Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի քարոզչական «աճպարարությունը»՝ Ժնեւի հանդիպմանն ընդառաջ

Հոկտեմբեր 20,2017 12:00

Ալիեւը դիմեց «հնարքի»՝ փորձելով ցույց տալ, թե բանակցությունների է գնում Ադրբեջանի համար առաջատար դիրքերից

Հոկտեմբերի 16-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման կազմակերպումը՝ գրեթե մեկուկես տարի դադարից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավոր նպատակն էր:

Դեռ ապրիլյան պատերազմ սանձազերծելուց առաջ Ալիեւը տեւական ժամանակ հետեւողականորեն աշխատում էր բանակցային գործընթացը փակուղում պահելու ուղղությամբ` ռազմական ճանապարհով հարցի լուծման քարոզչություն իրականացնելով: Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո Ալիեւի նպատակը սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների իրագործումը վիժեցնելն էր, մեկ տարուց ավելի պաշտոնական Բաքուն այդպես էլ համաձայնություն չտվեց միջնորդների այդ պահանջին՝ դրանք ներկայացնելով որպես հայկական կողմի «նախապայմաններ»:

Ի՞նչ մթնոլորտում կազմակերպվեց Սարգսյան-Ալիեւ հանդիպումը:

Նյու Յորքում սեպտեմբերի 22-23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հարցը։ «Խորհրդակցությունների հիմնական նպատակը հակամարտության գոտում այժմ տիրող իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացն ակտիվացնելու ճանապարհներ գտնելը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպում նախապատրաստելը: Համանախագահներն ակնկալում են, որ այդ հանդիպումը կնպաստի կողմերի միջեւ վստահության աճին, եւ նրանք քաղաքական կամք կդրսեւորեն խնդրի առանցքային հարցերի փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին աշխատելու համանախագահների հետ՝ մոտ ապագայում արդյունավետ հանդիպում կազմակերպելու համար»,- ասվում էր միջնորդների հայտարարության մեջ: Այս հայտարարության մեջ չնշվեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները հարգելու պահանջի մասին:

Հոկտեմբերի առաջին շաբաթը համանախագահներն արդեն տարածաշրջան ժամանեցին: Ի դեպ, հոկտեմբերի 4-ին Արցախ էր այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերը, իսկ հոկտեմբերի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր աջակցությունը հայտնել կոնգրեսականներ Բրեդ Շերմանի եւ Դեւիդ Չիչիլլինի հարցումներին։ «Պետդեպարտամենտը պաշտպանում է դիպուկահարներին հետ քաշելու, ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ գործարկելու եւ շփման գծին ու հայ-ադրբեջանական սահմանին հաղորդիչներ տեղակայելու առաջարկները։ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի մասնակից է, որն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը, որը, մեր կարծիքով, կկրճատի բռնության թիվը հակամարտության գոտում»,- ասել էր Թիլերսոնը։

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել էր պետքարտուղար Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է Արցախում «հնարավորինս արագ եւ հանգամանալից» ականազերծման աշխատանքներն ավարտին հասցնելուն։ Պետքարտուղար Թիլերսոնը հաստատել էր պետդեպարտամենտի աջակցությունն առաջարկով, որը ներկայացրել էին Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ դեմոկրատ Էլիոթ Էնգելը։ Օրենսդիրները կոչ են արել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, ընդլայնել սահմանին մշտադիտարկումը եւ կրակահերթի հայտնաբերման համակարգեր տեղակայել։

Ալիեւը դիմեց «հնարքի»՝ փորձելով ցույց տալ, թե բանակցությունների է գնում Ադրբեջանի համար առաջատար դիրքերից: Իրականում նրա քայլը ակնհայտորեն արդարանալու նոտաներ էր պարունակում՝ այն առումով, թե ինչու է մեկ տարի առաջ պատերազմ սանձազերծած, տարիներ շարունակ բանակցային գործընթացից հիասթափված ու ԵԱՀԿ Մինսկի խումբը ժամանակ առ ժամանակ անարգանքի սյունին գամող Ադրբեջանի ղեկավարը կրկին բանակցությունների գնում:

«Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ հավելելով. «Հայաստանը, տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով, ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»:

Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Հիշեցնենք, որ մինչ Բաքու այցելելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելել էին Երեւան եւ հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Քննարկել էին Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցերը, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին:

Բաքվում ավարտելով իրենց տարածաշրջանային այցը՝ համանախագահները փաստեցին, որ Սարգսյանն ու Ալիեւը պատրաստակամ են վերսկսել բանակցությունները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նշեցին, որ հոկտեմբերի 6-ին հանդիպում ունենալով Հայաստանի, իսկ հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահի հետ` նպատակ են ունեցել ավարտին հասցնել երկու նախագահների հանդիպման նախապատրաստման աշխատանքներն ու հստակեցնել քննարկվելիք հարցերի շրջանակը: «Երկու նախագահներն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով»,- համատեղ հայտարարության մեջ արձանագրեցին միջնորդները: Երեւանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը միջնորդները, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել էին «Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իրականում ենթարկվելով որոշակի ճնշման՝ իր համաձայնությունը տվեց Ժնեւում Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու: Ալիեւը հոկտեմբերի սկզբին Բաքվում Եվրամիության պատվիրակության հետ հանդիպմանն արդեն քարոզչական «հնարք» էր բանեցրել՝ ասելով. «Մեզ թվում է՝ Հայաստանը վերադառնում է բանակցային գործընթաց, եւ դա շատ կարեւոր հարց է», սակայն եւ բարձրաձայնել էր Բաքվի համար ցանկալի դիրքորոշումը՝ ընդգծելով. «Հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունների նկատմամբ Եվրամիությունը պետք է նույն դիրքորոշումը ցուցաբերի, հակառակ պարագան կընդունվի որպես երկակի մոտեցումների ցուցաբերում»:

Բանակցությունների գնացող Ադրբեջանի ղեկավարը, որքան մոտենում էր Ժնեւի հանդիպումը, ավելի էր ջղաձիգ դառնում: Նա պահանջում էր միջազգային հանրությունից պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ. «Եթե Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին, լուրջ պատժամիջոցներ այդ երկրի նկատմամբ, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը եւ հումանիտար նորմերը, հնարավոր է, որ հակամարտությունը վաղուց լուծված լիներ: Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության նման չափավոր քաղաքականությունը նրանց մոտ այնպիսի պատկերացում է ստեղծում, որ իրենք կարող են շարունակել անօրինական մնալ մեր հողերում»,- Եվրախորհրդի պատվիրակության հետ հանդիպմանն ասել է Ալիեւը` կոչ անելով ԵԱՀԿ Մինսկի խմբին ուժեղացնել Հայաստանի վրա ճնշումը:

Անհրաժեշտ քարոզչական մթնոլորտ ձեւավորելով Ադրբեջանի «հաղթական» իմիջի շուրջ Ժնեւի հանդիպումից առաջ՝ միաժամանակ Ալիեւը չէր թաքցնում դժգոհությունը եվրոպական կառույցներից: Ադրբեջանը տոտալիտար երկիր ներկայացնելու եւ երկիրը մրոտելու փորձերը գալիս են որոշակի շրջանակներից, որոնք հետաքրքրված չեն զարգացմամբ եւ ձգտում են իշխել Ադրբեջանում՝ ասել էր Ադրբեջանի նախագահը ԵՄ խորհրդի քաղաքականության եւ անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակության հետ հանդիպմանը. «Այդ շրջանակները ջանում են ներկայացնել Ադրբեջանը որպես տոտալիտար, ավտորիտար երկիր, որտեղ ոտնահարվում են իրավունքներն ու խախտվում ազատությունները։ Այդ միտումը շարունակվում է իմ՝ նախագահ ընտրվելու օրից»։ Նա «մրոտման արշավի» հեղինակներ էր անվանել «հայկական լոբբին, մի շարք ՀԿ-ներն ու որոշ շրջանակներ, որոնք չեն կարողանում իրենցից ցանկալին ստանալ»։ Ապա Ալիեւն արդարացել էր, թե իբր Ադրբեջանում ապահովվում են բոլոր ազատությունները. «Մամուլի եւ հավաքների ազատության սահմանափակման մասին խոսք լինել չի կարող, ընդդիմությունը պարբերաբար հանրահավաքներ է անցկացնում։ Ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա դրանք տեղի են ունենում ցանկացած երկրում։ Ինչ վերաբերում է ոստիկանական բռնությանը, կարող եմ ասել, որ դուք Ադրբեջանում նման բան չեք տեսնի»։

Ալիեւը հարկ էր համարել անդրադառնալ նույնիսկ Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորությանը՝ նկատելով, թե երկրում հանրային կարծիքը Եվրոպայի խորհրդի մասին այնքան էլ դրական չէ։ «Ադրբեջանի դեմ նպատակաուղղված հարձակումները հիասթափություն են առաջացնում, նպաստում այնպիսի մտքերին, թե «մեր ինչին է պետք այդպիսի կազմակերպությունը»։ Կասեմ Ձեզ բացահայտ՝ եթե Ադրբեջանը լքի Եվրոպայի խորհուրդը, ոչ ոք դրան նշանակություն չի տա։ Մեր կյանքում ոչինչ չի փոխվի, մենք չենք սկսի ապրել ո՛չ ավելի լավ, ո՛չ ավելի վատ, ո՛չ ավելի հարուստ, ո՛չ ավելի աղքատ»,- ասել էր Ալիեւը։

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 19.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031