Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ համագործակցություն կարող է լինել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ-ների միջև

Հոկտեմբեր 20,2017 17:30

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել էր Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների ղեկավարներին` Ալեքսանդրի Բաստրիկինին և Իվան Նոսկևիչին:

Համաձայն ՀՀ նախագահի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության՝ ՌԴ և Բելառուսի ՔԿ ղեկավարները Երևան էին ժամանել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով:

Սարգսյանը, ըստ հաղորդագրության, կարևորել էր իրավապահ մարմինների միջև սերտ և ամենօրյա համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը խրախուսում է տարբեր ոլորտներում գործընկեր երկրների պետական կառույցների միջև մասնագիտական սերտ շփումներն ու փորձի փոխանակումը:

Ի՞նչ համագործակցություն

Ճակատագրի հեգնանքով կամ զուգադիպությամբ նույն օրը հայտնի դարձավ, որ ռուսական բանտում մահացել է հայ բարերար Լևոն Հայրապետյանը, ում դեմ Ռուսաստանում 2014 թվականից բավական կասկածելի քրեական գործեր էին հարուցվել: Չնայած պաշտպանող կողմերի բոլոր փաստարկներին, որ Հայրապետյանը լրջագույն առողջական խնդիրներ ունի, նրան, այնուամենայնիվ, շարունակել էին պահել բանտում՝ այդպիսով, փաստացի, նպաստելով բարերարի անժամանակ մահվանը:

Լևոն Հայրապետյանի դեմ քրեական հետապնդումները Ռուսաստանում տեղի էին ունեցել հենց Ալեքսանդրի Բաստրիկինի պաշտոնավարման ընթացքում: Հենց ՌԴ քննչական կոմիտեն էր Հայրապետյանին մեղադրանքներ առաջադրել, որոնք այդպես էլ ամբողջությամբ չէին հաստատվել: Այդպիսով, Սերժ Սարգսյանը Երևանում Հայրապետյանի մահվան օրն ընդունել և համագործակցության մասին էր զրուցել մի պաշտոնյայի հետ, ով ուղիղ առնչություն ունի Հայրապետյանի մահվան հետ:

Դեռևս չի մոռացվել նաև հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը, ում անցած տարվա դեկտեմբերին ձերբակալել էին Բելառուսում, ապա նաև արտահանձնել Ադրբեջանին: Չնայած միջազգային բացասական արձագանքին առ այն, որ Լապշինին Ադրբեջան արտահանձնելն անթույլատրելի է, բելառուսական իրավապահ մարմինները, այնուամենայնիվ, իրականացրեցին արտահանձնումը: Բլոգերին, ում Ադրբեջանը մեղադրում էր Արցախ այցելելու և իբր ադրբեջանական սահմանն ապօրինի խախտելու մեջ, Բաքվում ամիսներ շարունակ պահեցին բանտերում: Սերժ Սարգսյանը, փաստորեն, Երևանում հանդիպել էր մի մարդու հետ, ով պատասխանատու էր Լապշինի արտահանձման գործողության համար:

Ըստ այդմ, հարց է առաջանում՝ այդ ի՞նչ համագործակցության մասին է խոսել Սարգսյանը Բաստրիկինի և Նոսկևիչի հետ, արդյո՞ք հաջորդ հայ հասարակական գործչին ռուսական բանտերում կորցնելու, թե՞ հաջորդ բլոգերին Ադրբեջանին արտահանձնելու համար: Այս հարցը չէր ծագի, եթե պաշտոնական հաղորդագրությունում հիշատակվեր, որ այս ցավոտ թեմաները գոնե ինչ-որ կերպ բարձրաձայնվել են: Սակայն նման հիշատակում չկա:

Ի՞նչ ձևաչափ է սա

Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիան, խոստովանենք, բավական տարօրինակ հարթակ է: Եթե դա վերաբերում է ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, ապա ո՞ւր են մնացած երկրները, ասենք Թուրքմենստանը կամ Ուզբեկստանը:

Եթե հարթակը ԵԱՏՄ շրջանակներում է, ապա ո՞ւր են, օրինակ, Ղազախստանը և Ղրղզստանը: Իսկ եթե ՀԱՊԿ շրջանակներում է, ապա չի երևում Տաջիկստանը:

Ռուսաստանը և Բելառուսը բացի եվրասիական վերոնշյալ ինտեգրացիոն ծրագրերից ունեն երկկողմանի համագործակցության ուրույն ձևաչափ, որը կոչվում է «միասնական պետություն»: Հայաստանն այդ միության անդամ չէ: Ավելին, այդ միությունը հանդես չի գալիս որպես արտաքին քաղաքականության առանձին սուբյեկտ, ուստի Հայաստան և Ռուսաստան-Բելառուս միասնական պետություն ձևաչափն էլ հնարավոր չէ:

Այդուհանդերձ, նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների միջև փաստաթղթերը ստորագրվել են Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Բելառուս ձևաչափով:

Եվ նորից հարց է ծագում՝ ինչո՞ւ է հենց այս երկրների ՔԿ-ների հետ հանդիպում Սարգսյանը և բանակցում համագործակցության մասին, որը փաստացի չի գործում և հայկական շահերին առնչվող հարցերում արդյունք չի տալիս:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031