Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները հեգնեցին՝ ինչո՞ւ են ԱԺ-ում Լուսնի անվտանգության հարց քննարկում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2017 12:38

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց Կառավարության հեղինակած՝ «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Ինչպես զեկուցեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը, եթե ՀՀ-ն վավերացնի այս համաձայնագիրը, կստանձնի պարտավորություններ առ այն, որ արգելվում է Լուսնի վրա ցանկացած ուժի գործադրումը եւ սպառնալիքը, իսկ թռիչքների դեպքում՝ միջուկային եւ զանգվածային ոչնչացման այլ զենքի կիրառումը: «ՀՀ-ն պարտավորվում է նաեւ ձեռնարկել միջոցներ՝ Լուսնի վրա գտնվող անձանց կյանքը եւ առողջությունն ապահովելու համար»-տեղեկացրեց փոխնախարարը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանն այս համաձայնագրի վավերացումից, եթե ֆինանսական պարտավորություն չի ստանձնելու: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նկատեց՝ մեր երկիրը հնարավորություն կունենա օգտվելու տիեզերական հետազոտությունների փաթեթից եւ արբանյակ ուղարկելու տիեզերք. «Մեր առնվազն երկու հարեւաններ ունեն սեփական տիեզերական ծրագրեր: Թուրքիան վերջերս հայտարարեց հավակնող տիեզերական ծրագրի մասին, Ադրբեջանն էլ ունի արբանյակներ, որովհետեւ վավերացրել է այս կոնվենցիաները»:

Արտակ Զեյնալյանը պնդեց՝ ինչո՞ւ հենց հիմա է հարցը քննարկվում, ինչո՞ւ նախորդ գումարման ԱԺ-ում այս հարցը չի եղել: «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ շարունակեց՝ հանրությունն ի՞նչ կմտածի, երբ լսի, որ ԱԺ-ում Լուսնի անվտանգության հարց են քննարկում, ուստի արդյոք դա ամենահրատապ խնդի՞րն է:

Ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հիշեցրեց՝ ՄԱԿ-ի անդամ Հայաստանը միջազգային հանրության առջեւ պարտավորություններ է ստանձնել, ինչն էլ ենթադրում է նշյալ համաձայնագրի վավերացումը. «Չեմ կարծում, որ սա այն խնդիրն է, որը պետք է սուր քննարկման առարկա դարձնենք»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանն էլ նկատեց՝ միշտ էլ կարելի է տալ հարցը, թե «ինչու հենց հիմա»:

Պատգամավորներն արձանագրեցին՝ համաձայնագիրը վավերացնելուց հետո տիեզերք արբանյակ ուղարկելն, իհարկե, անմիջապես հնարավոր չէ, բայց ՀՀ-ն կկարողանա իր երկրի ներկայացուցչին ուղարկել տիեզերք:

Համաձայնագիրը վավերացնելու օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդունվեց ԱԺ օրակարգ:

Մանրամասն ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031