Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը կունենա նորակառույց շենք` Վերածննդի հրապարակում

Հոկտեմբեր 22,2017 10:13

Արցախի պետական պատմաերկրագիտական  թանգարանը կունենա նորակառույց շենք, որը կհամապատասխանի թանգարանային գործունեության պահանջներին:  Տեղափոխվելուց հետո այն  կվերանվանվի արդեն Արցախի պատմության պետական թանգարան: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը:

«Թանգարանը  հիմնադրվել է խորհրդային տարիներին` 1939 թվականին: Այդ ժամանակներում խորհրդային միությունում առավել ընդունված էր երկրագիտական թանգարանների հիմնումը: 1991 թվականին` անկախության հռչակումից հետո, թանգարանի առաքելությունը փոխվեց, պատմաերկրագիտական զուգակցությունից մենք անցանք ավելի շատ Արցախի պատմության ներկայացմանը: Գրեթե հիմնովին փոխվեց նաև  ցուցադրությունը , որի հիմնական նպատակներից մեկը Արցախի պատմության փաստացի և հնարավորինս հանրամատչելի ներկայացնելն է»,- պարզաբանում է Մելանյա Բալայանը:

Թանգարանի առաջին հարկում ցուցադրվում են Արցախին վերաբերող տարատեսակ գտածո նմուշներ` հնագույն ժամանակներից սկսած, հաջորդաբար մինչ նոր ժամանակներ: Իսկ երկրորդ հարկը  ամբողջությամբ բովանդակում է 20-րդ դարի և 21-րդ դարասկզբի իրադարձությունները` լուսանկարների, տարբեր փաստաթղթերի և այլ նմուշների տեսքով: Ինչպես նշում է թանգարանի տնօրենը` ընդհանուր ցուցադրվում է ավելի քան 630 նմուշ:

Ինչ  վերաբերում է թանգարանի շենքին, ապա Մելանյա Բալայանը նշում է, որ  այն հիմա  վթարային վիճակում է և չի համապատասխանում թանգարանային գործունեության պայմաններին.  «Խորհրդային տարիներին այս շենքը կառուցվել էր որպես բնակելի շենք: Սակայն հետո առաջին հարկը հատկացրել են թանգարանի համար, ապա ավելի ուշ նաև երկրորդ հարկը, քանի որ մինչ այդ երկրորդ հարկում  բնակվում էին ընտանիքներ: Այս խնդիրը բնականաբար բավականին ժամանակ կանգնած էր մեր իշխանությունների ուշադրության կենտրոնում և արդյունքում այսօր թանգարանի համար նոր շենք է կառուցվում Վերածննդի հրապարակում: Շինարարական աշխատանքները արդեն սկսվել են, և նորակառույց շենքը  պատրաստ կլինի առաջիկա երկու տարիների  ընթացքում»:

Խոսելով թանգարանի այցելուների վերաբերյալ թանգարանի տնօրենն ընդգծում է, որ տարվա կտրվածքով ունենում են ավելի քան 14 հազար այցելու, որոնց մեջ ծանրակշիռ թիվ են կազմում արտասահմանցի զբոսաշրջիկները` շուրջ 8-9 հազար: «Շատ են եղել դեպքեր, երբ թանգարան այցելած արտասահմանցի զբոսաշրջիկները խոստովանել են, որ մինչ այստեղ գալը ադրբեջանական քարոզչության ազդեցության տակ ունեցել են այլ պատկերացում Արցախի մասին, սակայն, գալով Արցախ՝ նրանց պատկերացումը ամբողջովին փոխվել է: Եվ այդ գործում մենք ևս պետք է նպատակային աշխատենք»,- շեշտում է Մելանյա Բալայանը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031