Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ուկրաինա. եվրաասոցացումն ու ռազմաքաղաքական իրավիճակը

Հոկտեմբեր 27,2017 16:11

Անի Եղիազարյան

ՄԱՀՀԻ  ասոցացված փորձագետ

Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա)

քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինան իր մասշտաբով և նշանակությամբ ԱլԳ–ի ամենակարևոր երկիրն է թե՛ ՌԴ-ի և թե՛ ԵՄ-ի համար՝ աշխարհագրորեն գտնվելով նրանց միջև։ Իր տարածքով և բնակչությամբ Ուկրաինան գերազանցում է ԱլԳ անդամ մյուս բոլոր երկրներին միասին վերցրած։ Ինչպես ԱլԳ մասնակից մի քանի այլ երկրի, այնպես էլ Ուկրաինայի պարագայում շրջադարձային ու վճռորոշ էր 2013թ. ԱլԳ Վիլնյուսի գագաթաժողովն ու դրան անմիջապես հաջորդած ժամանակահատվածը։

ԱլԳ մասնակից երկրների շարքում Ուկրաինայի եվրաինտեգրման ուղին, ՌԴ-ի գործուն հակաքայլերով պայմանավորված, բավական ծանր հետևանքներ ունեցավ երկրում թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական առումներով։ Միևնույն ժամանակ դրանք լրջագույն փոփոխությունների մեկնարկի պատճառ/խթան դարձան, այդ թվում նաև երկրի ռազմաքաղաքական-անվտանգային ոլորտում։ Մայդանի հայտնի իրադարձություններից գրեթե երեք տարի անց Ուկրաինան ներկայանում է բոլորովին այլ պրիզմայով։

Վերջին տարիներին Ուկրաինայում տեղի ունեցած խորքային փոփոխությունները ստորև կներկայացնենք ռազմաքաղաքական տեսանկյունից։ Տնտեսական ոլորտի համապատասխան վերլուծությունը ներկայացված է առանձին աշխատանքով։

ՈՉ ԲԼՈԿԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ՆԱՏՕ

Այս ոլորտի փոփոխություններին անդրադառնալով՝  նկատենք, որ Մայդանին հաջորդող ամիսներին և մասնավորապես 2014թ. փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրի անվտանգային ոլորտում տեղի ունեցան մի քանի ուշագրավ զարգացումներ, որոնց ազդեցությունն ավելի ակներև կդառնա հետագայում։

Դրանցից մեկը երկրի ոչ բլոկային կարգավիճակի վերացումն է։ Հիշեցնենք, որ Ուկրաինան ոչ բլոկային կարգավիճակ է ստացել 2010թ. հուլիսին, ինչը տեղի է ունեցել նույն թվականի փետրվարին Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վիկտոր Յանուկովիչի ընտրվելուց և մարտին Ուկրաինայի վարչապետի պաշտոնին Յուլյա Տիմոշենկոյի հրաժեշտ տալուց հետո։ Դա անսպասելի չէր՝ հաշվի առնելով երկրի ոչ բլոկային կարգավիճակի հարցում Տիմոշենկոյի ու Յանուկովիչի հակադիր դիրքորոշումները։

2009թ. փետրվարին Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարեց, որ երկիրն ամբողջովին աջակցում է պաշտպանության ու անվտանգության եվրոպական համակարգի ստեղծմանը և կցանկանար մասնակցել այդ գործընթացին։ Տիմոշենկոն կողմ արտահայտվեց երկրի մեկուսացմանն ուղղված ամեն տիպի քաղաքականությունից հրաժարվելուն։ Խոսելով ՆԱՏՕ-ի մասին՝ Տիմոշենկոն հայտարարեց, որ Ուկրաինան 14 տարի է, ինչ փորձում է անդամակցել ՆԱՏՕ-ին, հստակ հայտարարում է իր մտադրությունների մասին և բաց կերպով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, սակայն կան օբյեկտիվ գործոններ, որոնք մինչև այժմ Ուկրաինային թույլ չեն տվել դառնալ այդ կառույցի անդամ. «Նախևառաջ խոսքն Ուկրաինայի ներսում տիրող իրավիճակի մասին է. երկրի մի մասը ցանկանում է Ուկրաինան տեսնել ՆԱՏՕ-ում, իսկ մյուս մասը՝ ոչ։ Սակայն կան ավելի բարձր մակարդակի հարցեր։ Խոսքը ՌԴ-ի դիրքորոշման, ինչպես նաև Եվրոպայի ու ՌԴ-ի գործընկերության վրա դրա ազդեցության մասին է, եթե Ուկրաինան ու նման երկրները գնան դեպի ՆԱՏՕ»:

Մինչդեռ 2010թ. մայիսին Վ. Յանուկովիչը, ելույթ ունենալով Կիևում 7-րդ ռուս-ուկրաինական բիզնես ֆորումում, հայտարարեց, որ Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը կնպաստի անվտանգության ամրապնդմանը ողջ եվրաատլանտյան տիրույթում. «Ուկրաինան իրականացնում է ոչ բլոկային քաղաքականություն, որպեսզի եվրոպական մայրցամաքում թույլ չտա բաժանարար նոր գծերի հայտնվելն ընդհանրապես եվրոպական տիրույթի զարգացման, ամրապնդման ու ընդլայնման համար։ Մեր առաջադրանքն անվտանգության ոլորտում այն երկրների հետ փոխգործակցության նոր մեխանիզմներ մշակելն է, որոնք պաշտպանական միությունների անդամներ են, ոչ բլոկային երկրներ և ունեն չեզոք կարգավիճակ»։

Մայդանի դեպքերից ու իշխանափոխությունից հետո երկրի բլոկային կարգավիճակի վերականգնումն անսպասելի չէր։ Դա տեղի ունեցավ 2014թ. դեկտեմբերին, երբ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունեց երկրի ոչ բլոկային կարգավիճակը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը: Դրանից առաջ Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը հայտնել էր, որ օրինագծի նպատակն Ուկրաինայի անկախության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանության ապահովման հավելյալ մեխանիզմների ստեղծումն է: Օրինագծին կից բացատրագրում նշված էր, որ Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը, որն ամրապնդված է 2010թ. հուլիսի 1-ի «Ներքին ու արտաքին քաղաքականության սկզբունքների մասին» օրենքում, եղել է անարդյունավետ՝ կապված արտաքին ագրեսիայից ու ճնշումներից պետության անվտանգության չապահովման հետ: Օրինագծում նաև նշվում էր, որ Ուկրաինան հավատարիմ է ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղուն։

2014թ. նոյեմբերին Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիիլ Լուբկիվսկին երկրի բլոկային կարգավիճակի վերականգնման կապակցությամբ կարծիք հայտնեց, որ Ուկրաինան Ղրիմը կորցրել է իր ոչ բլոկային կարգավիճակի պատճառով: Նա ընդգծեց, որ իրենք չեն կարող իրենց թույլ տալ լինել չեզոք երկիր, և որ Ուկրաինան, ընտրելով ոչ բլոկային ուղին, մեկուսացրել է իրեն, ազատ է արձակել ՌԴ-ի ձեռքերը, և այդ ամենի հետևանքը եղել է Ղրիմի կորուստը:

Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերին՝ Ուկրաինայի 8-րդ գումարման Գերագույն ռադայի առաջին նիստում նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի ոչ բլոկային դիրքորոշումը հանգեցրել է մեծ կորուստների, ինչի կապակցությամբ որոշում է ընդունվել վերադարձ կատարել Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրման կուրսին։ Արդեն դեկտեմբերի 18-ին Պորոշենկոն այդ կարգավիճակի վերացման մասին օրինագիծը ներկայացրեց Գերագույն ռադային։ Վերջինս օրինագիծն ընդունեց հինգ օր անց՝ դեկտեմբերի 23-ին, իսկ դեկտեմբերի 29-ին Պորոշենկոն իր ստորագրությամբ հաստատեց այն՝ ընդգծելով. «Ռազմավարական ու արմատական սխալ էր այն, որ Ուկրաինան ընդունեց ոչ բլոկային կարգավիճակ և ավերեց իր զինված ուժերը: 5-6 տարվա ընթացքում Ուկրաինայի ժողովուրդը կկողմնորոշվի ՆԱՏՕ-ի հարցում: Պլանավորված է բարեփոխումներ անցկացնել երկրում, որպեսզի նա համապատասխանի ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի չափանիշներին»:

Բնականաբար, ՌԴ-ը խիստ բացասաբար արձագանքեց Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակի վերացմանը։ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ելույթներում նշում էին, որ «ըստ էության ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելով՝ Ուկրաինան վերածում են ՌԴ-ի պոտենցիալ ռազմական հակառակորդի, ինչը կունենա չափազանց բացասական հետևանքներ, և ՌԴ-ը հարկադրված է արձագանքել դրանց»  (վարչապետ Դ. Մեդվեդև), որ «Ուկրաինան պետք է պահպանի ոչ բլոկային կարգավիճակը՝ թույլ չտալու համար երկրի պառակտում և նպաստելու համար եվրաատլանտյան տարածաշրջանում կայունության և վստահելի մթնոլորտի առկայությունը» (արտգործնախարար Ս. Լավրով), որ «ոչ բլոկային կարգավիճակը չի նպաստի Ուկրաինայում քաղաքական իրավիճակի կայունացմանը» (Դաշնության խորհրդի նախագահ Վ. Մատվիենկո), որ «ոչ բլոկային կարգավիճակից հրաժարվելն Ուկրաինայի իշխանությունների լրջագույն սխալն է» (փոխարտգործնախարար Գ. Կարասին)։

Սակայն Ուկրաինան չընկրկեց ու տուրք չտվեց ՌԴ հորդորներին ու սպառնալիքներին։ Ավելին՝ 2015թ. մայիսի վերջին Պորոշենկոն 8-րդ կիևյան ֆորումի ժամանակ հայտարարեց, որ պետք է պատասխանատվություն կրեն նրանք, ովքեր թույլ են տվել Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը և պետության անվտանգության մակարդակի նվազեցումը. «Մենք չեղյալ ենք հայտարարել երկրի ոչ բլոկային ամոթալի կարգավիճակը, և նրանք, ովքեր պնդել են այդ ոչ բլոկային կարգավիճակի նպատակահարմարությունը, այժմ պետք է կրեն պատասխանատվություն, քանի որ նրանք դրա հետ մեկտեղ ոչնչացրել են զինված ուժերը, թույլ են տվել առանցքային չափով նվազեցնել անվտանգության մակարդակը, ինչի համար էլ այսօր վճարում է մեր պետությունը» :

2016թ. հունիսի 9-ին էլ Պորոշենկոն Գերագույն Ռադային հասցեագրած ուղերձում նշեց. «Մենք հասել ենք ՆԱՏՕ-ի երկրների հետ աննախադեպ սերտ համագործակցության մակարդակի, որը կբարձրացնենք, կընդլայնենք, կխորացնենք մինչև անդամակցության չափանիշներին ամբողջովին հասնելը: Մեր ռազմավարական նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցելն է։ Ես ցանկանում եմ ընդգծել, որ այդ ցուցիչն անփոփոխ է ինչպես բևեռափայլն աստղային երկնքում։ Այն ամենը, ինչ մենք իրականացնում ենք պաշտպանական ոլորտում, մենք անում ենք մեր ձեռքերում կողմնացույցը պահած, որը ցույց է տալիս Հյուսիսային Ատլանտիկան» ։

Այսպիսով, Ուկրաինայի իշխանությունները երկրի տարածքային վերջին կորուստները շաղկապում են երկրի ոչ բլոկային կարգավիճակ ունենալու հետ և այդ պատճաոով էլ առաջին հերթին ձեռնամուխ եղան դրա վերացմանը՝ ա) նորանոր տարածքային կորուստները բացառելու հույսով, բ) կորցրած տարածքները վերադարձնելու համար։

Կարելի է ասել, որ Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակի վերացումն ինքնին ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հայտ ներկայացնելու նախանշան է, քանի որ Ուկրաինան ցույց է տալիս, որ ցանկանում է բլոկի մաս կազմել (ՆԱՏՕ)։ Ուկրաինայի իշխանությունները հստակ գիտակցում են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ (հավաքական պաշտպանություն) հոդվածի կարևորությունը երկրի տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության ապահովման, ռուսական սպառնալիքներին դիմակայելու տեսանկյուններից։ Ուկրաինայի իշխանությունները տեսան, որ 1994թ. Բուդապեշտի հուշագիրը չի տալիս նման երաշխիքներ և չհանդիսացավ նման զսպիչ ուժ, որպիսին կարող է լինել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը։ Խնդիրը խիստ արդիական է Ուկրաինայի համար՝ հաշվի առնելով 2017թ. փետրվարին Մյունխենի Անվտանգության համաժողովի ընթացքում Պորոշենկոյի արած հետևյալ հայտարարությունը. «Ուկրաինայի ոչնչացումը ռուսական քաղաքականության նպատակներից է. Պուտինն ատում է Ուկրաինան: Խորապես և անկեղծորեն: Նա մերժում է ուկրաինացի ժողովրդի եզակիությունը և ատում է նրան: Նա հրապարակավ հայտարարում է, որ Ուկրաինան գերիշխող ռուսական նույնականացման մաս է կազմում: Նա չի տեսնում Ուկրաինայի տեղը Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա և կցանկանար այդ քարտեզը ներկել ռուսական դրոշի գույներով: Սակայն սխալ կլիներ մտածել, թե ՌԴ-ի ախորժակը սահմանափակվում է միայն Ուկրաինայով։ Կա միայն մի ժամանակ և մեկ վայր, որպեսզի կասեցվի ռուսական ռևանշիզմը: Այդ ժամանակը հիմա է, և այդ վայրն Ուկրաինան է» ։

Եվ զարմանալի չէր, որ ոչ բլոկային կարգավիճակի վերացումից հետո Ուկրաինայում արագացան ՆԱՏՕ-ին անդամակցությանն ուղղված քայլերը։ Դեռևս 2014թ. նոյեմբերին (ոչ բլոկային կարգավիճակի վերացումից մեկ ամիս առաջ) Պորոշենկոն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու հարցը որոշելու է Ուկրաինայի ժողովուրդը, և որ գործընթացը պետք է սկսել ոչ թե հնչեղ հայտարարություններով, այլ իրական բարեփոխումներով։ Դրանից արդեն 1 տարի անց՝ 2015թ. դեկտեմբերին, Պորոշենկոն Ուկրաինայի գլխավոր նպատակ հռչակեց ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելը՝ ընդգծելով, որ բնակչության մեծամասնությունն աջակցում է երկրի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Պորոշենկոյի խոսքերով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը դրվելու է հանրաքվեի, որը, սակայն, կարող է տեղի ունենալ 5-6 տարուց ոչ շուտ։

2017թ. փետրվարի սկզբին Պորոշենկոն Berliner Morgenpost թերթին տված հարցազրույցում հաստատեց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին հանրաքվե անցկացնելու մտադրությունը։ Պորոշենկոյի խոսքերով՝ 4 տարի առաջ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցում էր բնակչության 16%-ը, մինչդեռ ներկայումս այդ ցուցանիշը հասել է 54%-ի, բացի այդ ուկրաինացիների ավելի քան 70%-ը կողմ է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը[։

Փաստորեն, Ուկրաինայում ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը մի փոքր զիջում է ԵՄ-ին անդամակցելու ջատագովների թվին, ինչը պայմանավորված է նրանով, որ ուկրաինացիները ԵՄ-ին անդամակցելը համարում են ավելի անցավ ու դյուրին գործընթաց, քան ՆԱՏՕ-ին անդամակցելը՝ կապված ռուսական սպառնալիքի գործոնի հետ։ Եվ, այնուամենայնիվ, 2017թ. հունիսին Գերագույն ռադան ընդունեց երկրի արտաքին քաղաքական կուրսում փոփոխություններ անելու օրինագիծը, որն ուղղումներ էր նախատեսում «Ներքին ու արտաքին քաղաքականության հիմքերի մասին» և «Ուկրաինայի ազգային անվտանգության հիմքերի մասին» օրենքներում։ Օրինագիծը մասնավորապես արտաքին պետական քաղաքականության առաջնահերթություն էր հռչակում դեպի ՆԱՏՕ Ուկրաինայի ընթացքը։ Պորոշենկոն տվյալ օրինագիծը հաստատեց հուլիսի սկզբին։

Այսպիսով, Մայդանի դեպքերից հետո Ուկրաինայի ռազմաքաղաքական-անվտանգային ոլորտում կատարված կարևորագույն փոփոխություններից մեկը դարձավ երկրի ոչ բլոկային կարգավիճակի վերացումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելուն ուղղված քայլեր ձեռնարկելը (ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելը հռչակվեց որպես Ուկրաինայի գլխավոր նպատակ)։ Եվ թեև ուկրաինական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ուկրաինան Ղրիմը կորցրել է ոչ բլոկային կարգավիճակ ունենալու պատճառով, սակայն կարելի է մասնակի համաձայնել դրա հետ, քանի որ բլոկային կարգավիճակ ունենալը դեռ չի նշանակում ՆԱՏՕ-ին ինքնաբերաբար անդամակցություն։ Դա են հաստատում մերօրյա ժամանակները, երբ Ուկրաինան արդեն գրեթե 3 տարի է, ինչ վերացրել է երկրի ոչ բլոկային կարգավիճակը, սակայն ՆԱՏՕ-ին նրա անդամակցության ապագան մնում է դեռ բավական մշուշոտ։ Դեռևս դժվար է ասել, թե Ուկրաինան երբ կանդամակցի ՆԱՏՕ-ին, քանի որ դրա համար կա 2 հիմնական առաջադրանք-խոչընդոտ՝ արտաքին ու ներքին։ Ներքինն այն է, որ Ուկրաինան պետք է իրականացնի մի շարք բարեփոխումներ՝ ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանելու համար, ինչն ինքնին ենթադրում է տևական գործընթաց։ Ըստ էության՝ այս (ներքին) խնդրի լուծումը կախված է Ուկրաինայի իշխանությունների կամքից, հաստատակամությունից, վճռականությունից։

Մինչդեռ արտաքին առաջադրանք-խոչընդոտը վերաբերում է ՌԴ-ից սպասվելիք հակազդեցության, ինչպես նաև տվյալ հարցում Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի վճռականության աստիճանին։ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի, Վրաստանի և մի շարք այլ երկրների անդամակցության պարագայում նախկինում բազմիցս հայտարարել է, որ այդ գործընթացները կապ չունեն երրորդ երկրների հետ, և որ խնդիրն առնչվում է միայն Դաշինքին ու նրան անդամակցել ցանկացող կոնկրետ տվյալ երկրին (այսինքն՝ ՌԴ-ը տվյալ հարցում չունի միջամտելու իրավունք)։ Թեև ՌԴ-ը գնալով ավելի շատ է զգում Ղրիմի ու Դոնբասի հայտնի դեպքերի կապակցությամբ իր հանդեպ սահմանված արևմտյան պատժամիջոցների ծանրությունը, սակայն հետագայում ՌԴ-ի հնարավոր (ռազմական) միջամտությունը զսպելու համար այդ պատժամիջոցներից առավել արդյունավետ գործիք կարող է ծառայել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։ Եթե հանրաքվեի արդյունքներով Ուկրաինայի բնակչության մեծամասնությունը կողմ արտահայտվի ՆԱՏՕ-ին (նաև ԵՄ-ին) անդամակցելուն, ապա ՌԴ-ը վերջնականապես կզրկվի տվյալ գործընթացին որևէ միջամտություն ցուցաբերելու համար օրինական հիմքից։ Հակառակ դեպքում կստացվի, որ ՌԴ-ը չի հարգում Ուկրաինայի ժողովրդի ինքնիշխան որոշումը։

Ներկայումս ՆԱՏՕ-ն սկսել է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Սև ծովում, ինչը նույնպես Ուկրաինային աջակցելու և Սևծովյան տարածաշրջանում ՌԴ-ին զսպելու ցուցիչներից է։ Ավելին՝ 2017թ. օգոստոսի 24-ին Կիևում անցկացվեց Ուկրաինայի անկախության 26-ամյակին նվիրված զորահանդես, որին մասնակցեց 4500 ուկրաինացի զինծառայող։ Սակայն ուշագրավն այն էր, որ Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված զորահանդեսին առաջին անգամ մասնակցեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա, Լեհաստան, Ռումինիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա) ներկայացուցիչները՝ 231 զինծառայող։ Աննախադեպ իրադարձություն էր այն, որ ՆԱՏՕ-ի զինծառայողները քայլերթով անցնեին Կիևի կենտրոնով։

Ելնելով այս ամենից, ինչպես նաև Դ. Թրամփի նախագահության ժամանակ ԱՄՆ-ի ու Ուկրաինայի միջև սերտացման միտում ունեցող ռազմական համագործակցությունից՝ կարելի է ակնկալել, որ հետագայում միայն կավելանան Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններում նմանատիպ աննախադեպ իրադարձությունները։ Ի դեպ, օգոստոսի 24-ի զորահանդեսին ներկա են գտնվել ԱՄՆ-ի, Լեհաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի պաշտպանության նախարարները և Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարը։ Ուշագրավ է ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի այցը Կիև, որը Պենտագոնի ղեկավարի մակարդակով առաջին այցն էր՝ 2007թ. սկսած։ Դա ինքնին Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության լուրջ ցուցիչ է՝ էլ չխոսած այն մասին, որ Մետիսը Կիևում հայտարարեց, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի կողքին է և չբացառեց, որ ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային հետագայում մատակարարել մահաբեր, սակայն պաշտպանական սպառազինություն:

Հայտնի է, որ ԱՄՆ-ը նախկին նախագահ Բարաք Օբամայի ժամանակ էլ Ուկրաինային ցուցաբերում էր ռազմական աջակցություն, սակայն հրաժարվում էր մատակարարել մահաբեր սպառազինություն։ Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսին ԱՄՆ նախագահի՝ պետական անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստրը հայտարարեց, որ ԱՄՆ-ը կարող է մահաբեր զենքի (Javelin հակատանկային համալիրներ) մատակարարումներ սկսել Ուկրաինային, որպեսզի ՌԴ-ը չիրականացնի իրավիճակի ապակայունացմանն ուղղված հետագա գործողություններ։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի շահերից է բխում Ուկրաինայի պաշտպանունակության բարձրացումը[12] (2017թ. հունիսի վերջին ԱՄՆ Սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց ռազմական բյուջեի նախագիծը, որում սենատորներն առաջարկում էին 500 մլն դոլարի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ այդ թվում նաև մահաբեր զենքի հատկացման տեսքով)։

Դրանից առաջ Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբին հույս էր հայտնել, որ Ուկրաինային ամերիկյան մահաբեր զենքերի մատակարարումը կսկսվի մինչև տարեվերջ և չէր բացառել, որ Ուկրաինայի տարածքում կարող են տեղակայվել ամերիկյան ռազմական ռեզերվները։ Պարուբիի խոսքերով՝ նման համաձայնագրերի պրակտիկան վաղուց է օգտագործվում ԱՄՆ-ում, որն այդօրինակ փաստաթղթեր է ստորագրել Ճապոնիայի, Ավստրալիայի ու Իսրայելի հետ, և որ նման համաձայնագրերի կնքումը տալիս է պաշտպանական մահաբեր զենք ստանալու առաջնահերթ իրավունք:

2017թ. սեպտեմբերի սկզբին Վ. Պուտինը BRICS-ի գագաթաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարումների հնարավորությանը. «Դա ԱՄՆ-ի ինքնիշխան որոշումն է՝ ում վաճառել զենք կամ անվճար մատակարարել, ինչպես նաև այդ օգնությունը ստացող երկրի որոշումն է: Մենք ոչ մի կերպ չենք կարող ազդել այդ գործընթացի վրա: Բայց կան ընդհանուր միջազգային օրենքներ և մոտեցումներ՝ հակամարտության գոտի զենքի մատակարարումները չեն նպաստում խաղաղությանը, այլ միայն վատթարացնում են իրավիճակը: Զոհերի թիվը կարող է ավելանալ, և դա ցավալի է»։ Պուտինն ընդգծեց, որ եթե ԱՄՆ մահաբեր զենքը հասնի Դոնբաս, ապա զինյալները կարող են իրենց զենքն ուղղել հակամարտության այլ գոտիներ՝ հավելելով, որ «ինքնահռչակ հանրապետություններն ունեն բավականաչափ զենք, այդ թվում նաև խլված՝ հակառակորդից»:

Պուտինի այս հայտարարությունը բավական տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն ինքն է զենք մատակարարում հակամարտության գոտի՝ մասնավորապես Արցախյան հակամարտության գոտի, ընդ որում՝ մատակարարում է հարձակողական-մահաբեր զենքեր։ Մինչդեռ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային պաշտպանական-մահաբեր զենքի մատակարարումները լուրջ մտահոգություն են առաջացրել ՌԴ-ում, որի նախագահն ընդգծում է, որ հակամարտության գոտի զենքի մատակարարումները չեն նպաստում խաղաղությանը և փոխարենը միայն վատթարացնում են իրավիճակը: Բացի այդ Պուտինը հրահանգ է իջեցնում Դոնբասում գործող ռուսամետ զինյալներին՝ նրանց ուղղորդելով Ուկրաինայի այլ տարածքների վրա սեփական հայացքը հառելուն, եթե ԱՄՆ-ը պաշտպանողական մահաբեր զենքի մատակարարումներ սկսի Ուկրաինային։

Նկատենք նաև, որ 2017թ. մարտին Գերագույն ռադան դիմեց ԱՄՆ Կոնգրեսին՝ խնդրելով էականորեն խորացնել երկկողմ գործընկերությունն անվտանգության ոլորտում, և Ուկրաինային հատկացնել ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ։ Փաստաթղթում ընդգծվում էր, որ ի տարբերություն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու երկարաժամկետ հարցի՝ ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ հատկացնելն ԱՄՆ-ի ինքնիշխան իրավունքն է, և չի պահանջում ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների համաձայնությունը։ Այդ համատեքստում հիշեցվում էր, որ այդպիսի կարգավիճակ ստացել են ինչպես խաղաղ վիճակում գտնվող երկրները (Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ճապոնիա), այնպես էլ ռազմական գործողությունների սպառնալիքի տակ գտնվող երկրները (Հարավային Կորեա, Աֆղանստան, Իսրայել)[15]:

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը սկսել է բավական լրջորեն զբաղվել Ուկրաինայի պաշտպանունակության մեծացմամբ և ՌԴ-ի հանդեպ սահմանված վերջին աննախադեպ պատժամիջոցներով՝ չենք բացառում, որ Ուկրաինան մոտ ապագայում կարող է ստանալ ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ, ինչպես նաև այն, որ Ուկրաինայում կտեղակայվեն ամերիկյան ռազմական ռեզերվները։ Իսկ այդ ամենը լուրջ հարված կլինի Ուկրաինայում ՌԴ-ի ազդեցությանը, որին առանց այդ էլ մեծ հարված հասցրեց Կիևի անկախության զորահանդեսը։

Կիևի անկախության զորահանդեսն առանձնանում է նաև նրանով, որ մի շարք ԶԼՄ-ներ դա որակեցին որպես ՌԴ-ի ազդեցությունից Ուկրաինայի ձերբազատվելու վերջնական վկայություն։ Պորոշենկոն էլ իր հանդիսավոր ելույթում հիշեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման և վիզային ռեժիմի վերացման մասին՝ ընդգծելով, որ այդ փաստաթղթերն ամենահամոզիչ վկայությունն են այն բանի, որ Ուկրաինան վերջնականորեն՝ դե յուրե և դե ֆակտո, ձերբազատվել է կայսրությունից, որին դեռևս Ռոնալդ Ռեյգանն անվանել է «չարիքի կայսրություն» (ԽՍՀՄ)։

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ

 2014թ. սկսած Ուկրաինայում զգալիորեն շատացան այնպիսի հայտարարությունները, որոնք առնչվում էին երկրի արևելքում պաշտպանական հզոր կառույցներ ստեղծելու անհրաժեշտությանը։ Կարևորվեց կարճ ժամանակում մեծ արդյունավետություն ունեցող, խորն էշելոնացված պաշտպանություն ստեղծելու հարցը, որի շրջանակներում կառուցվելու էին լավագույն ամրությունները: Որոշվեց երկրի պաշտպանական ծախսերը մինչև 2020թ. հասցնել մինչև ՀՆԱ-ի 5%-ի (Պորոշենկոյի խոսքերով՝ տվյալ ժամանակ պաշտպանական նպատակներով ծախսվում է ՀՆԱ-ի միայն 1%-ը): Ընդգծվեց, որ զինված ուժերի (ԶՈՒ) թվակազմը պետք է ավելացվի մոտ 2.5 անգամ: Ներկայացնենք Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմական բյուջեի ցուցանիշները 2011-2016թթ.

Աղյուսակ 1-ը վկայում է, որ վերջին տարիներին Ուկրաինայի ռազմական բյուջեն ավելի քան եռապատկվել է, ինչը պայմանավորված է Մայդանին հաջորդած Ղրիմի ու Դոնբասի դեպքերով, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության նոր տեսլականով։

Ներկայացնենք նաև Ուկրաինայի ԶՈՒ թվակազմի փոփոխությունը

2014թ. օգոստոսին Պ. Պորոշենկոն Ուկրաինայի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ Կիևում անցկացված զորահանդեսի ժամանակ հայտարարեց, որ 2015-2017թթ. ուկրաինական բանակի վերազինման համար հատկացվելու է ավելի քան 40 մլրդ գրիվնա (ավելի քան 3 մլրդ $): Պորոշենկոյի խոսքերով՝ այդ գումարը հնարավորություն կտա արդիականացնել, գնել ու զորքերին մատակարարել ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ռազմանավեր ու մոտորանավակներ։ Ուկրաինան մեծացնելու է սեփական զենքի արտադրությունը՝ իր զինծառայողների կարիքներն ապահովելու համար:

2015թ. մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն Ուկրաինայի ԶՈՒ թվակազմի մասին օրինագիծը ներկայացրեց Գերագույն ռադային, որն էլ ընդունեց այն: Դրան կից բացատրագրում անհրաժեշտ է համարվում Ուկրաինայի ԶՈՒ թվակազմը հասցնել մինչև 250.000-ի: Մասնավորապես նշված էր, որ 2012թ. Գերագույն ռադայի որոշմամբ Ուկրաինայի ԶՈՒ թվակազմը կազմել է 184.000 մարդ, մինչդեռ ներկայումս անհրաժեշտ է այդ ցուցանիշը հասցնել մինչև 250.000 մարդու։

Արդեն 2015թ. ապրիլին Պյոտր Պորոշենկոն հայտարարեց ռազմածովային ուժեր (ՌԾՈՒ) ստեղծելու անհրաժեշտության մասին: Պորոշենկոն հայտարարել է, որ ինչպես գործնականում զրոյից ստեղծել են բանակ, պետք է նույն կերպ ստեղծեն ՌԾՈՒ. Ազով-Սևծովյան տարածաշրջանում Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանունակության համար անհրաժեշտ է կարճ ժամանակում մշակել և իրագործել մինչև 2035թ. նավաշինության զարգացման պետական նպատակային ծրագիր: Ուկրաինայի դեմ հիբրիդային պատերազմի պայմաններում ՌԾՈՒ-ն հանդիսանում են մերձծովյա շրջանների կայունացման կարևոր գործոն. «Ուկրաինան եղել է, կա և կմնա ծովային երկիր։ Ուկրաինան պայքարելու է Ղրիմի վերադարձման համար» :

Նույն թվականի հունիսին Ուկրաինայի ՌԾՈՒ-ի հրամանատարական շտաբի առաջին տեղակալ Դմիտրի Տարանը հայտարարեց, որ մինչև 2020թ. եռապատկվելու է Ուկրաինայի ՌԾՈՒ-ի կազմը, ինչն իրականացվելու է ռազմանավերի ու օժանդակ նավերի համալրման հաշվին։ Նրա խոոսքերով՝ ռուսական ագրեսիայի պատճառով Ուկրաինան կորցրեց Ղրիմում ունեցած ռազմածովային նավատորմի 75%-ը, և որ ներկա դրությամբ մնացել է միայն մոտ 40 նավ, որոնք բարոյապես հնացել են, իսկ կեսն ունի վերանորոգման կարիք:

Ի դեպ, 2017թ. օգոստոսին ամերիկյան The National Interest պարբերականում հրապարակվեց Ամերիկյան խորհրդի՝ արտաքին քաղաքականության հարցերով փոխնախագահ Իլան Բերմանի հոդվածը, որում նշված էր, որ Ուկրաինան սեփական ՌԾՈՒ-ի սուր կարիք է զգում։ Իր հոդվածում Բերմանն ընդգծում էր, որ ՌԴ-ի ագրեսիան թանկ է արժեցել Ուկրաինայի համար տնտեսական ու մարդկային կորուստների տեսանկյունից, սակայն մյուս կողմից էլ դա խթան է հանդիսացել ուկրաինական բանակում արմատական փոփոխություններ կատարելու համար. «Ուկրաինական բանակն այժմ Եվրոպայի երկրորդ խոշոր բանակն է, իսկ ազգային միասնության ուժգնացումը վարժանքների ու մարտունակության մեծացման հետ մեկտեղ նրան վերածում են լուրջ ուժի։ Սակայն Ուկրաինայի ԶՈՒ-ն դեռ ունի թույլ տեղ, և դա ռազմածովային նավատորմն է։ Վերջինս խստապես տուժել է 2014թ. ՌԴ-ի կողմից Ղրիմի բռնակցումից։ Ուկրաինական նավատորմը կորցրեց ռազմական տեխնիկայի 70%-ը և հարկադրված եղավ Սևաստոպոլից տեղափոխվել Օդեսա։ Նրա անձնակազմի ¾-ը կա՛մ դասալքել են, կա՛մ դավաճանել են Ուկրաինային ու անցել են ՌԴ-ի կողմը։ 3 տարվա ընթացքում ՌԾՈՒ-ն կարողացավ վերականգնել իր նախկին հզորության միայն մեկ քառորդը։ Եվ եթե Ուկրաինայի ԶՈՒ-ի մյուս զորատեսակները 2014թ.-ից սկսած լրջորեն բարելավվել են ՆԱՏՕ-ի ու միջազգային այլ գործընկերների օգնության շնորհիվ, ուկրաինական նավատորմը դեռ չի վերականգնել իր նախկին ուժը։ Ղրիմի օկուպացումից հետո ՌԴ-ը մեծացրել է իր ռազմական ներկայությունը թերակղզում։ ՆԱՏՕ-ն նույնպես սկսել է մեծացնել իր ռազմական ներկայությունը Սև ծովում։ Դաշինքի հետ Ուկրաինայի ռազմական համագործակցությունը վերելքի վրա է, ինչի մասին վկայում է Sea Breeze զորավարժությունների անցկացումը։ Դրանց ժամանակ մշակվել են նաև համակարգված ջանքեր Սև ծովում թշնամական սուզանավերի ակտիվության դեպքում։ Դրա հետ մեկտեղ Ուկրաինայում լուրջ մտահոգություն է հարուցում այն, որ նա չունի բավական ուժեր ծովից կատարվելիք հարձակումից երկրի տարածքը պաշտպանելուն։ Այդ թերությունը պետք է շուտափույթ շտկել, քանի դեռ ՌԴ-ը չի անցել վճռական գործողությունների»:

Այս ամենին զուգահեռ Ուկրաինան հզորացնում է նաև իր ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ)։ 2017թ. օգոստոսին Պորոշենկոն ՌՕՈՒ-ի օրվա կապակցությամբ հայտարարեց, որ ընթացիկ տարում ՌՕՈՒ-ին աջակցելու համար հատկացվելու է ավելի քան 1 մլրդ գրիվնա, ինչը կնպաստի նրա մարտունակության վերականգնմանը, ռազմական տեխնիկան պահպանելուն, վերանորոգելուն ու շահագործելուն[:

Դոնբասի հայտնի դեպքերից հետո՝ 2014թ. սեպտեմբերին, Ուկրաինայի իշխանությունները հայտարարեցին ՌԴ-ի հետ սահմանին ամրությունների շարք կառուցելու անհրաժեշտության մասին։ Սկզբնական շրջանում նախագիծը ստացավ «Պատ» անունը, ինչը դուր չեկավ շատերին, և արդյունքում այն վերանվանվեց «Եվրոպական պատնեշ»։ Նախագծի շրջանակներում գրեթե 2000 կմ երկայնքով ստեղծվելու են հակատանկային փոսեր, դիտման աշտարակներ, ազդանշանային միջոցներ, ինչպես նաև սահմանապահների համար նախատեսված հենակետեր: Արգելապատնեշների կառուցումը համակարգելու է Ուկրաինայի Սահմանապահ ծառայությունը, որը 2014թ. նոյեմբերի վերջին հայտարարեց, որ ռուս-ուկրաինական սահմանի 409.3 կմ-ը գտնվում է իրենց վերահսկողությունից դուրս։ Նախագծի առաջին փուլը նախատեսում է սահմանն ամրացնել Չեռնիգովի, Սումի ու Խարկովի մարզերում, ինչպես նաև Լուգանսկի մարզի հյուսիսում, որը վերահսկում են ուկրաինական իշխանությունները։ Դոնբասի հակամարտության կարգավորումից հետո ծրագրված է համապատասխան աշխատանքներ իրականացնել սահմանի մնացյալ հատվածներում։

2014թ. հոկտեմբերին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց, որ Ուկրաինայի կառավարության առաջ քաշած «Պատ» նախագծի գլխավոր նպատակը դիվերսիոն խմբերին կանգնեցնելն է. «Եթե չկան սահմաններ, ապա ոչ ոք մեզ չի տա ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ: Եթե չկան սահմաններ, ապա նաև անհնար կլինի լուծել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը: Եթե չկան սահմաններ, ապա պարզապես բացակայում է պաշտպանական առաջին բնագիծը։ «Պատ» նախագիծը կնպաստի նաև ապօրինի ներգաղթի կասեցմանը, զենքի ու ռադիոակտիվ նյութերի տեղաշարժերի վերահսկմանը: Նախագիծը գնահատվում է 8.4 մլրդ գրիվնա (560 մլն դոլար)»:

Ծրագրված էր մինչև 2018թ. «Եվրոպական պատնեշ» նախագծի վրա ծախսել 4 մլրդ գրիվնա։ Սակայն 2015թ. և 2016թ. քանիցս փոփոխություններ կատարվեցին նախագծում, կրճատվեց ֆինանսավորումը։ Ներկա դրությամբ իրագործվել է նախագծի միայն 15%-ը, ինչի համար էլ որոշվել է նախագծի իրագործման ժամկետը 2018թ.-ից տեղափոխել մինչև  2020թ.։ Նախագծի իրագործման ձգձգմանը նպաստեցին նաև նրա շրջանակներում կատարված խոշորամասշտաբ յուրացումները։ Տվյալ գործով ձերբակալվել է մոտ մեկ տասնյակ մարդ, որոնց սպառնում է 5-10 տարվա ազատազրկում։ Փաստորեն, կոռուպցիան շարունակում է լուրջ խնդիր մնալ Ուկրաինայում, որի իշխանությունները դեռ շատ անելիքներ ունեն այդ ոլորտում։ Բացի այդ «Պատ» նախագծի իրագործման ձգձգումը կարելի է բացատրել նաև նրանով, որ արդեն իսկ վերացել է դրա հիմնական դրդապատճառներից մեկը. Ուկրաինան արդեն իսկ ստացել է ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ։

ԱՄՓՈՓՈՒՄ

 Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Ղրիմի ու Դոնբասի դեպքերից հետո Ուկրաինան հրաժարվել է իր ոչ բլոկային կարգավիճակից, ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելը հռչակել է երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություն, խորացնում է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը, մեծացնում է իր զինված ուժերի թվաքանակը, ռազմական ծախսերը, ընդլայնում է ռազմական արդյունաբերությունը։ Արմատական այս քայլերի համար խթան են հանդիսացել Ուկրաինայի հանդեպ ՌԴ-ի ագրեսիվ գործողությունները։ Դրանք շատ կարևոր ու անհրաժեշտ քայլեր են Ուկրաինայի համար՝ հաշվի առնելով, որ ներկայումս ոչ միայն չի վերացել ռուսական սպառնալիքը, այլև այն աճելու միտում ունի (Պուտինի հայտարարությունն ԱՄՆ-ի կողմից մահաբեր զենքի մատակարարումների վերաբերյալ)։

Ուկրաինական դիմակայության ելքն իր ուրույն ազդեցությունը կունենա ԱլԳ ճակատագրի վրա։ Դրա համար էլ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պետք է իրենց ուշադրության կենտրոնում պահեն նաև Ուկրաինան՝ անկախ աշխարհի տարբեր տարածաշրջանների զարգացումներից և մասնավորապես շեշտակիորեն մեծացնեն ռազմական օգնության ծավալները։ Ի դեպ, նրանք դա կարող են անել այն հիմնավորմամբ, որ համապատասխան խնդրանքով իրենց դիմել են Ուկրաինայի օրինական իշխանությունները, և իրենք էլ ընդառաջում են վերջիններիս։

Հայտնի է, որ վերջին տարիներին ՌԴ-ը շարունակ թմբկահարում է, թե 2015թ. Սիրիայում ռազմական միջամտություն է սկսել այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հրավերով (որին ռուսական կողմը համարում է օրինական իշխանություն), և որ Սիրիայում շատ ուժերի ու երկրների (ԱՄՆ) ներկայությունն ապօրինի է, քանի որ Ասադը չի հրավիրել նրանց։ Այժմ նույնն (մահաբեր զենքի մատակարարումներ, միգուցե նաև ռազմական միջամտություն) ԱՄՆ-ը կարող է անել Ուկրաինայում, ուր արդեն ՌԴ-ը է կանգնած դժվարությունների առջև, քանի որ չի կարող բացեիբաց աջակցել Դոնբասում գործող զինյալներին՝ ապստամբներին։

Հայտնի է, որ 2015թ. Սիրիայում ՌԴ-ի սկսած ռազմական միջամտությունը գերտերությունների, միջազգային հանրության ուշադրությունը զգալիորեն շեղեց ուկրաինական ճգնաժամից, ինչը պետք է որ նախապես հաշվարկած լիներ ռուսական կողմը։

Չենք բացառում, որ Ուկրաինայում շուտով կարող են առաջանալ լարվածության նոր օջախներ (Պուտինի վերոնշյալ սպառնալիքը), ինչն Ուկրաինայի և Արևմուտքի համար հրատապ է դարձնում իրադարձությունների նման զարգացման կանխումը կամ դրանց դիմագրավումը։ Ընդ որում, կարելի է ակնկալել, որ ԱՄՆ-ը ժամանակի ընթացքում որքան ավելի մահաբեր և ծանր սպառազինություն (օրինակ՝ 5-րդ սերնդի F-35 կործանիչներ, Predator և նմանատիպ հարվածային անօդաչու թռչող սարքեր և այլն) սկսի մատակարարել Ուկրաինային, տրամաբանության համաձայն՝ ՌԴ-ը նույնպես պետք է սկսի նմանատիպ սպառազինություն մատակարարել Դոնբասի զինյալներին։ Դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ՌԴ-ի համար, քանի որ հարց կառաջանա, թե որտեղից զինյալներին նման զենքեր, և հանգեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների է՛լ ավելի խստացմանը։ Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ը կարող է սպառազինությունների մրցավազք հրահրել Ուկրաինայում՝ բարձրացնելով նշաձողը, որին ՌԴ-ը հնարավոր է՝ չկարողանա համարժեք պատասխան տալ՝ օրինականության հիմքերից զրկված լինելով (ապստամբների հետ համագործակցություն)։

Հայաստանը պետք է դասեր քաղի ուկրաինական ճգնաժամի ժամանակ և դրան հաջորդած ժամանակահատվածում ՌԴ-ի մի շարք գործողություններից։ Մասնավորապես՝ մենք տեսանք, որ ՌԴ-ը, հանդիսանալով 1994թ. Բուդապեշտի հուշագրով Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, հենց ինքը խախտեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Դա կարող է ուսանելի լինել հատկապես Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի հնարավոր երաշխիքների հարցում։ ՀՀ-ի համար դաս կարող է լինել նաև ՌԴ-ի կողմից երկակի ստանդարտներ կիրառելը, հատկապես այն, որ Ադրբեջանին հարձակողական մահաբեր սպառազինություն վաճառող ՌԴ-ը դժգոհությունն է հայտնում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մահաբեր, սակայն պաշտպանական զենքի մատակարարումների հնարավորության համար (ՌԴ-ը սպառազինությունների մրցավազք է հրահրում Արցախյան հակամարտության գոտում՝ բարձրացնելով նշաձողը)։

Ինչպես ժամանակին դիպուկ արտահայտվել է ամերիկացի քաղաքագետ, պատմաբան Ջորջ Քեննանը, ՌԴ-ի հարևանները կարող են լինել կա՛մ նրա վասալները, կա՛մ թշնամիները։ ՌԴ-ի այդ քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ ԱլԳ մասնակից երկրներից շատերը (միգուցե նաև բոլորը) փորձեն համալրել ՆԱՏՕ-ի շարքերը՝ պաշտպանություն գտնելով նրա հովանու ներքո, ինչպես որ 65 տարի առաջ դա արեց Թուրքիան՝ պայմանավորված ԽՍՀՄ-ի գործողություններով։

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031