Լրահոս
Օրվա լրահոսը

«Վլադիկը, ձեռքից բռնել էր աղջկաս ասելով՝ վառելու է մեր տունը, բոմբ է գցելու, մեր ընտանիքը վերացնելու է». Մանսուրյանի դատը

Հոկտեմբեր 20,2017 18:09

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի դատական նիստն էր:

Այս անգամ ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանն է մեղադրանք ներկայացրել կնոջ դեմ՝ այն բանի համար, որ անցյալ տարվա ամռանը գիշերը ժամը 1-ի սահմաններում շենքի դիմաց Վլադիկ Մարտիրոսյանի՝ իր որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է եւ ճանկռել է նրա պարանոցը՝ պատճառելով իրեն ֆիզիկական ցավ: Մեկ ուրիշ օր էլ ճանկռել է Վլադիկ Մարտիրոսյանի թեւերը, ձեռքերը եւ պատճառել մարմնական վնասվածք:

Դատարանում մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց, որ Թագուհի Մանսուրյանի մոր՝ Կարինե Մանսուրյանի կողմից տրված բացատրությունները դատարանը ճանաչի ապացույց, քանի որ Կարինե Մանսուրյանն արդեն մահացել է:

Պաշտպանական կողմն առարկեց՝ ասելով. «Եթե անգամ դատարանը որոշի ապացույց ճանաչել, հետագայում Կարինե Մանսուրյանը չի հարցաքննվել, անկախ պատճառներից, նշված բացատրությունը որեւէ նշանակություն չի կարող ունենալ»: Մեղադրող դատախազն էլ հակադարձեց, որ «անձը մահացած է, որեւէ գործողություն չէինք էլ կարող անել»:

Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել եւ Կարինե Մանսուրյանի բացատրությունները ճանաչել որպես ապացույց: Ըստ բացատրության, Կարինե Մանսուրյանը հայտնում է, որ Վլադիկը հաճախ այցելել է իրենց տուն եւ անհանգստացրել: Նա նկարագրում է վիճաբանությունները. «Երբ աղջիկս հասավ տուն, կրկին վիրավորեց, սկսեց հայհոյանքներ տալ Վլադիկը, ձեռքից բռնել էր աղջկաս ասելով՝ «Վառելու է մեր տունը, բոմբ է գցելու մեր տան մեջ եւ մեր ընտանիքը վերացնելու է»:

Բացատրությունում նշված է, որ ամուսնու ձեռնափայտով նա մի քանի հարված է հասցրել Վլադիկ Մարտիրոսյանին, իսկ աղջիկը որեւէ կերպ չի հարվածել: Կինը հայտնել է, որ Վլադիկի սպառնալիքները, որ վառելու է տունը, բոմբ է գցելու, իրական սպառնալիք է դիտում: Նա պահանջել է, որ Վլադիկին իր արարքների համար ենթարկեն քրեական պատասխանատվության:

22.06.16թ.-ին տրված բացատրությունում էլ Կարինե Մանսուրյանը նշում է, որ իր դուստրն ու Վլադիկ Մարտիրոսյանը դատարանով ամուսնալուծվել են, նշված է եղել տեսակցությունը, ալիմենտի չափը: ԴԱՀԿ-ի կողմից տուգանք է նշանակվել Թագուհուն այն բանի համար, որ Վլադիկ Մարտիրոսյանի սադրանքների պատճառով չի ցանկացել որդուն տանել Վլադիկի մոտ տեսակցության. Ըստ բացատրության, «Ժողովի ժամանակ Վլադիկն ասել է՝ «Կտաք մանկատուն, ոչ ինձ, ոչ ձեզ»:Կինը նշում է, թե ինչպես է իրենց շենքի մոտ Վլադիկը սեռական բնույթի հայհոյանքներ տեղացել իրենց հասցեին, տեսել է, թե ինչպես է նախկին փեսան փորձում հարձակվել իր ամուսնու վրա: Ոստիկանները միջամտել են, հրավիրել Շենգավիթի ոստիկանության բաժին:

Պահանջել են, որ Վլադիկին արգելեն իրենց տան մոտ գալ:

Մեկ այլ բացատրությունում Կարինե Մանսուրյանը պատմում է, թե ինչպես են հայտնվել անելանելի վիճակում, չեն իմացել Վլադիկի Մարտիրոսյանի հետ ինչպես վարվել: Հաղորդում են տվել ոստիկանություն՝ հայտնելով. «Վլադիկ Մարտիրոսյանի սպառնալիքները՝ կսպանի, կմորթի, կվերացնի, ես ընդունում եմ իրական, քանի որ իր արարքներով նա ապացուցում է դրանք»:

Բացատրություններից մեկում էլ Կարինե Մանսուրյանը հայտնում է, որ «Ամուսնալուծությունից հետո Վլադիկը մեզ հանգիստ չի տալիս, ծեծի է ենթարկում աղջկաս: Շարունակում է մեզ անհանգստացնել, գրեթե ամեն օր՝ գիշեր-ցերեկ գալիս է մեր տան մոտ»: Ստիպված կինը դիմում է գրել ոստիկանապետին, որ պարտավորեցնեն Վլադիկ Մարտիրոսյանին իրենց չանհանգստացնի. «Վլադիկը լկտի խոսքերով վիրավորում է աղջկաս, հեռախոսով նկարում՝ իբր իր համար փաստեր էր հավաքում, չէր հեռանում մեր տան մոտից, անգամ հասավ մեր տան մոտ, ձայնից երեխան արթնացավ, նա ամեն կերպ ուզում էր հասնել նրան, որ մենք հարվածեինք: Եթե հաջորդ անգամ էլ դա պատահի՝ ինչով պատահի հարվածելու եմ»:

Ինչ վերաբերում է Վլադիկ Մարտիրոսյանի պնդմանը, թե Թագուհին իրեն ճանկռել է, մայրն էլ հարվածել՝ Կարինե Մանսուրյանը նշում է. «Դա ամբողջությամբ սուտ է եւ իրականությանը չի համապատասխանում, դա մեծ վարպետ է՝ ստեր հորինելու, բանսարկու է, շանտաժիստ: Ես նշել եմ այդ օրն ինչ է եղել, ես մի կերպ երեխային էի հանգստացնում, չէի կարող նրան հարվածել, դա անում է նրան համար, որ սեպտեմբերին կայանալիք դատական նիստի ժամանակ իբր փաստեր ունենա մեր դեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031