Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Շամշյան և Գագիկ Սուրենյան

Հոկտեմբեր 22,2017 12:00

Չնայած մեր վերնագրում այս երկու անձնավորությունների անուններն ու ազգանունները կողք-կողքի գրեցինք, այդուհանդերձ, այս երկուսն իրար հետ որևէ կապ ու որևէ առնչություն չունեն, ավելի ճիշտ՝ իրար հետ այնքան առնչություն ունեն, որ երկուսն էլ ճանաչված ու հանրահայտ անձնավորություններ են, և տողերիս հեղինակը նրանց ներկայացնելու անհրաժեշտություն բացարձակապես չի տեսնում:

Այս երկուսն իրար հետ կապ ունեն նաև նրանով, որ երկուսն էլ մեր նորագույն ժամանակներն են ներկայացնում ու արտացոլում, և երկուսն էլ մեր նորագույն ժամանակներն արտացոլելով ու ներկայացնելով՝ խորհրդային ժամանակներում ապրածներիս հիշել են տալիս, որ, չնայած Խորհրդային միությունն աշխարհի հզոր պետություններից մեկն էր, բայց շատ հարցերում ու շատ բնագավառներում ակնհայտորեն էր թերանում: Հենց թեկուզ օդերևութաբանության մեջ:

Խորհրդային օդերևութաբանները ռադիոյով, հեռուստատեսությամբ ու մամուլում հաջորդ օրվա համար տաք և արևոտ եղանակ էին կանխագուշակում, բայց հաջորդ օրը անձրև ու տեղատարափ էր լինում: Կամ հակառակը՝ հաջորդ օրվա համար անձրև էին խոստանում, բայց հաջորդ օրը շոգից խաշվում էինք:

Չենք ասում թե՝ Գագիկ Սուրենյանի օդերևութաբանական կանխատեսումներն ու կանխագուշակությունները հարյուր տոկոսանոց ճշմարտություններ են, բայց որ Գագիկ Սուրենյանի ունկնդիրները հիմնականում հավատով են վերաբերվում նրա օդերևութաբանական կանխատեսումներին ու խոստումներին, դա փաստ է:

Նաև փաստ է, որ Գագիկ Սուրենյանի օդերևութաբանական կանխատեսումները հիմնականում իրականանում են, երբեմն այնաստիճան, որ ժողովուրդը երբեմն նույնիսկ Գագիկ Սուրենյանին է մեղադրում տհաճ կանխատեսումների և օդերևութաբանական «բայղուշության» համար: Սուրենյանի օդերևութաբանական կանխատեսումների համեմատական ճշգրտությունը հակված ենք վերագրել նաև ժամանակակից օդերևութաբանական գիտության զարգացմանն ու կատարելագործմանը: Սուրենյանի համատարած ժողովրդականությունը հակված ենք վերագրել նաև այն հանգամանքին, որ վերջինս իր բնագավառում, փաստորեն, անփոխարինելի է, եթե չասենք՝ միակը:

Իր «բնագավառում» անփոխարինելի ու եզակի է նաև գագիկ Շամշյանը: Շամշյանի «բնագավառը» նույնպես խորհրդային տարիներին չէր փայլում: Այն տարիներին ժողովուրդն ու հասարակությունը իրազեկվում էր ու տեղյակ էր լինում միայն այն պատահարների ու հանցագործությունների մասին, որոնց վերաբերյալ պետական լրատվամիջոցներն ու տեղեկատվական միջոցները հղորդումներ ու տեղեկատվություն էին տարածում: Իսկ այն ժամանակ անխտիր բոլոր լրատվամիջոցներն էին պետական :

Եթե այսօր էլ անխտիր բոլոր լրատվամիջոցները պետական լինեին, արտակարգ պատահարներից ու զանազան հանցագործություններից քչերի մասին կտեղեկանայինք: Մանավանդ եթե զանազան կայքերից ու մասնավոր լրատվամիջոցներից բացի՝ գոյություն չունենային անձամբ Գագիկ Շամշյանի կայքն ու հաղորդումները:

Փաստորեն, Գագիկ Շամշյանը մասնավոր անձ է, որի հաղորդումներն ու տեղեկատվությունը մարդկանց հավատ է ներշնչում, և, փաստորեն, սույն Շամշյանի մատուցած տեղեկատվությանը մարդիկ ավելի են վստահում ու հավատում, քան՝ պետական լրատվամիջոցների մատուցածին: Իբրև լրացում նշենք, որ, փաստորեն, Գագիկ Սուրենյանն էլ է մասնավոր անձ և մասնավոր լրատվամիջոցի ներկայացուցիչ: Ստացվում է, որ իրականում մասնավոր լրատվամիջոցների մատուցած տեղեկատվությունն անհամեմատ ավելի հավաստի է, քան՝ պետական լրատվամիջոցներինը:

Այսուհանդերձ, երկու Գագիկների վայելած ժողովրդականությունը ոչ միայն այս երկուսի մատուցած տեղեկատվության արգասիքն է, այլև, ընդ որում՝ առաջին հերթին այս երկուսի մատուցած ծառայության «բնագավառները»՝ հանցագործություններ և եղանակի տեսություն:

Քչերին է հայտնի, որ Շամշյանը նաև մշակութային թեմաներով է գրում, ընդ որում՝ բավական հաճախ և բավական հետաքրքիր: Քչերին է հայտնի, որովհետև ընթերցողներից շատերին հետաքրքրում են Շամշյանի հիմնական թեմաները՝ հանցագործություններ և արտակարգ պատահարներ, որտեղ գագիկ Շամշյանն իսկապես անգերազանցելի ու անփոխարինելի է: Կարճ ասած՝ Գագիկ Շամշյանի, որոշ չափով նաև Գագիկ Սուրենյանի վայելած ժողովրդականությունը նաև մեր ընթերցողների, ունկնդիրների ու ակնդիրների ճաշակի ու նախասիրության արդյունք ու հետևանք է:

Եթե մեր լրատվական կայքերի լրագրողները ստիպված են իրենց հոդվածներին ու նյութերին սրամիտ ու սենսացիոն վերնագրեր դնել, որպեսզի ընթերցողներ ու «լայքեր» վաստակեն, Գագիկ Սուրենյանն ու մանավանդ Գագիկ Շամշյանը դրա կարիքը չեն զգում. այս երկուսի անուններն ու ազգանունները հաջողությամբ փոխարինում են ամենասենսացիոն վերնագրերին: Սենսացիոն վերնագրերի թեման միանգամայն այլ ու առանձին թեմա է, որին արժե հանգամանալից անդրադառնալ և առաջիկայում անպայման կանդրադառնանք:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

«Առավոտ»

21.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031