Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Միրզոյանը, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունք է դրսևորել ուսանողների հանդեպ, ինչից հետո որոշել է հեռանալ. ՀՊՏՀ ռեկտորատ

Հոկտեմբեր 23,2017 17:47

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանի հրապարակային հայտարարության առնչությամբ

Փ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Միրզոյանը հոկտեմբերի 20-ին հանդես է եկել հրապարակային գրառմամբ՝ տեղեկացնելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսի պաշտոնից իր ազատվելու մասին՝ միևնույն ժամանակ «զարմանքն ու հիացմունքն արտահայտելով համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի կողմից իր դիմումին օպերատիվորեն արձագանքելու» առնչությամբ: Այնուհետև պրոֆեսորի շարադրանքի ներքո ծավալվել են բուռն քննարկումներ, մինչդեռ գլխավոր հարցը՝ ի՞նչ է պատահել իրականում, անտեսվել է: ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի դիրքորոշումը, որպես կանոն, անհեթեթ հայտարարություններին չարձագանքելն է, ինչը թյուրիմացաբար կարող է տպավորություն ստեղծել, թե բուհի և ռեկտորի մասին հրապարակումները համապատասխանում են իրականությանը: Այս դեպքն էլ կարելի էր անտեսել, եթե չլիներ ակնառու բացթողում՝ ինչո՞ւ է Վալերի Միրզոյանը դիմում ներկայացրել, ինչի՞ շուրջ է աղմուկը և, որ ավելի ցավալի է, հնչում են անհիմն քննադատություններ և գնահատականներ, որոնք կա՛մ սխալ հասցեով են, կա՛մ չեն համապատասխանում իրականությանը:

Վալերի Միրզոյանը, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունք է դրսևորել ուսանողների հանդեպ, ինչից հետո որոշել է հեռանալ: Ի դեպ, համալսարանի կոլեկտիվը զարմացած է նրա այդ արարքից: Ինչ վերաբերում է նրան, թե իրեն պատժում են քննադատությունների համար, ապա ոչ ոք երբևէ չի լսել, որ նա համալսարանի ղեկավարության և ռեկտորի հասցեին որևէ քննադատական խոսք ասի, կամ վատաբանի: Մանրամասնենք, թե ինչ է եղել իրականում:

Եվ այսպես, համալսարանի կառավարման ֆակուլտետի 1-ին հոսքի, 1-ին կուրսի ուսանողները սույն թվականի հոկտեմբերի 16-ին դիմում են գրել ռեկտորին՝ շարադրելելով իրենց բողոքը, որում նշվում է. «Սույն թվականի հոկտեմբերի 13-ին ճարտասանության դասընթացի ժամանակ ի սկզբանե տվյալ առարկայի տվյալ դասախոսի՝ Վալերի Միրզոյանի դասագիրքը չունենալու պատճառով և պատճենահանված օրինակների օգտագործման պատճառով լարված մթնոլորտ է ստեղծվել, որի արդյունքում դասախոսը իրեն իրավունք է վերապահել աղջիկների ներկայությամբ վիրավորանքներ հնչեցնել, շեշտելով և դիմելով լսարանին՝ մարմնավաճառի հայացք և նմանատիպ անպատվաբեր խոսքերով: Խնդրում ենք համապատասխան գործողություններ կիրառել խնդիրը լուծելու համար»: Ուսանողների ստորագրություններով դիմումը ևս հրապարակում ենք՝ կից:

Բնականաբար, բուհի ղեկավարը չէր կարող անտեսել սույն դեպքը, և ուսանողների դիմումին սահմանված կարգով ընթացք է տվել՝ այն մակագրվել է ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտորին, պրոռեկտորն էլ հարցի ուսումնասիրումն ու քննարկումը հանձնարարել է ֆակուլտետի դեկանին և ամբիոնի վարիչին: Այս ամենից հետո Վալերի Միրզոյանը անակնկալ ձևով գնում է համալսարանի անձնակազմի կառավարման բաժին և աշխատանքից ազատման դիմում գրում, որին տրվում է համապատասխան ընթացք: Դիմումը գրելուց հետո պարոն Միրզոյանը դեկանի հետ այցելում է այդ նույն կուրս և փորձում պարզել, թե ինչու են ուսանողները դժգոհել իրենից, ինչին ի պատասխան ուսանողները բառացի հնչեցնում են դասախոսի ասածը: Վալերի Միրզոյանը, ուսանողների և դեկանի խոսքով, սկզբում հերքել է, թե նման բան է ասել, բայց հետո ավելացրել է, որ հնարավոր է՝ ասել է, նյարդերը տեղի են տվել և պատրաստ է ներողություն խնդրել:

Թե որքան լավ դասախոս է Վալերի Միրզոյանը և ինչպիսին է ուսանողների վերաբերմունքը նրա նկատմամբ, չենք քննարկում: Այս կուրսի ուսանողները ևս նշում են, որ իրենք գոհ են պարոն Միրզոյանի մատուցած գիտելիքից, սակայն դժգոհ են նրա վերաբերմունքից և անպարկեշտ խոսքերից: Ուսանողները նշում են, որ իրենց հաճախ խոզ է անվանել՝ ավելացնելով, որ իրենց առաջ շաղ է տալիս իր մարգարիտները: Վալերի Միրզոյանի մասին սա ուսանողների առաջին բողոքը չէ, նախորդ տարիներին ևս եղել են դժգոհություններ այն մասին, որ պարտադրում է ուսանողներին անպայման գնել իր գրքերը, սակայն դրանք չեն ստացել այսպիսի հանգուցալուծում: Վալերի Միրզոյանին որևէ մեկը չի ասել ազատման դիմում գրել, սա եղել է նրա որոշումը, որին, կրկնում ենք, օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել: Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե ինչո՞ւ ռեկտորը չի կանչել Վալերի Միրզոյանին իր մոտ, առնվազն տարակուսանք է առաջացնում:

Հիմա ինչո՞ւմն է խնդիրը, որ եղելությունը չի ներկայացվում և հնչում են մեղադրանքներ բուհի կառավարման, մթնոլորտի, առկա մյուս խնդիրների նկատմամբ ռեկտորի վերաբերմունքի մասին: Հարգելի պարոն Միրզոյան, Դուք էլ շատ լավ գիտեք, թե համալսարանում հատկապես վերջին տարիներին ինչպիսի դժվարությամբ և ինչ ահռելի աշխատանք է կատարվել: Կան բուհի գործունեությունը բնութագրող հստակ թվեր և ցուցանիշներ, թե համալսարանն ինչպիսի հաջողություններ է արձանագրել այս տարիներին: 6 տարում միայն խոշոր ծրագրերի թիվը հատում են 6 տասնյակի շեմը, և այդ ամբողջ աշխատանքն արվել է նյարդերի հաշվին, երբ ամեն լավ նախաձեռնություն փորձում են վարկաբեկել, նյութականացնել, անհատականացնել: Անհրաժեշտության դեպքում և այլ հրապարակմամբ պատրաստ ենք ներկայացնել նաև համալսարանում վերջին տարիներին կատարված աշխատանքները:

Ինչ վերաբերում է նրան, թե ռեկտորը չի ընդունում քննադատություններ, ապա, ինչպես արդեն նշեցինք, սա չի համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում է հենց պարոն Միրզոյանի նկատմամբ ցուցաբերված բարյացակամ վերաբերմունքը: Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել նման վերաբերմունքի մասին վկայող փաստեր՝ կապված նրա գործուղումներ մեկնելու, գիտահետազոտական նախաձեռնություններում, խմբագրական աշխատանքներում ներգրավվելու մասին:

Եվ այս ամենից հետո, պարոն Միրզոյան, երբ ինքներդ եք հայտնվել նման միջադեպի առանցքում, ինքներդ էլ որոշել եք ազատման դիմում գրել, ի՞նչ իրավունքով և ումի՞ց եք բողոքում: Իսկ թե որքան օպերատիվ է ռեկտորն արձագանքում համալսարանի խնդիրներին, դրա մասին Դուք չէ, որ պետք է դատեք: Բարի եղեք Ձեր քայլերի համար կրել անձնական պատասխանատվություն և ոչ թե արատավորել մի ամբողջ հաստատության բարի համբավը, որը ստեղծվել է բազմաթիվ բարձրորակ մասնագետների, բարեխիղճ աշխատակիցների և սրտացավ ղեկավարների շնորհիվ:

Սա, իսկապես, տհաճ և ցավալի իրողություն էր և, հուսով ենք, այլևս առիթ չենք ունենա անդրադառնալ այս հարցին:

ՀՊՏՀ ռեկտորատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031