Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու «ճռճռան շենքն» ու Թոփալ Տիկոյի կարած ճռճռան կոշիկները (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2017 17:59

Գյումրու կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում մի քանի օր առաջ Շիրակի թեմի առաջնորդարանի կողմից բացվեց հոգևոր գրքերի գրատուն։ Այն տեղակայված է գյումրեցիներին հայտնի «ճռճռան շենքում», ուստիև քաղաքի կոլորիտը ցուցադրելու նպատակով անվանել են «Ճռճռան գրատուն»։ Շիրակի մարզպետի խորհրդական, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի ներկայացմամբ՝ Գյումրու «Ճռճռան» ու «Լոդկա» շենքերի ճարտարապետը եղել է Հովհաննես Քաջազնունին, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետը։

Հասմիկ Կիրակոսյանի ասելով՝ «ճռճռան շենքում» տեղակայված են եղել քաղաքի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը, ընթերցարանն ու գրապահոցը։ Ավետիք Իսահակյանն իր ձեռքով է բացել գրադարանը, որը 60 տարի շարունակ գործել է այդ շենքում։ Քաղաքի բոլոր հայտնի մտավորականները հավաքվել են այնտեղ։ Շենքը երկրաշարժից հետո վերանորոգվել է ու մարզպետի որոշմամբ տրվել է Շիրակի թեմի առաջնորդարանին։ Գյումրեցիների հիշողության մեջ «ճռճան շենքը» մնացել է նաև իր խանութով։ Գրադարանի ու խանութի մուտքերը եղել են տարբեր կողմերից։

«Ճռճռանը խանութ էր, բայց ոչ սովորական, որովհետև քաղաքի կենտրոնում էր գտնվում՝ Կիրովի փողոցի վրա, աստիճաններով, որ բարձրանում էիր՝ մուտքն էր, ձախ կողմում օծանելիքի բաժինն էր, դիմացը՝ կտորեղենի։ Միշտ մարդաշատ էր այդ խանութը։ Մարդիկ, որ առևտուր էր չունենային անելու, մի հատ պիտի մտնեին, պտտվեին այդ խանութում, դուրս գային. ինչո՞ւ, որովհետև մանրահատակը ճռճռան էր։ Իհարկե, խոսք էր գնում, թե սովետական շինարարները վատ էին կառուցում, դրա համար էր ճռճռան, ո՛չ, այդպես չէ, այն ժամանակ ունևոր մարդկանց բնակարաններում, իսկ ունևորների ու չունևորների միջև այդքան խիստ տարբերություն չկար, չունևոր երևի թե չկար էլ, այնպես էին անում, որ իրենց տան հատակը ճռճռար, որովհետև դա ձայնային իմաստով հրաշք էր, և քայլելը հաճելի էր, երաժշտության ձայն էր արձակում։ Հատակի վրա թեփ էր փռված, որպեսզի մանրահատակը չփչանար, որովհետև անձրևային էր լինում, ձյուն էր լինում, թաց էր լինում, բայց ինչ եղանակ էլ լիներ, ներս էիր մտնում, այդ թեփի վրայով քայլում։ Իսկ հավաքարարը շատ արագ այդ թեփը հավաքում էր, ուրիշ թեփ էր փռում, որպեսզի խանութը մնար մաքուր»,- պատմում է Հասմիկ Կիրակոսյանը։


Ըստ նրա, գյումրեցիները շատ են սիրել անշունչ առարկաներին շունչ հաղորդել․ Գյումրու կոլորիտին հատուկ են եղել նաև ճռճան կոշիկները։ «Ղարաչուխալի տղեքը՝ լավ, անունով տղամարդիկ, որ քայլում էին, կոշիկների ճռճռոցը լսում էիր։ Այն ժամանակ սիրուն տղամարդիկ շատ էին մեր քաղաքում, հիմա մանրացել են, մի տեսակ խեղճացել են, երևի որ աշխատանք չունեն, մի քիչ կծկվում են, այն ժամանակ չունեցողն էլ հպարտ քայլվածք ուներ։ 5-րդ երաժշտականի հետևի մասում մի կոշկակար կար, կաղ էր, «Թոփալ Տիկո» էին ասում, որ հարցնում էիր՝ որտեղի՞ց կոշիկներդ, ասում էին «Թոփալ Տիկոյի» մոտ եմ կարել տվել։ Ինքը հատուկ կոշիկներ էր կարում, որը հատուկ ճռճռոց էր հանում, նա ճռճան կոշիկների ամենահմուտ վարպետն էր։ Գյումրեցի տղամարդիկ այդ կոշիկներին ասում էին՝ կոֆեսմալակոմ, ի նկատի ունեին կոֆեի ու կաթի գույների խառնուրդը։ Տղամարդը դեռ տուն չհասած՝ հեռվից լսվում էր նրա կոշիկների ճռճռոցը։ Գյումրեցիներին հատուկ էր ճռճռան կոշիկ հագնելը։ Մարդ կա ասում էր՝ օսլա էինք լցնում կոշիկների մեջ, որպեսզի չորանա, հաջորդ օրը հագնենք, ճռճռար։ Դա մարդկանց համար եղել է և հաճույք, և ներկայացման ձև, գյումրեցին ընդհանրապես սիրել է, որ իրեն տեսնեն, որ իր տեսակը թաքույց չմնա, դրա համար են ասում լոպազ է, գլուխգովան են, այո՛, ցուցադրվող բաներ ունենք մենք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031