Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Եթե անգամ մեկ հոգի աշխատանք է գտնում աշխատանքի տոնավաճառի ընթացքում, դա արդեն ինչ-որ չափով ձեռքբերում է»

Հոկտեմբեր 20,2017 17:36

Շինարարությամբ և գովազդային վահանակների պատրաստման զբաղվող «Ռիկոլ-Էդգա» ՍՊԸ-ն մեկն էր այն ընկերություններից, որոնք Սևանում կազմակերպված աշխատանքի տոնավաճառում ներկայացնում էին գործունեության շրջանակները` առաջարկելով թափուր աշխատատեղեր:

«Ռիկոլ-Էդգա» ՍՊԸ-ի տնօրեն Կորյուն Աբրահամյանը տևական ժամանակ փնտրում է էլեկտրաեռակցողի և փականագործի մասնագիտություններ ունեցող անձանց և մասնակցությունն էլ այս տոնավաճառին, ինչպես նշեց նա, խոստանում է լինել արդյունավետ:

ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքի հերթական տոնավաճառը, որն անցկացվեց Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում, մի հարկի տակ էր հավաքել 28 գործատուների և աշխատանք փնտրողների:

Սևան քաղաքի և տարածաշրջանի, Գավառի, Ճամբարակի գործատուները սպասում էին թափուր աշխատատեղերը լրացնող մարդկանց, իսկ աշխատանք փնտրողներն էլ աշխատաշուկան մասամբ ուսումնասիրելու լավ հնարավորություն ունեին:

Զբաղվածության պետական գործակալության Սևանի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Սամվել Ենոքյանի փոխանցմամբ` սա նպատակային միջոցառում է: «Եթե անգամ մեկ հոգի աշխատանք է գտնում աշխատանքի տոնավաճառի ընթացքում, դա արդեն ինչ-որ չափով ձեռքբերում է»,- ասում է Սամվել Ենոքյանը:

2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Սևան քաղաքում 1180 է, գործազուրկների թիվը` 962: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 91 աշխատանք փնտրող:

Աշխատանքի տոնավաճառի ընթացքում 1180-ից 350 աշխատանք փնտրող ծանոթացավ տարբեր ընկերությունների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կողմից առաջարկվող 55 թափուր և 24 սպասվելիք աշխատատեղերի ցանկին:

«Ծովագյուղի հացի գործարան» ՍՊԸ-ն ներկայացել էր ոչ միայն իր առկա թափուր և սպասվելիք աշխատատեղերի ցանկով` խմորեղենի մասնագետ, վաճառող, տնտեսագետ, հաշվապահ, հավաքարար, այլ նաև կազմակերպել էր իր համեղ ու բազմազան արտադրանքի ցուցադրություն:

Սևանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրինությունն էլ կարիք ունի միանգամից 5 հոգեբույժի: Իհարկե, տոնավաճառի ընթացքում դժվար թե հաջողվեր հայտ ստանալ հոգեբույժից, սակայն սա լավ առիթ էր այդ ինֆորմացիան տարածելու համար:

Ինչպես նշեց աշխատանքի տոնավաճառին մասնակցող Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը` սա աշխատանք փնտրողների համար հնարավորություն է հանդիպել մասնագետների, աշխատողների պահանջ ունեցող գործատուներին, ծանոթանալ առաջարկվող աշխատանքին և ընդհանրապես աշխատաշուկայի միտումներին:

Իսկ միտումները բավականին ընդգրկուն էին. ավանդական և կրկնվող մասնագիտություններին զուգահեռ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը միանգամից 8 թափուր հաստիք էր ներկայացրել` բուսաբանի, կենդանաբանի, անտառագետի, խեցեգործի, գնումների գծով մասնագետի, անվտանգության աշխատողի:

Ազգային պարկի ներկայացուցիչները հավատացնում էին, որ եթե այսօր չլրացվեն թափուր աշխատատեղերը, միևնույն է առկա ինֆորմացիան արագ կտարածվի, որովհետև սա լավագույն հարթակ է ինֆորմացիայի տարածումն ապահովելու համար:

Իհարկե, կային մասնագիտություններ, որոնք տոնավաճառի ընթացքում չգտան հասցեատերեր, ոմանք էլ իրենց առկա մասնագիտություններով չկարողացան գտնել թափուր աշխատատեղեր, սակայն ունեցան լավագույն հնարավորություն աշխատաշուկայի միտումներն ուսումնասիրելու, վերաորակավորման, շփումների, ինչպես նաև զբաղվածության գործակալության կողմից իրականացվող ծրագրերին ծանոթանալու համար:

Աշխատանքի տոնավաճառը վեր հանելով ներկայիս պահանջները` տալիս է նաև հնարավորություն եզրահանգումների. տարիների սովորածը, որոշ մասնագիտությունների ձեռքբերումը ոչ մի կերպ չեն տեղավորվում փոքր քաղաքների աշխատաշուկայի սահմաններում:

Սրա կողքին կան մասնագիտություններ, որոնց պահանջարկը օրախնդիր է: «Լիհնիտիս» ՍՊԸ-ն, որն զբաղվում է նաև գարեջրի արտադրությամբ, փնտրում էր գարեջրագործի: «Ծովագյուղ ՃՇՇ» ՍՊԸ տնօրինությունը կարիք ուներ բետոնագործի, իսկ «Ռիկոլ-Էդգա» ՍՊԸ-ի տնօրենը ոչ միայն փնտրում էր, այլ նաև գտավ էլեկտրաեռակցողի, որին առաջարկվեցին աշխատանքային նպաստավոր պայմաններ և բարձր աշխատավարձ: Եվս երկու աշխատանք փնտրող հենց տոնավաճառի ընթացքում գտան իրենց աշխատանքային հասցեն:

Զբաղվածության պետական գործակալության Սևանի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Մելիք Ներսիսյանը տեղեկացրեց, որ 72 աշխատանք փնտրող էլ լրացրել է հայտ, որը կուսումնասիրվի, կխմբավորվի և իրենց միջոցով կապ կպահպանվի գործատուի և աշխատանք փնտրողի միջև:

Աշխատանքի տոնավաճառի ընթացքում մի շարք գործատուներ ԶՊԾ-ի կողմից արժանացան շնորհակալագրերի` զբաղվածության տարածքային կենտրոնի հետ արդյունավետ համագործակցության համար:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031