Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են «հուշում» մշակութային գանձերը

Հոկտեմբեր 31,2017 10:01
Ohan Duryan

Սեպտեմբերի 8-ին լրացավ դիրիժոր Օհան Դուրյանի 95-ամյակը: Ես շատ հարցերում կարող եմ սխալվել, բայց Դուրյանի պարագայում վստահաբար պնդում եմ՝ նման դիրիժորներ մենք` հայերս, շատ քիչ ենք ունեցել: Նա անվիճելի հեղինակություն է միջազգային երաժշտական հարթակներում: Հայաստանում նույնպես «գործից հասկացողները» դասական են համարում նրա բազմաթիվ կատարումները:

Դիրիժորի թեկուզեւ ոչ «կլոր» հոբելյանը անհրաժեշտ է նշել՝ բարեբախտաբար դա պատրաստվում է անել մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը: Բայց դա քիչ է՝ պետությունը նույնպես պետք է դրան մասնակցի: Ինչպե՞ս: Կարծում եմ՝ խորհրդային ոճի «հանդիսավոր նիստեր» հարկավոր չեն: Նշանավոր դիրիժորի հիշատակը հարգելու լավագույն ձեւն է նրա մասին գիրք հրատարակելը եւ նրա ձայնագրությունները խնամքով հավաքելն ու մի քանի սկավառակով լույս ընծայելը:

Իհարկե, հիշում ենք, որ Դուրյանն իր կյանքի վերջին տարիներին ինչ-ինչ ընդդիմադիր հայտարարություններ էր անում: Բայց դա այսօր, հավանաբար, խանգարող հանգամանք չպիտի հանդիսանա. ինչ որ մերն է, մեր ժառանգությունն է, մենք պիտի փայփայենք՝ անկախ մանր-մունր, անցողիկ հանգամանքներից: Այդ հանգամանքները ժամանակի հետ «մաղվում» են, մնում է կարեւոր բաների «զուլալ ջուրը»: Մաղվում են ժամանակի եւ տարիքի հետ:

Վերջերս թագավորական նվեր ստացա «Մշակութային վերածնունդ» հիմնադրամից՝ «հաստափոր», ավելի քան 900 էջանոց մեր եկեղեցու «Ժամագիրքը»՝ եվրոպական նոտագրությամբ, Կոմիտասի «Հազար ու մի խաղ» ժողովածուն եւ Մակար Եմալյանի «Պատարագը»: Եվ որպես «բոնուս»՝ հայկական պարեղանակների սկավառակը: 20, առավել եւս 30 տարի առաջ ես չէի գնահատի, թե ինչ հարստությունների տեր եմ դարձել: Իսկ հիմա հավատում եմ՝ եթե մարդ ամեն օր թեկուզ մեկ մեղեդի երգի կամ լսի այդ գանձերից, նրա կյանքն էապես կփոխվի:

Մեր ինքնազգացողությունը կախված չէ արտաքին հանգամանքներից՝ կառավարությունից, բարի կամ չար «շեֆերից», եղանակից, աշխարհագրական դիրքից եւ այլն: Կյանքի հաջողված կամ չհաջողված լինելը պայմանավորված է մեկ անձի մտածելակերպով, եւ այդ անձն, անշուշտ, մենք ենք: Արտաքին հանգամանքները միայն հուշում են մեզ, թե որ ճանապարհով է գերադասելի գնալ: Այդպիսի «հուշարարություն» էր «Մշակութային վերածննդից» ստացած նվերը: Օհան Դուրյանի կատարումների ձայնագրությունների սկավառակը նույնպես շատերին կարող է ինչ-որ բան հուշել: Այդ ուղերձները լսելը կամ չլսելն, իհարկե, ազատ ընտրության հարց է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    ՝Մեր ինքնազգացողությունը կախված չէ արտաքին հանգամանքներից՝ կառավարությունից, բարի կամ չար «շեֆերից», եղանակից, աշխարհագրական դիրքից եւ այլն:՝

    Կառավարությունը դա իշխանական կշեռքի սլաքն է միայն, այդ կշեռքի մի նժարին արտաքին ուժերն են իրենց մանկլավիկներով երկրի ներսում, մյուս նժարին՝ ազգն է իր ժողովրդով ու մտավորականությամբ, մենք ոչ թե սլաքը պետք է փոխենք, այլ ստիպենք ազգովին կառավարությանը ենթարկվել ազգին եւ ոչ թե արտաքին ուժերին, դրա համար ընդամենը պետք է ուժեղ լինել արտաքին ուժերից, իսկ սլաքը միշտ ճիշտ է ցույց տալիս՝ ինչ քաղաքական ուժ էլ լինի կառավարությունը։ Եթե նույնիսկ ունենանք լավագույն ազգային կառավարությունը, միեւնույնն է նրանք լինելու են արտաքին ուժերի ճնշման տակ, դրա համար մենք պետք է ենթարկեցնենք մեր կառավարությունը մեր ազգին՝ անդադար ճնշելով ու հաղթելով արտաքին ուժերին։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031