Լրահոս
Օրվա լրահոսը

Գծատերերը եթե ստվերում չաշխատեն, տրանսպորտը կկանգնի՞ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2017 15:02

Վերջին երկու տարում ոչ շահութաբերության պատճառով մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը սպասարկող 15 երթուղի է փակվել: Այսօր այս մասին «Բլից ինֆո» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Հիշեցնենք, որ պարոն Եղիազարյանը կողմ էր տրանսպորտի վարձը 150 դրամ դարձնելուն` պատճառաբանելով, որ գծատերերը չեն տեղավորվում այդ ուղեվարձի մեջ եւ վնասներով են աշխատում:

Այսօր Հրանտ Եղիազարյանն ասաց, որ վերջին 4 տարում Երեւան քաղաքում միկրոավտոբուսային երթուղիները ոչ մի նոր շարժակազմով չեն համալրվել, մինչդեռ միկրոավտոբուսի շահագործման ժամկետը 4 տարի է. «Գրեթե բոլորը հասել են այդ տարին ու անցել են: Այդ մարդիկ, որոնք ուզում են իրենց բիզնեսը պահեն, մտածում են` այս եղածն է ոչնչանում, չեն հասցնում նորոգեն, իմաստը որն է, որ նոր շարժակազմ բերեն»:
Մանրամասները` տեսանյութում

Այն դիտարկմանը, թե սովորական տնտեսվարողների գծերն են փակվել, այլ ոչ թե պաշտոնյայի կամ օլիգարխի, Հրանտ Եղիազարյանն ասաց, որ բացարձակ նշանակություն չունի, «Սերժ Սարգսյանի երթուղին էլ կփակվեր, եթե լիներ անշահութաբեր»:

Aravot.am-ի հարցին, թե գուցե գծատերերին ստվերից են հանել, այդ պատճառով էլ գերշահույթները պակասել են եւ երթուղիները փակվել են, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Չի բացառվում, այո: Այն բնագավառներում, որտեղ աշխատում են ավելացված արժեքի հարկով, նրանց վիճակը քիչ թե շատ ավելի բարվոք է, քան նրանցը, որոնք աշխատում են հաստատագրված վճարով: Հաստատագրված վճարով աշխատելու դեպքում մեքենան աշխատում է, թե չի աշխատում, նրա հարկուտուրքը պետք է տաս»:

Հրանտ Եղիազարյանի գնահատմամբ, այս ոլորտում ստվերը կազմում է 5 տոկոս: Հարցրինք նաեւ, թե վարորդի վրա գծատիրոջ կողմից դրված գծի պլանը ստվերում է, թե ոչ: Հրանտ Եղիազարյանն ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել. «Ենթադրենք ստվերում է, գծատերն իր բոլոր հարկ ու տուրքերը վճարում է, ինչքան վերցրեց վարորդից, դա վարորդի ու իր խնդիրն է, դրա համար, անգամ, եթե ստվերում է, դա չի ազդում ոչ մի բանի վրա»:

Մեր այն դիտարկմանը, թե վարորդին գրանցում են ցածր աշխատավարձով, բայց իրականում նա ստանում է 150-200 հազար աշխատավարձ, այսինքն` գծատերերը խուսափում են հարկեր վճարելուց, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Բոլորը գիտեն այդ մասին եւ հարկային մարմինները, բոլորը, որովհետեւ, եթե բարձրացնենք, ճիշտ թվի վրա դնենք, տրանսպորտը կկանգնի»:

Հրանտ Եղիազարյանը նաեւ անդրադարձավ խցանումների խնդրին: Նրա խոսքով՝ խցանումներից խուսափելու համար պետք է երթեւեկությունը ճիշտ կազմակերպել: Մեր քաղաքը նախատեսված չէ այսպիսի ծանրաբեռնված երթեւեկության համար. «Երբ տրասնպորտային միջոցը առաջին կարմիր լուսացույցի տակ կանգնում է, դրանից հետո եթե մեքենան ուղիղ է երթեւեկում սահմանված արագությամբ, անհրաժեշտություն չի լինում կարմիր լույսի տակ նորից կանգնել: Դրա շնորհիվ նաեւ օդի աղտոտումը կնվազի»:

Միասնական տրանսպորտային ցանցին անցնելու դեպքում էլ, որը նախատեսվում է ներդնել 2018-ից, Հրանտ Եղիազարյանն ասաց, որ մի կետից մյուսը հասնելու համար 100 դրամ է պահանջվելու, սակայն եթե տոմսի վրա նշված ժամանակի սահմաններում երթեւեկեն: Այդ ժամանակը դեռեւս հստակեցված չէ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031