Գեղամյանը, Փաշինյանը, Փոստանջյանը, Իգիթյանը, ռեկտորը և ուրիշներ

Գեղամյանը, Փաշինյանը, Փոստանջյանը, Իգիթյանը, ռեկտորը և ուրիշներ

Գեղամյանը բռունցներով հարձակվում է Նիկոլ Փաշինյանի վրա, ԵՊՀ ռեկտորը խորհրդարանի ամբիոնի մատույցներում սայթաքում ու վայր է ընկնում, Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ին արգելելու է քաղաքականությամբ զբաղվել, իսկ Փոստանջյանի հասցեին Լևոն Իգիթյանի ասածը պարզապես մեզ թույլ չենք տալիս կրկնել:

Սրանք Հայաստանի ներքաղաքական կյանքի առօրյայից մի քանի դրվագներ են, որոնք, չնայած կապ չունեն քաղաքականության հետ, այնուամենայնիվ, մեր ներքաղաքական կյանքի բաղկացուցիչն են և Հայաստանյան ներքաղաքական կյանքի մասին բավական բան են ասում: Ասում են, որ մեր հանրապետության ներքաղաքական կյանքը գրեթե կապ չունի քաղաքականության հետ: Բայց վերադառնանք Լևոն իգիթյանի՝ Զարուհի Փոստանջյանի հասցեին ասածին, որը հարկ չհամարեցինք և մեզ թույլ չտվեցինք կրկնել:

Ահա մենք էլ, մի կողմից քննադատում ենք էժանագին հարաբերությունները մեր ներքաղաքական կյանքում, մյուս կողմից ինքներս ենք հիշում ու հիշեցնում: Եթե ուրիշներից ավելի լուրջ լինեինք, հիմա ոչ Գեղամյանի ու Փաշինյանի բռնցքամարտը կհիշեինք, ոչ Իգիթյանի ասածը կհիշեինք, ոչ էլ մանավանդ ԵՊՀ ռեկտորի սայթաքելն ու ընկնելը կհիշեինք: Պարզապես մոռացության կտայինք, որովհետև առանձնապես հիշարժան չեն:

Բայց շատ հաճախ ստիպված ենք հիշում, որովհետև մեր ներքաղաքական կյանքում առավել լուրջ ու առավել հիշարժան իրադարձություններ տեղի չեն ունենում: Ամեն ինչից բացի, խղճի դեֆիցիտը, այնուամենայնիվ, կա: Ոչ միայն ԵՊՀ ռեկտորի դեպքի հետ կապված, և ոչ միայն ֆեսբուքյան միջօրեականներում: Այլև՝ լրագրողների մոտ: Ասում ենք՝ ինչու՞ Խաչիկյանին բաց թողեցին, փոխանակ ասենք՝ ինչու՞ մյուսներին չեն բռնում: Իսկ Պետհամալսարանի ռեկտորի  սայթաքելը տեսնելու ու վերլուծելու փոխարեն՝ լավ կանեինք, եթե նույն ռեկտորի «մասնագիտական» սայթաքումները տեսնեինք, վերլուծեինք ու քննարկեինք: Իսկ որ դրանք կլինեն, կասկածից վեր է, որովհետև անսխալական մարդիկ չկան՝ ներառյալ ռեկտորների մեջ:

Ես փորձեցի մարդկային վերաբերմունք հանդես բերել ռեկտորի հանդեպ, բայց պիտի խոստովանեմ, որ այդ իմաստով առաջինը չեմ: Ինձնից առաջ ու ինձնից լավ իր խմբագրականում դա արել է «Առավոտի» խմբագիր Արամ աբրահամյանը՝ նույն ռեկտորի նույն սայթաքման հետ կապված: Բայց դա չի խանգարում, որ ես էլ իմ կողմից իմ մարդկային պոտենցիալը հանդես բերեմ: Եվ դա չի խանգարում, որ ինքս էլ իմ կողմից լրագրողներին ու մանավանդ երիտասարդ լրագրողներին խորհուրդ տամ չուրախանալ ուրիշների և նույնիսկ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների նմանօրինակ սայթաքումներով:

Ինչ վերաբերում է Գեղամյանի ու Նիկոլի բռնցքամարտին, դրանից նույնպես կարելի էր քաղաքական իրադարձություն չսարքել, բայց լրագրողներին էլ առանձնապես մեղադրելու չի, որովհետև իրական քաղաքականության բացակայության պայմաններում այս ներքաղաքական բռնցքամարտը, ռեկտորի սայթաքումը, Իգիթյանի արտահայտությունն ու Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները քաղաքական նշանակություն ու իմաստ են ստանում: Իսկ ի՞նչ է հայտարարել Զարուհի Փոստանջյանը: Ընդամենը հայտարարել է, որ ՀՀԿ-ին արգելելու է քաղաքականությամբ զբաղվել

Փաստորեն, իր այս հայտարարությամբ Փոստանջյանը ՀՀԿ-ին հաճոյախոսություն է անում. հավաստում ու հավաստիացնում է, որ ՀՀԿ-ն ներկայիս դրությամբ քաղաքականությամբ է զբաղվում: Եվ կզբաղվի այքան ժամանակ, քանի դեռ Զարուհի Փոստանջյանը չի արգելել:

Մեզ մնում է հետևել իրադարձություններին, իրադարձություններից գլուխ հանել և խնդրել Զարուհի Փոստանջյանին, որ վերջինս նաև Էրդողանին ու Իլհամ Ալիևին արգելի քաղաքականությամբ զբաղվել: Երբեմն- երբեմն էլ՝ Թրամփին ու Պուտինին:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

28.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք