Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Մխիթարյան միաբանության պատվիրակությանը

Հոկտեմբեր 23,2017 21:35

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մխիթարյան միաբանության 300 ամյակին նվիրված միջոցառումներից հետո նախարարությունում ընդունեց Մխիթարյան միաբանության պատվիրակությանը՝ Քահանայապետական պատվիրակ, Հայ Կաթողիկե եկեղեցու Թուրքիայի թեմի առաջնորդ Հայր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի գլխավորությամբ։

Պատվիրակության կազմում էին Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Եղիա վարդապետ Քիլաղբյանը, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդական տեղապահ Հայր Մեսրոպ վարդապետ Սյուլահյանը, Սուրբ Ղազարի վանահայր Հայր Սերովբե վարդապետ Չամուրլյանը և Հայաստանի Մխիթարյան կենտրոնի փոխտնօրեն Հայր Գևորգ վարդապետ Սարգսյանը։

Սփյուռքի նախարարը կարևորեց Մխիթարյան միաբանության դերակատարությունը հայ և եվրոպական արժեքների պահպանման և զարգացման գործում: Նա շեշտեց, որ հայ ժողովրդի բազմադարյա պատմության հոլովույթում նախադեպը չունեցող այս կառույցի պատկառելի և փառավոր հոբելյանը անկախ Հայաստանում առանձնահատուկ երևույթ է:

«Սուրբ Ղազար կղզին հայ հոգևոր մտքի մեծագույն ռահվիրա Մխիթար աբբահոր անմիջական ջանքերով ու տքնանքով վերածվեց Աստծո ու գիտության հետ հաղորդակցման բացառիկ տաճարի: Կարծում եմ, Մխիթարյան միաբանության 300 ամյակը պետք է նշել նաև Սփյուռքի տարբեր համայնքներում: Մխիթար աբբահայրն ու նրա հետևորդները երբեք չնահանջեցին խոչընդոտների ու դժվարությունների առջև ու չշեղվեցին իրենց առաքելությունն իրականացնելու ճշմարիտ ուղղուց: Վանականների ջանքերով իրագործվեցին եվրոպացի նշանավոր գիտնականների աշխատությունների հայերեն թարգմանություններ, հնագույն ձեռագրերի առաջին տպագրություններ, հայագիտական ուսումնասիրություններ, ստեղծվեցին գիտական ընդհանուր և ճյուղային բառարաններ, կրոնական, պատմական, լեզվաբանական, բնագիտական, տնտեսագիտական և այլ բնույթի աշխատություններ, որոնք հարստացրին ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քաղաքակրթության գանձարանը»,-նշեց նախարարը:

Հրանուշ Հակոբյանը հյուրերի հետ քննարկեց  Վենետիկում լույս տեսնող «Բազմավեպ» ամսագրի 175-ամյակի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների շարքը։ Անդրադարձ կատարվեց նաև համայնքներում Մխիթարյան դպրոցների շրջանավարտների հավաքներ կազմակերպելու, ինչպես նաև նրանց միավորող կառույց ստեղծելու հնարավորությանը։

Հանդիպման ավարտին նախարար Հակոբյանը ևս մեկ անգամ շնորհավորեց Հայր Լևոն Զեքիյանին ծննդյան օրվա կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ այսուհետ ևս շարունակվելու է մեծածավալ աշխատանքը Միաբանության հետ:

Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031