Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական անորակ ապրանքների ներմուծումը սնանկացնում է հայ գործարարներին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2017 19:33

Այսoր Շիրակի առևտրաարդյունաբերական պալատում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով քննարկվեցին տեքստիլագործների հիմնախնդիրները։ Քննարկմանը մասնակցում էին տեքստիլագործությամբ զբաղվող մի քանի ձեռնարկությունների ղեկավարներ ու անհատ ձեռներեցներ։

«Ինչո՞ւ ենք կազմակերպել այս քննարկումը, նախ՝ տեքստիլագործությունը Շիրակի մարզում բավական ավանդույթներ ունի, բավականին լավ զարգացում կա այս ոլորտում և վարչապետը Գյումրի վերջին այցի ժամանակ խնդրեց առևտրաարդյունաբերական պալատին, որ ներկայացնի ոլորտի և կազմակերպությունների խնդիրները, որպեսզի աջակցություն կարողանան անել պետական մակարդակով։ Առևտրաարդյունաբերական պալատը տարբեր ծրագրեր ունի և առաջիկայում նախատեսում ենք տարբեր ծրագրերի մասնակցել տեքստիլագործության զարգացման բնագավառում, հետևաբար՝ պալատը շատ կարևորում է այս ոլորտի զարգացումը մարզում»,- ասաց Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Կարեն Պետրոսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Շիրակի մարզում տեքստիլարդյունաբերությամբ զբաղվող 14 մեծ ու փոքր ընկերություններ կան։

Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, «Լենտեքս» գործարանի հիմնադիր Կարեն Գոմցյանն էլ վստահ է, որ Գյումրին ունի բոլոր նախադրյալները թեթև արդյունաբերությունը զարգացնելու։ Նա միաժամանակ թվարկում է ոլորտում առկա խնդիրները։

«Թեթև արդյունաբերության խնդիրներից մեկը հումքի հեռավոր լինելն է, հումքը տեղում չկա, այն պետք է ներմուծել, դա մեծ խնդիր է։ Երկրորդ խնդիրը ժամանակակից սարքավորումների թանկարժեք լինելն է, որպեսզի արդիականացնեն տեխնոլոգիաները և սարքավորումները, հարկավոր են մեծ չափով ֆինանսներ։ Երրորդ խնդիրը, որը դարձյալ օբյեկտիվ խնդիր է՝ մեր ներքին շուկայի փոքր լինելն է, շուկայի ծավալը փոքր է, և բացի դրանից՝ շուկան փոքր է, պաշտպանված չէ դրսի ապրանքներից։ Մեր՝ Հայաստանի շուկան կարող է հեշտությամբ ներխուժել ապրանքներ Ռուսաստանից, որոնք շատ էժան են, Թուրքիայից, Չինաստանից։

Դրանք հավելյալ ռիսկեր են բերում գործարարին, գործարարը, ունենալով նաև ֆինանսներ, գտնում է, որ իր ապագան անորոշ վիճակում է։ Հաջորդ ռիսկը սուբյեկտիվ ռիսկ է, բիզնեսի վարման հմտությունները, բիզնեսի գիտելիքները, մարկետինգի հետ կապված հարցերը, մենեջմենթի հետ կապված հարցերը, որոնք վերաբերում են յուրաքանչյուր գործարարին։ Հմտություններ, որոնք շատ կարևոր են, եթե նախկինում փոքր ձեռնարկությունները կարող էին հեշտությամբ սպառել և շուկայում իրենց տեղը գտնել, հիմա այդպես չէ, շուկան գնալով ավելի փոքրանում է, շուկայում մնալ, տեղ գրավել և եկամուտ ստանալը շատ դժվարացել է, դրա համար այդ հմտությունները, գիտելիքները հարկավոր են», -ասաց Կարեն Գոմցյանը։

Նա նաև շեշտեց, որ Շիրակի մարզում գործարարը քիչ գումարով կարող է այսպես ասած գործ դնել․ մի կարի մեքենա վերցնել, դնել իր տանը ու սկսել աշխատել։ Սկզբի համար թեթև արդյունաբերության ոլորտում քիչ գումար է պետք։ Բացի այդ, ըստ գործարարի, Շիրակի մարզում այս ոլորտում չկա աշխատատեղերի խնդիր, առկա է էժան աշխատուժ։

Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի աշխատակցուհի Վարսիկ Նորիկյանն էլ ներկայացրեց այս խնդիրների շուրջ իր դիտարկումները։ Նա նշեց, որ ընկերությունների մի մասը պատվերներ ստանալու խնդիր ունեն, մյուսները՝ հումք ձեռք բերելու։ Մեծ խնդիր է նաև ներքին շուկայի փոքր ու ոչ գրավիչ լինելը։ Ըստ մասնագետի, արտաքին շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է ռազմավարություն մշակել։

«Հիմնական խնդիրներից է պահանջարկի պակասը, թողարկվող տեղական արտադրանքի նկատմամբ պահանջարկը բավարար մակարդակի վրա չի գտնվում։ Մյուս խոչընդոտներից է արտաքին շուկա մուտք ներգործելու խնդիրը, այստեղ կա ճանապարհածախսի խնդիր, իսկ ոլորտի զարգացման բեռը հիմնականում դրված է ընկերությունների վրա, պետության միջամտությունն ու աջակցությունը քիչ է։ Մեր ներքին շուկայում մրցունակության խոչընդոտներից է ներմուծվող արտադրանքը։ Երևի, առանձնացնեմ հենց չինական արտադրանքը, որն ավելի էժան է, ավելի անորակ, այսինքն` ժողովուրդը, լինելով ոչ գնողունակ, նախապատվությունը տալիս է գնին, հետո նոր որակին։ Նախապատվությունը տալիս են ներմուծված ու էժան արտադրանքին, քան տեղական, ավելի որակյալ ու թանկ արտադրանքին։

Մեր արտադրանքը վերջին տարիներին իր որակով բավական տարբերվում է ներմուծվող արտադրանքից, բայց փաստն այն է, որ առաջին տեղում ներմուծված արտադրանքն է, հատկապես չինական ու թուրքական արտադրանքը, որոնք ավելի էժան են, ավելի անորակ՝ համեմատած մեր տեղականին։ Ոլորտի չզարգացման մեջ իրենց դերակատարությունն ունեն նաև վաճառականները, որոնք ցանկանում են վաճառել ներմուծվող արտադրանքը, որը էժան է, որի վաճառքից իրենք շատ ավելի եկամուտ ու շահույթ կստանան, քան մեր տեղականը, որը մի փոքր թանկ է, և որի վաճառքից այնքան էլ մեծ շահույթ չի ակնկալվում։ Խնդիրներից է նաև հարկերի ու մաքսատուրքերի բարձր մակարդակը»,-ասաց մասնագետը։

Ըստ նրա, գյումրեցի արտադրողի խնդիրներից մեկն էլ այն է, որ իր արտադրանքը չի կարող սպառել մայրաքաղաքում, որովհետև այնտեղ կան նույն արտադրանքը արտադրող ավելի մեծ ընկերություններ։ «Ընդհանրապես թվարկված խնդիրների լուծման գործում պետությունը կարող է ցուցաբերել իր աջակցությունը տարբեր եղանակներով, ներմուծման մաքսատուրքերի չափը կրճատելով կամ Հայաստանի Հանրապետության տարածքից կաշվի հումքի արտահանումը խոչընդոտելով, քանի որ վերջին ժամանակաշրջանում ՀՀ-ում ևս արտահանվում է հենց տեղական կաշին»,-ասաց Վարսիկ Նորիկյանը։

Նշենք, որ խոսք գնաց նաև պետական մակարդակով տեքստիլ արտադրանքի ներմուծումը Հայաստան հավելյալ մաքսատուրք սահմանելու միջոցով նվազեցնելու մասին, սակայն կարծիքներ հնչեցին, որ օրինակ՝ ԵԱՏՄ տարածքից արտադրանքի ներմուծումը չեն կարող խոչընդոտել՝ գործում է միասնական մաքսային համակարգ։ Իսկ մյուս երկրների, օրինակ՝ Չինաստանի պարագայում կարող են, սակայն դա էլ իր բարդությունները կունենա։

«Այդ դեպքում էլ մի խնդիր առաջ կգա, եթե մի երկրին դու արգելում ես որոշակի ապրանքներ ներմուծել, դու ավելի գրավիչ ես դառնում ԵԱՏՄ շուկայի համար, այսինքն՝ այդ դեպքում էլ ԵԱՏՄ-ն է սկսում էժանագին ապրանքներով գրոհել քո երկրի վրա այդ նույն ապրանքով, այդ նույն խնդիրն է առաջ գալիս»,-ասաց Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի փորձագետ Ղարիբ Հարությունյանը։

Կարեն Գոմցյանն էլ մեջբերեց բելառուսական փորձը․ այս երկրում գործում է օրենք՝ համաձայն որի խանութները նմանատիպ արտադրանքի առկայության դեպքում պարտավորվում են 10-15 տոկոս ներկայացնել տեղական արտադրանքը։ «Նրանք այս ձևով են կարգավորել ներքին շուկան, այսպես են խրախուսել տեղական արտադրողին»,-ասաց Կարեն Գմոցյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031