Լրահոս
Օրվա լրահոսը

«20 տոկոս աննորմալ ընտանիքներ բուժելու համար, կարող ես ավանդական ընտանիքների կորուստ ունենալ». Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2017 20:11

Հանրային խորհրդում Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի շուրջ քննարկում է կազմակերպվել:

Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց, որ ինքն ուսումնասիրել է այլ երկրների փորձը եւ այս մասով օրենսդրությունը. «Չինաստանում ընտանիքների 25 տոկոսում բռնություն է  տեղի ունենում, ՌԴ-ում տարեկան 14 հազար կին ու երեխա է սպանվում ընտանեկան վեճերի պատճառով: Վիճակը սարսափելի է եւ համաշխարհային պրոբլեմ է արդեն: Միակ հիմնական  պատճառն այն է, որ կապված է սոցիալականի հետ, ալկոհոլի, թմրադեղերի հետ: Բայց կան նաեւ հասարակական կարծիքի խնդիր, այն, էր ընտանիքից դուրս չի կարելի հանել խնդիրը եւ շատ անգամ ամեն մի ընտանիք մի մութ անկյուն է, մի փոքր պետություն է եւ այդ պետությունների մեջ կան լիբերալներ, կան ազգային ավանդույթով առաջնորդվող պետություններ, բայց մի 20 տոկոսն էլ ռազմաֆեոդալական համակարգեր են, որտեղ մեկն անպատիժ է ու ինչ ուզի՝ կարող է տանն անի»:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ բնական է, որ ինչ-որ օրենքներ պետք է լինեն, որ կսահմանափակի այդ անպատժելիին: Այդպիսի օրենքներ կան բոլոր երկրներում, ըստ պարոն Մանուկյանի եւ բոլորն էլ պատժում են այդպիսի արարքները: Բայց, պարզվում է, որ այդ օրենքների մեծ մասը չեն կարողանում աշխատեցնել. «Չինաստանում 25 տոկոս ընտանիքներում բռնություն է լինում, բայց տարեկան հայտնում է բռնության մասին 40-50 հազար մարդ, չինացիների մեջ դա չնչին թիվ է կազմում»:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ ընտանեկան բռնությունների դեմ օրենսդրական դաշտում բաց է առաջանում:  Նրա խոսքով՝ «Արեւմուտքը մեզ համար մեծ օրինակ չի, որովհետեւ մենք տեղ-անտեղի մի քիչ բացասական ենք վերաբերվում Արեւմուտքի ընտանիքներին, տեսնում ենք, որ մեր ընտանիքներն ավելի ամուր են: Եթե Արեւմուտքի օրինակը, կա, դա քիչ է մեզ ոգեւորում, որ պետք է մեր մոտ էլ այդ օրենքն ընդունենք»:

Վազգեն Մանուկյանը նախագծում վտանգներ տեսնում է. «Դու, փաստորեն, մի հատ օտար մարմնի թույլ ես տալիս միջամտել ընտանեկան գործերի մեջ, որը շատ վտանգավոր է: 20 տոկոս աննորմալ ընտանիքներ բուժելու համար, դու կարող ես ռիսկի ենթարկես, ավանդական ընտանիքների կորուստ ունենաս: Դրա համար այդ օրենքը պիտի լինի շատ նուրբ, ինչ-որ կետից այն կողմ ներս չմտնի: Դու ունե՞ս վստահություն պետական հասարակական մարմինների վրա, որ իրենց թույլ տաս միջամտել ընտանիքի պրոբլեմին: Մի պրոբլեմ էլ կա չարաշահումների: Տեղական իշխանությունը մեկին չի սիրում՝ դրա ընտանիքը արդեն կմտնի զուտ քաղաքական հալածանքների տեղ կթողնի, դա էլ պիտի հաշվի առնես»:

Վազգեն Մանուկյանը Իսրայելի օրինակը բերեց. «Այնտեղ էլ ամուսինների դեմ կանայք բողոքում են անհիմն, որովհետեւ նյութական օգուտներ կան: Բայց իրենց օրենքում հստակ ձեւավորված է, որ եթե դու սխալ տեղեկություն ես տվել, ապա դու պատժվելու ես, այդ կանանց պատժում են՝ տուգանքի ենթարկելով, չնայած սա չեմ հասկանում, եթե կինը չաշխատի, մեկ է, ամուսինն է էլի վճարելու»:

Մեր նախագծում մյուս վտանգը, որ տեսնում է Վազգեն Մանուկյանը, այն է, որ կան սահմանափակումներ, որոնք դատարանի միջոցով չեն հաստատվում. «Ընդհանրապես Հայաստանը մի թերություն ունի օրենքներ ընդունելուց, եթե պետք է սարում հողը վարել, իրենք մի հատ դրսից Ferari են առնում ու սկսում են սարի հողը վարել: Դու օրենքը սկզբում ընդունիր այնպիսին, որը համապատասխանում է քո երկրի պրոբլեմին, թող անցնի 3-4 տարի, առաջացան նոր պրոբլեմներ՝ օրենքը զարգացրու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031