Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթի պատճառները Ադրբեջանում. BBC-ի անդրադարձը

Հոկտեմբեր 23,2017 23:30

Այսօր ավելի քան 1 մլն ադրբեջանցի ապրում է իր երկրի սահմաններից դուրս, իսկ այդ թվից ավելի քան 760 հազարը՝ Ռուսաստանում: Շուրջ 5000 ադրբեջանցիներ ռուսական անձնագիր են ստացել տարվա առաջին կեսին: Գործազրկություն, կայունության և անվտանգության բացակայությունը նրանց ստիպում ե լքել հայրենիքը, BBC-ի կայքում գրում է լրագրող Մագերամ Զեյնալովը:

Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը խոսում է դրական ներգաղթի մասին: Փորձագետներն այդ թվերին նայում են սկեպտիկորեն և զգուշացնում են որակավորված կադրերի կորստի մասին:

Պաշտոնականը «պլյուսով է»

Migration Policy Institute-ի համաձայն՝ այսօր 1 մլն 147 ադրբեջանցի ապրում է այլ երկրներում:

Նրանցից 767 հազարն ապրում է Ռուսաստանում, ևս 82 հազարը՝ Ուկրաինայում, 48 հազարը Ղազախստանում, 20 հազարն ԱՄՆ-ում, նույնքան՝ Ուզբեկստանում, ևս 19 հազարը Գերմանիայում և 17 հազարը՝ Թուրքիայում:

Միայն այս տարվա առաջին կեսին Ադրբեջանի ավելի քան 5000 քաղաքացիներ, ըստ Ռուսաստանի ՆԳՆ-ի, ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն:

Ռուսաստանի պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալներով՝ վերջին տասնամյակում Ադրբեջանից Ռուսաստան մտնողների թիվը տարեկան գերազանցում է Ռուսաստանից Ադրբեջան մտնողների թվին առնվազն 10 հազարով:

Այդուհանդերձ, Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը խոսում է բնակչության մշտական աճի և դրական միգրացիայի մասին:

Այսպես, Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի համաձայն՝ 2016թ. մշտական բնակության համար երկիրը լքել է ընդամենը 1700 մարդ, նույն նպատակով երկիր է եկել 3200 մարդ: Ընդ որում, դրական բալանսը անփոփոխ պահպանվում է 2008թ. ի վեր:

Սակայն մասնագետները սկեպտիկորեն են մոտենում այդ վիճակագրությանը: Տնտեսագետ Թողրուլ Մաշալլիի կարծիքով՝ Պետական վիճակագրական կոմիտեի դրական միգրացիոն տվյալները հազիվ թե արտացոլում են իրական դրությունը:

«Պետական վիճակագրական կոմիտեի նկատմամբ վաղուց կասկածներ կան՝ կապված նրանց միգրացիոն հաշվարկների հետ, որոնց համաձայն՝ դրական աճ կա,- ասում է տնտեսագետը:- Այդպես 1990-կաններին նրանք գրանցել էին միգրացիայի անհավանական ցածր մակարդակ»:

Նրա խոսքով՝ խնդիրը մեթոդաբանության մեջ է: «Եթե մարդը երկրից հեռանում է երկարաժամկետ ուսուցման նպատակով, նրանք դա չեն գրանցում, միգրանտներ չեն համարվում նաև նրանք, ովքեր երկար ժամանակ ապրում են, օրինակ, Ռուսաստանում, և ժամանակ առ ժամանակ այստեղ են վերադառնում»,- ասում է Մաշալլին:

«Խոսքը բացառապես նրանց մասին է, որոնք պաշտոնապես որպես իրենց հեռանալու պատճառ նշում են արտագաղթը, և հենց այդ պատճառով է, որ մեր վիճակագրությունը այդպես տարօրինակ կերպով չի համապատասխանում Ռուսաստանի ցուցանիշների հետ»,- մեկնաբանում է նա:

Քաղաքական վիճակագրությու՞ն

«Սա լայնորեն տարածված հետխորհրդային, և ոչ թե միայն ադրբեջանական երևույթ է, երբ վիճակագրությունը ծառայում է քաղաքական նպատակների»,- ասում է սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցևը:

Նրա խոսքով՝ պաշտոնական ցածր էմիգրացիան տնտեսական հաջողությունների յուրօրինակ հաստատման ձև է:

«Պաշտոնական դիսկուրսում ոչ մեկ թվերով չի աշխատում, քանի որ պաշտոնական տվյալները հասնում են տարեկան մի քանի հարյուր մարդու,- ասում է սոցիոլոգը:- Հստակ տվյալների փոխարեն պաշտոնական խոսքում հնչում են խրոխտ նոտաներ նմանը չունեցող զարգացման մասին, սակայն ապրելով երկրում՝ տեսնում ես՝ շրջապատումդ ինչքան մարդ է հեռացել»:

Նրա խոսքով՝ Պետական վիճակագրական կոմիտեի տվյալները չեն հաշվում նաև սեզոնային միգրացիան, այսինքն` նրանց, ովքեր մեկ տարով մեկնում են Ռուսաստան և հետ են վերադառնում: Նաև չեն հաշվում նրանց, ովքեր ունեն 2 կամ 3 քաղաքացիություն:

Միգրացիայի թեմայի՝ քաղաքականացված լինելու մասին գրում է նաև միգրացիոն գործընթացները հետազոտող Արիֆ Յունուսը իր հոդվածներից մեկում:

«Տեղեկատվության առկա աղբյուրների վրա հիմնված միգրացիայի մասին հետազոտությունները (ինչպես ներգաղթ, այնպես էլ արտագաղթ) լիարժեք չեն: Բացի այդ, միգրանտների թիվը հաշվելու թեման քաղաքականացված է ժամանակակից Ադրբեջանում, և դա նույնպես զգալիորեն ազդում է հաշվարկի վրա»,- կարծում է նա:

«1992-93թթ. ես գլխավորում էի նախագահի աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական բաժինը, և մեզ համար տարվա յուրաքանչյուր քառորդի համար Պետական վիճակագրական կոմիտեն պատրաստում էր ծառայողական տեղեկագիր,- պատմում է Արիֆ Յունուսը:- Իսկ երբ շատ ավելի ուշ բացվեցին վիճակագրական կոմիտեի և միգրացիոն ծառայության կայքերը, ես նկատեցի, որ նրանք սկսել են մաքրել 90-ականների իրենց հին տվյալները»:

Յունուսը պնդում է, որ նույն կերպ արժանահավատությամբ չեն տարբերվում Ադրբեջանում մարդահամարների տվյալները:

«Մեր պետությունը փորձում է այդկերպ ապացուցել, որ երկրում ամեն ինչ լավ է,- ասում է նա:- Բայց եթե ամեն ինչ այդպես է՝ ինչո՞ւ են մարդիկ հեռանում»:

Ինչու՞ են հեռանում

Աշխատանք. Թոմրիդը Ռուսատանում է ապրում արդեն շուրջ 7 տարի, մեկ սենյականոց բնակարան է վարձակալում Մոսկվայում: Բաքվում նա աշխատում էր «նավթի ոլորտում», «ծով էր դուրս գալիս»:

Այն բանից հետո, երբ նրա հերթական պայմանագիրը չերկարացրին, նա չկարողացավ գտնել լավ վարձատրվող աշխատանք և տեղափոխվեց:

«Ես չգիտեմ՝ ինչ կունենայի Բաքվում,- ասում է Թոմրիդը:- Ես ժամանակ առ ժամանակ գնում եմ այնտեղ. այնտեղ իմ բոլոր ծանոթները կամ իսկապես հիանալի աշխատանք ունեն, կամ ընդհանրապես անգործ նստած են: Վստահ չեմ, որ առաջինների թվում կլինեի»:

Անվտանգություն. հոգեբույժ Ռուստամը Գերմանիա է տեղափոխվել այս տարվա սեպտեմբերին և ասում է, որ տեղափոխվելու գլխավոր պատճառը անվտանգությունն էր:

«Առաջին անգամ մտածեցի հեռանալու մասին երկու տարի առաջ, երբ տեղի ունեցավ ողբերգական հրդեհը Բինագադիում, երբ մահացան երեխաներ,- ասում է նա:- Այդ ժամանակ ես վերջնականապես համոզվեցի, որ իմ ընտանիքն այստեղ պաշտպանված չէ»:

Դրանից հետո Ռուստամը ծանոթներից իմացել է, որ Գերմանիայում բժիշկների պահանջ կա և բժիշկների համար այնտեղ արտագաղթելը դժվար չի լինում, և սկսել է գերմաներեն սովորել՝ «զրոյից»:

«Ես վստահ չէի Ադրբեջանի անվտանգության և կայունության, իմ երեխաների բարեկեցիկ ապագայի և թոշակից հետո իմ կյանքի հարցում»,- ասում է նա:

Ընդհանուր կենսամակարդակ. այսօր Ռուստամն ապրում է Մյունխենից ոչ հեռու՝ Բադ-Շուսսենռիդ փոքրիկ քաղաքում:

«Ի տարբերություն Ադրբեջանի՝ այստեղ չկա ծայրամասի զգացողություն. այստեղ լավ ենթակառուցվածքներ են, կա կայարան, 3-4 մեծ խանութ, փոստային բաժանմունք, այլ կերպ ասած՝ ես կարող եմ ամեն ինչ գտնել՝ քաղաքից դուր չգալով»,- ասում է նա:

Նա նշում է, որ այդ քաղաքում գներն ավելի բարձր են, քան Բաքվում, բայց աշխատավարձն էլ է բարձր: Իսկ մի քանի ամսից, երբ ավարտվի փորձաշրջանը, Ռուստամը կստանա լիարժեք աշխատավարձ և կարող է այստեղ տեղափոխել կնոջը և դուստրերին:

Նա հույս ունի, որ դա տեղի կունենա մինչև Նոր տարի, որպեսզի ավագ դուստրը հասցնի այստեղ դպրոց գնալ: «Նա այստեղ կսովորի գերմաներենով, կհաճախի ինտեգրման դասերի, որոնք նախատեսված են երեխաների և չափահասների համար և որտեղ սովորեցնում են հարկ վճարել և աղբը տեսակավորված թափել»,- ասում է Ռուստամը:

Հեռանկարների բացակայությունը. «Ինձ համար վատ չէր Բաքվում ապրելը, շատ ընկերներ ունի, հիանալի, բարձր վարձատրվող և հետաքրքիր աշխատանք,- պատմում է մանկավարժ Լյուդմիլան, որն այժմ ապրում է Վարշավայում:- Բայց ես պարզապես գիտեի, որ տարիներ շարունակ երկրի ներսում փչվող բարօրության փուչիկը մի օր անպայման պայթելու է, և ամեն ինչ շատ վատ է լինելու»:

Կոռուպցիա. «Կոռուպցիայի մակարդակը ինձ թույլ չի տալիս առաջ շարժվել,- ասում է նա:- Դեռ խորհրդային ժամանակ մեր ընտանիքում ոչ մի կուսակցական չի եղել: Ինչպես նրանք, ես էլ չեմ հարմարվել համակարգին և կաշառք չեմ վերցրել»:

Ի՞նչ են ասում իշխանությունները

Խորհրդարանի պատգամավոր և իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամ Այդին Միրզազադեն ասում է, որ ադրբեջանական վիճակագրության տվյալները միանգամայն օբյեկտիվ են:

«Այդ տվյալները չեն կարող քաղաքականացված կամ աղավաղված լինել, և եթե այդպես լիներ, գոնե մեկ միջազգային կազմակերպություն այդ մասին կհայտարարեր,- վստահ է պատգամավորը:- Ադրբեջանում իսկապես միգրացիա կա, բայց միայն այն պատճառով, որ ամբողջ աշխարհը գտնվում է շարժման մեջ, և ցանկացած ադրբեջանցի ինքն է որոշում՝ որտեղ է իր համար առավել հարմար ապրել»:

Բացի այդ՝ նրա խոսքով՝ քիչ չէ նաև ներգաղթը դեպի Ադրբեջան:

«Ընդ որում, խոսքը ոչ միայն զարգացող երկրների մասին է, այստեղ գալիս են հարևան երկրներից և Ամերիկայի երկրներից»,- ասում է Միրզազադեն:

Նրա խոսքով՝ կան որոշակի դժվարություններ, որոնք ազդում են միգրացիայի հետ կապված իրավիճակի վրա, և որոնց դեմ պետությունը հաջողությամբ պայքարում է: «Գոյություն ունի զբաղվածության խնդիր Ադրբեջանի որոշ շրջաններում, կամ երբ ծառայությունները կարող են լինել պակաս որակյալ, քան այլ երկրներում:

«Բայց հաշվի առնելով, որ մենք երիտասարդ երկիր ենք և պատերազմի մեջ ենք Հայաստանի հետ, զարմանալի չէ, որ առաջ են գալիս դժվարություններ, ինչը, իհարկե, ոչ մեկի վրայից պատասխանատվությունը չի հանում,- հիշեցնում է նա:- Սակայն եթե նայենք ընդհանուր դինամիկային, Ադրբեջանը դառնում է ներգաղթի համար գնալով ավելի հաջողակ և բարենպաստ երկիր»:

Ուղեղների արտահո՞սք

Ադրբեջանցիները երկիրը լքում են ոչ միայն աշխատանքի փնտրտուքներով: Մասնագետներն ասում են, որ վերջին տարիներին փոխվել է արտագաղթի կառուցվածքը:

«Փոխվել են դրա ուղղությունները,- ասում է Արիֆ Յունուսը:- Եթե նախկինում մեկնում էին Ռուսաստան հիմնականում գյուղական բնակավայրերի բնակիչները, ապա այսօր ավելացել է եվրոպական երկրներ արտագաղթողների թիվը, ընդ որում դրանք հիմնականում որակավորված կադրեր են, ինչպես նաև իջել է միգրանտների տարիքը»:

Նրա խոսքով՝ այսօր հեռանում են նրանք, ովքեր ստացել են լավ կրթություն և չեն կարողացել արժանի աշխատանք գտնել Ադրբեջանում:

«Երկիրը լքողներից շատերը նախկին ուսանողներ են, որոնք մնացել են ապրելու Եվրոպայում,- ասում է Սերգեյ Ռումյանցևը:- Նրանք, ովքեր սովորել են Բաքվում, տեխնիկական և կիրառական մասնագիտությունների ներկայացուցիչներ են, որոնք մեծ պահանջարկ ունեն՝ ինժեներներ, ծրագրավորողներ, ՏՏ-մասնագետներ, ինչպես նաև բժիշկներ»:

«Այո՛, ուղեղների արտահոսք կա՛, և այն նկատելի է անզեն աչքով,- վստահ է տնտեսագետ Թողրուլ Մաշալլին:- Իմ շրջապատից հեռանում են 20-25 տարեկան մարդիկ, և ոչ միայն նրանք, ովքեր չեն կարողացել աշխատանք գտնել, այլև այնպիսիք, որոնք դուրս են եկել լավ աշխատանքից՝ պարզապես ընտրելով այլ կյանք»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031