Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Սարմեն Ղահրամանյան

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրա-պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:

Հեղինակ

«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:

Հաուպտման

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:

Սեն Սիմոն

«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:

Հյուգո

Տղան փափախչուց թույլտվությունը ստացավ, կոկորդը մաքրեց, ու սկսեց. «Սա Թոթովենցի գրվածքներում ուրիշների անունով եւ ուրիշ ձեւով էլ է պատմվում… Ինչեւ… Ուրեմն, հայաստանցի ու ղարաբաղցի երկու երիտասարդ սարի ստորոտին, ինքնաձիգները ձեռքներին-սահմանին կանգնած են մթնշաղին,- տղան սկսեց, սակայն եւ ինքն-իրեն մտածեց, որ ինչո՞ւ՝ ստորոտին, երբ միշտ գագաթին են կանգնած, բայց հեռակա կարգով նաեւ մտածեց, որ պատերազմն ամեն ինչ խառնելու է, անեկդոտը այդպես է սկսվում, եւ շարունակեց,- ու հանկարծ սարի գագաթին մի բան է շարժվում. հայաստանցին ասում է՝ արծիվ է, ղարաբաղցին թե՝ քըրըէծա՛։ Մի առ ժամանակ անց նորից է շարժվում եւ հայաստանցին ասում է՝ տեսա՞ր, թեւերը շարժեց՝ արծիվ է, ղարաբաղցին թե՝ քըրըէծա՛։ Ու այդ պահին արծիվն իրեն թափ տալիս եւ օդ է ճախրում։ Հայաստանցին ուրախ ծափ է զարկում, որ ասածն ապացուցվեց, եւ ղարաբաղցուն է նայում, դե նայի՞ր՝ ոնց է թռչում, որ ասում եմ՝ արծի՞վ է։ Ղարաբաղցին հակառակ ուղղությամբ շրջվում, թիկունքով արծվի ճախրանքին է կանգնում եւ արտաբերում՝ ինչքան ուզում է, թող թռչի, մեկա՝ քըրըէծա՛»։ Փափախչին անհավես ոտքից-ոտք փոխվեց, գլուխը ալարկոտ շրջեց օդանավակայանով մեկ եւ հարցրեց. «Մթամ՝ ի՞նչ»։ Տղայի ժպիտը խամրեց եւ փափախչին ավելի ոգեւորվեց. «Ի՞նչ՝ մթամ»։ Տղան մտածեց, որ՝ կռիվ, ընկերոջ-հարազատի մահ, դարդ ու ցավ տեսածները, գոնե, կարող են մռութ-ման գալ՝ էլի հասկանալի է, բայց այս կոպեկ փախցնող թեթեւսոլիկն ինչո՞ւ է մթնդնել, իրեն լո՞ւրջ է երեւակայում, ի՞նչ է։ Եւ ասաց՝ էս ինչո՞ւ ես հաճախորդի պակասությունը կյանքի ողբերգություն սարքել ու չես ժպտում, հը՞։ Ու տղան կարծում էր՝ փափախչին անեկդոտի իմաստը չէր հասկացել, բայց սա տղայի հարցը խուսանավեց եւ ճիշտ անեկդոտի մեխին խփեց իր ուզածով. «Հա՞, բա որ ըտենց կող ունեք, ձերոնք ինչո՞ւ են փախել-մոսկվաներում առեւտուր են անում»։ Համ էլ «մի քիչ վերեւում» տղայի ասածի համար տղային ուղղեց, ու ասաց՝ համ էլ էդ «վերեւում», որ քո արեւին մեջբերում արեցիր-ասացիր՝ ճիշտ չասացիր, էդ մուտֆիլմը ես էլ եմ նայել՝ սաղս էլ նայել ենք էդ մուտֆիլմը՝ էդ ո՞ւմ ես զարմացնում, եւ կատուն ճիշտ է անում, որ վերջում սաղին ուտում է՝ միայն խոսող-պղպջակ բաց թողնողներին տենց են անում վերջում, եւ մուկը չէր ասում. «…բա մեր էս ազնիվ ազգը էս լուցկու հատիկի պես սենց վառվի ու կորչի՞…», ասում էր. «…բա մեր էս ազնիվ ցեղը էս լուցկու հատիկի պես սենց վառվի ու կորչի՞…», մուտֆիլմում՝ «…ցեղ» է ասում, ու կոշտ, քմծիծաղով, մուռ հանելու նման նորից ասաց, ասաց՝ համ էլ կատուն լավ է անում, որ դրանց սաղին վերջում ուտում է՝ դրանց տենց է պետք: Ու նորից կրկնվեց ու ասաց. «Էդ պատմածդ անեկդոտը… մթամ ի՞նչ… բա, որ ըտենց կող ունեք, ձերոնք ինչո՞ւ են փախել-մոսկվաներում առեւտուր են անում»։

Տղան ուզում էր հարցնել՝ ի՞նչ իմաստ է դնում փափախչին «ձերոնք» ասելով, եւ որ «իրենք» սահմանի գլխին կանգնում ու թուրքերին են «ձերոնք»-ով դիմում. «Ձերոնք պայմանը խախտել են, Ալլա-Յաղուփ», բայց հանկարծ հարցով ուզեց իմանալ՝ էդ ո՞վ է տեսել, որ «մերոնք» փախել են ու մոսկվաներում առեւտրով են զբաղված, եւ փափախչին ասաց՝ եղբայրս, ու տղան ասաց՝ իսկ եղբայրդ մոսկվաներում ի՞նչ գործ ուներ, չլինի՞ առեւտրից բացի, նաեւ հայ-ռուսական բարեկամության բարենորոգչության ազգանվեր գործ էլ էր տանում զուգահեռ, ու նաեւ ասաց՝ դու գիտե՞ս, ինչ է նշանակում, երբ մարդը 4-5 տղա ունի եւ 4-5-ից մեկն էլ չկա, որ իր գերեզմանին լացի, դու գիտե՞ս, ինչ է նշանակում, երբ մարդը 5-ից 4-ին կռվի է ուղարկում, 4-ից 3-ին կռվի է ուղարկում, 3-ից 2-ին կռվի է ուղարկում, 2-ից 1-ին կռվի է ուղարկում, իսկ տակը մնացածը՝ տանը մնացածը չէ, մնացորդը չէ, փափուկ թիկունքում ծվարած ավելորդը չէ, իր հույսն ու ապագան է, իր ժառանգն ու իր սերունդ շարունակողն է, որ նաեւ իրեն հողով է անելու, իր վրա քար է գցելու, գերեզմանը այցելելու-մեկ-մեկ արտասվելու է, մոլախոտերից մաքրելու է։ Դու գիտե՞ս, ինչ է նշանակում՝ տուն, տեղ, սերունդ կորցրած, արմատահան եղած, անապագա մարդ. «փախստական»:

Ու տղան մտածեց, որ՝ հողի՞ց է, ջրի՞ց է, կլիմայի՞ց է՝ ինչի՞ց է. էս կողմերում իրարամերժ երկու բան կա. պինդ-ինքնասածի կողը չի խրախուսվում ու քամահրվում է, սակայն բարձր կրթվածությունն ու դիմահար-պնդությունն է ընդունվում ու հարգի «ներքեւինների», ինչո՞ւ՝ չէ, նաեւ որոշ «վերեւինների» կողմից, եւ տխմարի մանր ժուլիկություններից էս կողմերում՝ թե ժուլիկը, թե նորմալը՝ ֆիզիկապես զզվում են: Նամանավանդ, երբ մանր-ժուլիկի դերում պետական չինովնիկներն են՝ իրենց ժուլիկ-բիզնեսմենների հետ շփոթած՝ կիսագրագետ իրենց գեշ սովորություններն իրենց հետ պետական հիմնարկներ «քարշ տալով»՝ ժողովրդի հետ մանրադրամի-անվստահելի ժուլիկություն են խաղում իբր թե իրենց խելքով անտեսանելի: Սակայն սրան հակառակ, նաեւ՝ դիվանագետ-դիվանագետ խաղն ու գետնին ընկած խոտի ծեղից փող խփելն է խրախուսվում ճարպիկ ու ճկուն ձեւացնելու նման… Եւ տղան իր տատիկին, տարիներ հետո իր տատիկին առնչվող պատկերը տեսավ հեռակա կարգով։ Փախստական դարձած իր տատիկին տեսավ: Փախստական դարձած իր պապիկին տեսավ: Փախստական դարձած իր հորն ու մորը տեսավ: Տեսավ բոլ ու ճոխ ապրած կուլակի աղջիկ իր տատիկին, իր հպարտ-ազնվացեղ Աչա-մամային, որ տառաճանաչ եղավ, բայց չհասցրեց կրթություն ստանալ, խորհրդային ժամանակներում ապրեց, սակայն ազնվացեղի իր արյունով միշտ խեթում էր երկրի բարքերը. «Ազգությունը կորցրած տասը ռայկոմի քարտուղար, որ իրար գլխի դնես, հորս՝ Լալազարի եղունգը չեն արժենա։ Հերս՝ Լալազարը, յափնջին հանում-կողքի էր դնում ու բատրակների հետ գոմն էր մաքրում, արտն էր հնձում, ցորենն էր քամուն տալիս, խաղող էր ճմռում, էտ էր անում։ Ամեն օրվա վերջում, անկախ վարձատրությունից, իր պահեստներից՝ պանիրը, յուղը, բրինձը հանում, մի-մի բոխչա կապում եւ իր բատրակներին էր տալիս. գլուխը կերան հորս։ Տասը ռայկոմի քարտուղար, որ իրար գլխի դնես, հորս՝ Լալազարի ոտքի մի եղունգը չեն արժենա. սուտ կանգնում, ձեռքները դնում են սուտ գլխներին ու սուտ խոսում են՝ սուտ երկիր է»։

Եւ տղան իր տատիկին տեսավ հեռակա կարգով, որ հիմա փախստական դարձած, անտուն-անտեղ, ոտքերից դուրս պրծնող-անչափ մեծ, ուրիշի կողմից նվիրված-հնամաշ գալոշները հագին, գալոշի ծանրությանն ու հարմարությանն համապատասխան քայլք գցում եւ թոռների մեջ իր ամենասիրելի թոռան թեւը մտած, աղաչում-պաղատում էր՝ տուր-սպանիր-հողով ծածկիր, ինձ համար մի տանջվիր, Աչա-մաման քեզ մատաղ, ես իմն արդեն ապրել եմ, էս տարիքիս՝ ինձ երեւաններ ու մասիսներ քարշ մի տուր, էս տարիքիս ու իմ ապրածից հետո՝ ես երեւաններում ու մասիսներում ի՞նչ գործ ունեմ, ի՞նչ գործ ունեմ էս տարիքիս… Եւ ինչքան էլ ինձ հարազատ, բայց ուրիշի պատառ-հացը կուլ չի գնա, ցավդ տանեմ, կուլ չի գնալու: Շնորհակալ եմ՝ ինձ համար շա՜տ չարչարվեցիր, բայց ինձ համար չարժե, որ քեզ էլ փորձանքի ենթարկես, տուր-էս ձորերում-մի տեղ ինձ սպանիր, թեւերդ թափ տուր, թող-գնա։ Թող-գնա, ցավդ տանեմ: ինձ համար, էս քանի օր է, հա՜, թեւս մտա՜ծ, սոված-ծարա՜վ՝ քարշ ես տալի՜ս, քարշ ես տալի՜ս… Որ ի՞նչ անես, որ ի՞նչ լինի, որ տանես, էս տարիքիս ու իմ ապրածից հետո, տանես՝ երեւաններում-մասիսներում պահե՞ս, ցավդ տանեմ, ցավդ տանեմ…

Տղան իր սիրելի Աչա-մամա տատիկին տեսավ հեռակա կարգով, որ երեւաններում ու մասիսներում ազնվացեղի իր հպարտությամբ վիզ չծռեց, ոչ մեկի հետ յոլա չգնաց ու չուզեց, որ իր հետ յոլա գնան։ Ու ցուրտ ձմռան փետրվար 8-ի ուրիշի տաք տների ցուրտ սենյակում, ամենասիրելի թոռան ներկայությունը զգալով գլխավերեւում, հի՜ն ազնվացեղի գեղեցկությունը դեռ վրան պահած, հոգնած-տանջված-փախստական-մահամերձի իր գլուխը բարձրացրեց ու հարազատ-տատիկի վերջին հանդիմանանքը տվեց իր թոռանը. «Աչա-մաման քեզ մատաղ, չասացի՞՝ ինձ իմ հողում սպանիր-թող մնամ։ Բերիր, ինձ մի կոպեկանոց սարքեցիր։ Էս, սրանք ո՞նց են փոխվել ու քաղքենիացել, էս, սրանց ես չեմ մեծացրե՞լ-տնավորել, թե՞ իրենք կարծում են՝ իրենք-իրենց են մեծացել եւ կամ ուրիշն է իրենց կրթություն տվել-տնավորել։ Էլի հույսս քո վրա է, ինձ էստեղ չթողնես, որ խաղաղություն իջավ ու գյուղն ազատագրվեց, շիրիմս կհանես-գյուղ կտեղափոխես, գնամ իմ հոր՝ Լալազարի կողքին ննջեմ։ Իմ հոր՝ Լալազարի կողքին ննջեմ։ Ինձ կներես, Աչա-մաման քեզ մատաղ, քեզ շատ չարչարեցի»։ Ու տղան հեռակա կարգով պատկերացնում ու ներկա վիճակով տեսնում է, միշտ տեսնում է, երբ գինովանում ու այս քաղցր կյանքի միայնակի իր ճիգերում դժվարություններից, թթու-կծու պայմանականություններից անջրպետվելու պայմանով արվարձանային քաղաքի գերեզմանոցի իր քաղցր տատիկի անշուք շիրիմին է կանգնում գունաթափ թուղթ-տեղեկանքը բռան մեջ ճմռելով. «ՏԵՂԵԿԱՆՔ.- Տրվում է ԼՂՀ Ասկերանի շրջանի Խրամորթի Լենինի անվան կոլտնտեսության վարչության կողմից նույն կոլտնտեսության անդամ, թոշակառու Աննուշկա Լազարի Հարությունյանին ¥ծնվ. 1912 թվին) առ այն, որ սկսած 1991 թվականից սիստեմատիկաբար հրետակոծվել է Խրամորթ գյուղը ադրբեջանական Աղդամից եւ 1992 թվականի հունվարի 31-ին կրկնակի հարձակումից լրիվությամբ ավերվել եւ այրվել է ամբողջ գյուղը, այդ թվում համագյուղացի Աննուշկա Հարությունյանի սեփականությունը՝ տունը, ունեցվածքը, անասունները։ Ներկայումս Ա. Հարությունյանը ոչ մի սեփականություն չունի։ Տրվում է ներկայացնելու պահանջվող տեղին։ Կոլտնտեսության նախագահ՝ Սահակյան, քարտուղար՝ Պողոսյան, 20.04.1992 թ,»։

/շարունակելի/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք