՝ Սկանդինավյան երկրներում հայրերը նույնպես կարող են երեխայի խնամքի համար արձակուրդ վերցնել. «Հայաստանում նույնպես նման օրենք կա, բայց, ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, մինչ օրս այդ իրավունքից ընդամենը երկու մարդ է օգտվել»:

Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ պետք է մեր երկրում էլ այնպես անել, որ հաջորդ երեխա ունենալու որոշումը ընտանիքի համար չլինի ռիսկային, որպեսզի աշխատանքային եւ ծնողական պարտավորությունները հնարավոր լինի համատեղել: Պարոն Հայրապետյանն այս հարցում կարեւորեց նաեւ մանկապարտեզների, ցերեկային խնամքի կենտրոնների եւ դայակի ինստիտուտի դերը:

Զեկույցում ներկայացված են նաեւ դեռահասների հղիության վերաբերյալ տվյալներ: ԱԵԿԱ տարածաշրջանում վաղ տարիքում ծննդաբերությունների առումով առաջատարն Ադրբեջանն է. «1000 15-19 տարեկան կնոջ հաշվով Ադրբեջանում 62 դեռահաս է ծննդաբերել, Հայաստանում այդ ցուցանիշը 23 է: Միայն Ադրբեջանում է, որ վերջին 15 տարիներին այդ ցուցանիշը բարձրացել է, մնացած բոլոր երկրներում այդ ցուցանիշը նվազել է»,- ասաց Գարիկ Հայրապետյանը։

Խոսելով կանանց եւ տղամարդկանց աշխատավարձերի անհավասարության խնդրից՝ պարոն Հայրապետյանը նկատեց, որ կանանց եւ տղամարդկանց աշխատավարձերի միջեւ ճեղքվածքն ի վնաս կանանց ամբողջ աշխարհում է: ԱԵԿԱ տարածաշրջանում դրությունն ամենալավը Սլովենիայում է, ամենաարտահայտվածը` Թուրքիայում:

Հայաստանը, սակայն, Ադրբեջանի եւ Ալբանիայի հետ գտնվում է ավելի բարվոք վիճակում. «Հայաստանում այդ տարբերությունը կազմում է 36%։ Այսինքն՝ կանայք 36 տոկոսով ավելի քիչ եկամուտ ունեն, քան տղամարդիկ: Հայաստանը միջինից մի քիչ ցածր է, բայց տարածաշրջանում ամենավատ դիրքերում չէ»,- նշեց ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է տղամարդկանց եւ կանանց կրթության եւ աշխատանքի հարցերին, իրավունքին, պարոն Հայրապետյանն ասաց, որ այդ առումով ամենավատ իրավիճակն Ադրբեջանում է, Հայաստանում ու Վրաստանում վիճակը գրեթե նույնն է. «Ադրբեջանում կարծում են, որ միայն տղամարդը պետք է աշխատանք ունենա: Մեկ տարբերություն կա. կանանց կրթություն ունենալու ցուցանիշն այնտեղ ավելի բարձր է, բայց աշխատանքային իրավունքն այդքան էլ բարձր չէ»։

Հայաստանում էլ, ըստ մասնագետի, կարծում են, որ առաջնային տղամարդը պետք է աշխատանք ունենա, իսկ կրթության առումով էլ մեր երկրում մտածում են, որ թե՛ կինը, թե՛ տղամարդը պետք է հավասարաչափ կրթություն ստանան:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

18.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031