Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ նավ չունենք, ի՞նչ հարց տանք». ԱԺ-ում վիճարկեցին ՀՀ-ի «ծովային հնարավորությունները» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2017 13:22

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց նաեւ Կառավարության հեղինակած՝ «Միջազգային ծովային կազմակերպության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը զեկուցեց, որ համաձայնագրի վավերացումը ՀՀ-ին հնարավորություն կտա առանց այլ երկրների կողմից խտրականության դրսեւորումների՝ միջազգային նավափոխադրումներ իրականացնել. «Համաձայնագրին միացել են 172 պետություններ: Հայաստանի կողմից դրա վավերացումը կլինի միջազգային ծովային փոխադրումներ կազմակերպելու ուղղությամբ առաքին քայլը: Սա կբերի ծովային փոխադրումների զարգացման»:

Փոխնախարարը հավելեց, որ միայն համաձայնագիրը վավերացնելու դեպքում ՀՀ-ն կկարողանա սեփական դրոշով նավ ունենալ:

«Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց՝ եթե ՀՀ-ն հնարավորություն ունենա վարձակալելու նավահանգիստ, ի՞նչ է դա տալու մեզ: Զեկուցողը պատասխանեց՝ ճիշտ է, ՀՀ-ն ելք չունի դեպի ծով, բայց համաձայնագիրը վավերացրած 18 երկրներ նույն խնդիրն ունեն. «Ծովային փոխադրումներով զբաղվում են ոչ միայն այն երկրները, որոնք ելք ունեն դեպի ծով: ՀՀ-ն միանում է այս համաձայնագրին, որպեսզի իրականացնի ծովային փոխադրումներ, եթե, օրինակ, գործարարները դա ցանկանան»:

Հանձնաժողովականները հիշեցին, որ ժամանակին ՀՀ-ն երկու նավ ուներ, որոնք գրանցված էին սեւծովյան նավահանգիստներից մեկում, սակայն դրանց ճակատագիրը պարզ չէ: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հիշեց, որ նավերից մեկը խորտակվել է Խաղաղ օվկիանոսում: Քննարկումն այսքանով ավարտվեց:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ճշտեց՝ «հարցեր այլեւս չկա՞ն»: Արմեն Ռուստամյանն էլ հեգնեց. «Որ նավ չունենք, ի՞նչ հարց տանք»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ առաջնահերթ խնդիրը նավ ունենալ-չունենալը չէ. «Կարեւորը քո երկիր առաքվող բեռների ապահով անցումն է: Եթե ունես քո դրոշով նավ, նավահանգիստը պարտավոր է այն ընդունել: Համաձայնագիրը բացառում է խտրական վերաբերմունքն ապրանքաշրջանառության առնչությամբ»:

Համաձայնագիրը վավերացնելու օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդունվեց ԱԺ օրակարգ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031