Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կացնահարված Թագուհի Մանսուրյանը պնդում է՝ արհեստական իր եղունգներով չէր կարող քերծել իրեն կացնահարող ամուսնուն

Հոկտեմբեր 20,2017 18:55

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի դատական նիստը:

Այս անգամ ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանն է մեղադրանք ներկայացրել կնոջ դեմ՝ այն բանի համար, որ անցյալ տարվա ամռանը գիշերը ժամը 1-ի սահմաններում շենքի դիմաց Վլադիկ Մարտիրոսյանի՝ իր որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է եւ ճանկռել է նրա պարանոցը՝ պատճառելով իրեն ֆիզիկական ցավ: Մեկ ուրիշ օր էլ ճանկռել է Վլադիկ Մարտիրոսյանի թեւերը, ձեռքերը եւ պատճառել մարմնական վնասվածք:

Այս նիստում պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց, որ քրգործում ընդգրկեն ոստիկանության բոլոր այն գրությունները, որոնք ստացել է Թագուհի Մանսուրյանը, երբ ամեն դեպքից հետո դիմել է ոստիկանություն ու պահանջել, որ նախկին ամուսնուն պարտավորեցնեն իրեն այլեւս չանհանգստացնի: Օրինակ, Շենգավիթի բաժնի պետ Հովհաննիսյանի գրությունը կար Թագուհու մոր՝ Կարինե Մանսուրյանին, ըստ որի «Վլադիկ Մարտիրոսյանը զգուշացվել է՝ ձեզ չանհանգստացնելու համար»: Բացատրություններից մեկում Վլադիկ Մարտիրոսյանը իր ձեռագրով գրել էր՝ «պարտավորվում եմ, որ չանհանգստացնեմ»: Այս փաստաթղթերը կցվեցին գործի նյութերին:

Թագուհի Մանսուրյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որ դատահետքաբանական փորձաքննություն նշանակվի՝ պարզելու համար՝ արդյո՞ք իր արհեստական եղունգները կարող էին Վլադիկ Մարտիրոսյանին պատճառել այն վնասվածքը, որի մասին նա պնդում է մեղադրանքում: Թագուհի Մանսուրյանը դատավորին բացատրեց, որ բնական եղունգով ճանկռելու դեպքում, միգուցե առաջանար քերծվածք, բայց ինքը միշտ արհեստական եղունգներով է: Դատավորը սկսեց մանրամասն հետաքրքրվել, թե ինչ նյութից է Մանսուրյանի արհեստական եղունգը՝ գել է, ակռիլ է, չորանալուց հետո ինչ է լինում:

Թագուհի Մանսուրյանի պաշտպան Անժելա Հոբոսյանն ասաց, որ Թագուհի Մանսուրյանը մի քանի անգամ նախաքննական մարմնին առաջարկել է, պնդել է, որ իր եղունգները փորձաքննության ենթարկեն ու ոնց էլ լինի՝ եղունգի տակ արյան որեւէ հետք կլինի ու կկարողանան ապացուցել՝ արդյո՞ք եղունգներից է եղել քերծվածքը, թե՞ ոչ, մինչդեռ նախաքննական մարմինը չի նշանակել որեւէ փորձաքննություն: Հոբոսյանի խոսքով՝ «Այն եղունգները, որոնք Թագուհին ունեցել է, մինչեւ հիմա կան, տեսագրություններ կան, որ նա նույն եղունգն է կրում եւ դատարանը, եթե հիմա փորձաքննություն նշանակի, կարող է պարզվել՝ արդյո՞ք արհեստական եղունգը կարող է հետք առաջացնել, ճանկռել»:

Մեղադրող դատախազն ասաց. «Եթե գելով եք լցրել, անընդհատ ծորո՞ւմ է, չորացված կտոր է, ճի՞շտ է: Ես չունեմ փորձագետի հմտություններ, բայց հասարակ տրամաբանություն է, որ չոր ինչ-որ նյութը, որը, ըստ էության պլաստմասի նման է, սուր եզրեր ունի, հնարավոր է վնասել»:

Պաշտպանը պնդեց, որ դատավորն այնուամենայնիվ նշանակի փորձաքննություն. «Ի վերջո պարզ կլինի՝ կարո՞ղ էր Թագուհի Մանսուրյանն այս եղունգներով վնասվածք հասցնել Վլադիկ Մարտիրոսյանին: Կարինե Մանսուրյանն էլ է նշել բացատրությունում, որ Թագուհին ոչ մի բան չի արել, իր ձեռքերը բռնած է եղել Վլադիկը, հազիվ մտել է տուն»:

Ինքը՝ Վլադիկ Մարտիրոսյանը Թագուհի Մանսուրյանի եւ նրա պաշտպանի ներկայացրած բոլոր միջնորդություններին առարկում էր՝ ասելով, թե ճանկռել է, իրեն վնասել է եւ որդուն թույլ չի տվել տեսնել:

Դատավորը որոշեց եղունգների փորձաքննության հարցի մասին որոշում կայացնել հաջորդ նիստում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031