Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրար սիրող, հյուրասեր ընտանիք են»,- մսի դանակով կնոջը դանակահարած ամուսնու մասին ասում է համայնքապետը

Հոկտեմբեր 19,2017 16:42

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10-ի սահմաններում, Լոռու մարզի Մեծավան համայնքի բնակիչն իրենց տան խոհանոցում, միս կտրելու դանակով հարվածել է կնոջը`նրան  մեղադրելով իր և քույրերի միջեւ ստեղծված լարված հարաբերությունների մեջ: Դրա հետեւանքով 54-ամյա կինը ստացել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:

Դեպքից հետո կինը տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն. «Կինը հիվանդանոց է ընդունվել միջին ծանրությամբ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով: Կատարվել է վիրահատություն: Այսօր բավարար վիճակով դուրս է գրվել հիվանդանոցից»,- տեղեկացրեց բժշկական կենտրոնի վիրաբույժ Արման Երիցյանը:

Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ կատարվածից ամբողջ գյուղն է զարմացած: Գյուղապետի խոսքով, ընտանիքում երբեւէ վեճ ու խնդիրներ չեն եղել: Այժմ ամուսինները միայնակ են ապրում, երեխաները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում. «Համեստ, իրար սիրող, հյուրասեր ընտանիք են: Դուռ-դրկիցի հետ լավ, հարգող, սիրող, ինքն էլ շրջապատի տղա է: Զարմանալի է, պատճառն էլ չգիտենք, թե ինչն է եղել, որ նման բան է արել»:

Գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել վիճաբանության արդյունքում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031