Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է օրենքը փոխել վրացի տղամարդկանց. հիմա աման են լվանում, ճաշ եփում, ու նրանց չեն ծաղրում

Հոկտեմբեր 19,2017 15:30

Երբ Վրաստանում ինչ-որ դրական բան է կատարվում, մենք՝ հայերս, սիրում ենք օրինակ բերել վրացական փորձը: Հաճախ ենք լսում՝ «Բա սրանք ճանապարհնե՞ր են, էս ի՞նչ ասֆալտ է, իսկ այ, Վրաստանում…»: Կոռուպցիայի դեմ պայքարի վրացական փորձն էլ, որպես դրական օրինակ, հաճախ պաշտոնյաներին հիշեցնում ենք տարբեր առիթներով, կամ՝ ճանապարհային ոստիկանության վրացական բարեփոխումները:

Իսկ ահա ընտանեկան բռնության կանխարգելման վրացական փորձը երբեւէ Հայաստանում չի հիշատակվել, մինչդեռ 2006 թվականից այդ երկրում գործում է օրենքը:

Վրաստանում Հակաբռնության ցանցի ներկայացուցիչ Էլիսո Ամերիջիբին «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագիծը մինչեւ որպես օրենք կհաստատվեր, Վրաստանում էլ, ինչպես հիմա Հայաստանում է, մեծ ընդդիմության է արժանացել, եւ գրեթե նույն պատճառաբանություններն էին առաջ քաշվում: «Մարդիկ ասում էին՝ պետք չէ եվրոպական արժեքները մեզ մոտ բերել, նրանք ուրիշ են, մենք՝ ուրիշ, մենք մեր կանանց ձեռքերի վրա ենք պահում, մենք լավ ենք նայում նրանց, չենք թողնում աշխատեն: Այս օրենքը միջամտություն է ընտանիքների հարցերին, դուք քանդում եք ընտանիքը, որը պետության հիմքն է: Բայց ասացեք ինձ՝ ընտանիքում, որտեղ չեն հարգում կնոջ կարծիքը, նրան ուժով ստիպում են անել մի բան, որը նա չի ուզում, երբ թույլ չեն տալիս աշխատել, որովհետեւ ինչ աշխատել, ընտանիքովդ զբաղվիր: Սա նորմա՞լ ընտանիք է»,- ասում է տիկին Ամերիջիբին:

Եվ քանի որ Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելմանը նպաստող օրենքի նախագծի հեղինակներն ու կողմնակիցները պնդում են, թե օրենքն ընդունելով կկանխվեն ընտանեկան բռնության հազարավոր դեպքեր, «Առավոտը» Ամերիջիբիից հետաքրքրվեց՝ արդյոք Վրաստանում այս 11 տարիների ընթացքում օրենքի ընդունումից հետո ընտանեկան բռնությունների դեպքերը նվազե՞լ են: Մեր այս հարցին ի պատասխան՝ տիկին Ամերիջիբին ասում է. «Դեպքերը չեն նվազել, բայց օրենքի ընդունումից հետո ավելացել է բռնության զոհերի դիմելիությունը: Հիմա ավելի շատ են դեպքերը, քանի որ ավելի շատ են բացահայտվում որպես ընտանեկան բռնություն: Իսկ նախքան օրենքի ընդունումը ընտանեկան բռնությունը հանցագործություն չէր համարվում: Ուստի վիճակագրության մասին դժվար է խոսել: Հիմա նաեւ հասարակությունում գիտակցությունն է փոխվել, եւ մարդիկ սկսել են ընկալել, որ ընտանեկան բռնությունը հանցագործություն է»:

Տիկին Ամերիջիբին ասում է, որ անգամ իր մտերիմներն էին ասում՝ դուք, ի՞նչ է, գժվե՞լ եք, ի՞նչ ընտանեկան բռնություն, որտեղի՞ց եք դա վերցրել:

«Մարդիկ այդպես էին արձագանքում, որովհետեւ չէին ընկալում դա որպես բռնություն, որովհետեւ այդ մարդկանց դաստիարակել էին՝ տղամարդը պարտավոր է տուն գումար բերել, կինը պարտավոր էր երեխաներին դաստիարակել եւ մնալ ընտանիքում: Սա ընտանեկան բռնություն չէր համարվում շատերի համար: Իսկ կնոջը հարցնո՞ւմ էին՝ նա ուզո՞ւմ է հենց դրանով զբաղվել եւ այդպես ապրել»,- ասում է Ամերիջիբին: Նա շեշտում է՝ կանանց աշխատելու իրավունքները հաշվի չէին առնվում. «Իսկ գուցե այդ կինը ունի մեծ հնարավորություն ընտանիքից դուրս իրացվելու, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու: Նրան չէին հարցնում, որովհետեւ հենց ծնվում էր աղջիկ երեխա, նրան դաստիարակում էին որպես ապագա մայր, եւ սա այն հիմքն է, որ նա հետագայում դառնում էր ընտանեկան բռնության զոհ: Մենք վերապրեցինք մեծ պայքար՝ մինչեւ օրենքն ընդունվեց»:

Ամերիջիբին պատմում է, որ սկսել է ակտիվ աշխատել օրենքի նախագծի վրա կանանց քրեակատարողական հիմնարկում աշխատելուց հետո: Վրաստանում, այսպես ասած՝ կանանց գաղութում, ինչպես Ամերիջիբին է ասում, շատ էին այն կանայք, որոնք սպանել էին իրենց ընտանիքի անդամներին. «Մեզ մոտ հարց ծագեց՝ ինչի՞ են հասցրել այս կնոջը, որը կարող է սպանել ամուսնուն, սկեսուրին կամ սկեսրայրին, կամ որդուն: Պարզվեց՝ կինը, որը երկար տարիներ հանդուրժում էր ընտանեկան բռնությունը, իր հանդեպ ծաղրանքներն ընտանիքի անդամների կողմից, ինչ-որ պահի վերածվում է բռնարարի»:

Ընտանեկան բռնության մեկ այլ օրինակ էլ է բերում Ամերիջիբին. նա նշում է՝ Վրաստանում երեխաներին խիստ դաստիարակելն ընկալվում էր սովորական երեւույթ ու չգրված նորմ. «Երեխաների դաստիարակությամբ հիմնականում կանայք են զբաղվում, եւ այդ կանայք, որոնք երկար տարիներ բռնության զոհ են, հենց հանդիպում են իրենցից թույլերին, սկսում են, չգիտակցելով, բռնություն կիրառել երեխայի հանդեպ: Հայաստանում էլ, ինչպես Վրաստանում, երեխան ընկալվում է որպես սեփականություն: Իմ երեխան է, ինչ կուզեմ՝ կանեմ: Սա բռնություն է: Նրանք կարծում են, որ այդպես երեխայի համար ավելի լավ է՝ խիստ լինել, պետք է մի հատ էլ հարվածել, ապտակել»:

Արդյոք Վրաստանում նշված օրենքի ընդունումից հետո արգելվո՞ւմ է երեխաների հետ նման կերպ վարվել, ասենք՝ ծնողը մի հատ էլ հարվածել է իր երեխային, մեր այս հարցին ի պատասխան՝ տիկին Ամերիջիբին ասում է. «Այո, իհարկե, դա նաեւ Սահմանադրությամբ է ամրագրված՝ պետությունը պարտավոր է բռնությունից պաշտպանել իր քաղաքացուն՝ տանը, թե դրսում՝ կապ չունի»:

Մեր ճշտող հարցին՝ ծնողներն ասում են՝ երեխայի, այսպես ասած՝ վզակոթին մի հատ տալը բռնություն չէ, դաստիարակչություն է, Վրաստանում նման դեպքի համար ծնողին պատասխանատվության կենթարկե՞ն, Ամերիջիբին պատասխանում է. «Իսկ եթե այդ ծնողի վզակոթին մի հատ տան, դուրը կգա՞: Դուրը չի գա: Երեխան փոքր է, բայց նա էլ այնպիսի մարդ է, ինչպես ցանկացած չափահաս մարդ, երեխաներն էլ իրավունքներ ունեն, եւ կան որոշակի զսպիչ գործիքներ: Նախ՝ այդ թեթեւ հարվածելը պերմանենտ գործողություն է, եթե դրա նպատակը մարդուն կառավարելն է, ենթարկելը, նվաստացնելն է, սա բռնություն է: Իսկ կոնֆլիկտ մարդկանց միջեւ միշտ էլ եւ ամենուր լինում է, դա այլ բան է: Բռնությունն այլ է՝ երբ մարդը բռնանում է ընտանիքների անդամների վրա: Ասենք, տղամարդը եկավ, ու ամբողջ ընտանիքը պետք է դռների մոտ շարք կանգնած դիմավորի, հողաթափերը մատուցեն, ընտանիքում գլխավորն ինչ ասի՝ բոլորը պետք է ենթարկվեն, հակադարձելու իրավունք չունեն»:

Եթե անգամ օրենքի ընդունումից հետո ընտանեկան բռնության դեպքերը չեն նվազել Վրաստանում, սակայն Ամերիջիբին վստահեցնում է՝ մարդկանց գիտակցությունն է փոխվել, եւ սկսել են մտածել ընտանեկան բռնություն երեւույթի մասին, եւ նախկինում ինչը նորմ էր, այսօր դա բացասական երեւույթ են ընկալում. «Հիմա իրենց պապերի պես չեն մտածում, թե իսկական տղամարդը նա է, որը կնոջն իր տեղն է ցույց տալիս: Նախկինում փողոցում երեխայի հետ զբոսնող տղամարդ չէինք տեսնի, հիմա կան: Նախկինում ամոթ էր, որ տղամարդն իր երեխային գրկեր: Հիմա, երբ տղամարդը ամաններ է լվանում, լվացք է անում, ճաշ պատրաստում, չեն ծաղրում նրան, հիմա սա նորմալ են ընդունում: Նախկինում նման բան անելը արժանապատվությունից ցածր էր համարվում: Հասարակությունն աստիճանաբար փոխվում է»:

Նշենք, որ տիկին Ամերիջիբին օրերս Հայաստան էր այցելել՝ ներկայացնելու իրենց աշխատանքային փորձը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

18.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031