Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունքները վաղօրոք հայտնի են

Նոյեմբեր 04,2017 10:00

Կիրակի օրը Հայաստանի բազմաթիվ համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Դժվար թե որեւէ մեկը կասկածի, թե ով է այդ ընտրություններում հաղթելու: Ընդդիմադիր կուսակցությունները որոշեցին պայքարի մեջ չմտնել, մի քանի համայնքներում կհաղթեն ԲՀԿ-ական «լավ տղերքը», իսկ գյուղապետերի, քաղաքապետերի ճնշող մեծամասնությունը կազմված կլինի ՀՀԿ-ական նույնքան «լավ տղերքից»: Կուսակցությունների անունները բացարձակապես կարեւոր չեն, դրանք պայմանական են: Եթե գյուղերում կամ քաղաքներում պայքար է գնում, ապա մրցակցությունը, ասենք, Պողոսյանների եւ Պետրոսյանների կլանների միջեւ է` երկուսն էլ կարող են լինել ՀՀԿ-ական կամ ՀՀԿ-ական-անկուսակցական, կամ ՀՀԿ-ական-ԲՀԿ-ական` կախված նրանից, թե ժամանակին այդ տղերքը «ում պոչից են բռնել»:

Այդքանով հանդերձ ընդդիմության չմասնակցելը տարակուսելի է: Այդ փաստը խոսում է ոչ միայն փողի պակասի, կազմակերպական կառույցների բացակայության, այլեւ ծուլության եւ անտարբերության մասին: Այո, հաջողության հասնելը գրեթե անհնար է, բայց չփորձել, «մարզավիճակը» չստուգել, քաղաքացիների հետ շփման մեջ չմտնել` դա, ինձ թվում է, սխալ մարտավարություն է: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ, բացի «Ելք» դաշինքի մեջ մտնող երեք կուսակցություններից, Հայաստանում կան բազմաթիվ այլ ընդդիմադիր կուսակցություններ` ՀԱԿ, «Համախմբում», «Ժառանգություն», ՕԵԿ եւ այլն: Մի՞թե կուսակցությունների գործառույթը 4-5 տարին մեկ «օդ ցնցելն է»:

Հոկտեմբերի 22-ին Վրաստանում կայացան ՏԻՄ ընտրությունները, որտեղ գրեթե ամենուր «ջախջախիչ հաղթանակ» տարավ իշխող կուսակցությունը: Եվրոպացի դիտորդները դրանք գնահատեցին որպես եւս մեկ քայլ ժողովրդավարության ուղղությամբ: Վաղվա ընտրություններում Հայաստանում նույնպիսի հաղթանակ է տանելու այստեղի իշխող կուսակցությունը: Ընտրություններն ընդհանուր առմամբ անցնելու են հանգիստ մթնոլորտում` գուցե մի երկու հանրապետական կամ ՀՀԿ-ական-ԲՀԿ-ական իրար թեթեւ դանակահարեն, ի վերջո, կլանային պայքար է որոշակի լծակների համար: Բայց, կրկնեմ, առանձին սենսացիաներ չեն սպասվում: Քաղհասարակության ներկայացուցիչներն էլ այդ ընտրությունները կբնութագրեն որպես եւս մի քայլ՝ բռնապետության ամրապնդման ուղղությամբ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Իրավաբանությունը մարդկանց ճակատագրերի հետ գործ ունի, պետք է լինի ամենաճշգրիտ գիտություններից մեկը: Ճշգրիտ գիտություններում ու կրոններում կան ընդամենը մի քանի՝ մատների վրա կարելի է հաշվել ճշմարտություններ, որոնք ապացուցման կարիք չունեն ու հնարավորություն չունեն, այդ ճշմարտությունները կազմում են այդ գիտությունների ու կրոնների Սահմանադրությունը, հայ իրավաբանության մեջ էլ հայ Սահմանադրությունը պետք է բաղկացած լինի ընդամենը մի քանի անապացուցելի ճշմարտություններից, որոնք ընդունվում են հայ ազգի կողմից միանշանակ ու միաձայն ու միայն հավատով, իսկ մնացած օրենքները պետք է հիմնված լինեն մեր հայ Սահմանադրության այդ մի քանի ճշմարտությունների վրա, ինչպես ընդունված է բոլոր խելքը գլխին ճշգրիտ գիտություններում ու կրոններում: Մեծ ազգանվեր գործ կլիներ, եթե մեր ծրագրավորողները զբաղվեին այս գործով իրավաբանների հետ միասին:

    • joradzadza says:

      Հարգելի Լավատես, լավ է, որ ձեր նման հասկացող մարդիկ կան: Թե չէ խմբագիրը շատ խորը վերլուծություններ է անում, իսկ տպավորություն է, որ քչերին է հասանելի: Ի՞նչ եք կարծում, մի գուցե մի քիչ պարզեցնի իր վերլուծությունները: Իսկ իրավաբանությունը որպես ճշգրիտ գիտություն սահմանելու համար շատ շնորհակալ եմ: Ոչ ոք դեռ չէր հասկացել:

      • Լավատես says:

        Հարգելի Ժորա: Ուրախ եմ, որ կարեւոր հարցերում ընդհանուր կարծիք ունենք: Խմբագրի վերլուծությունների պարզեցման մասին կարծում եմ, որ խմբագրի գլխավոր նպատակը ընթերցողի կարծիքն ամեն գնով բացահայտելու մեջ է, ոչ թե սեփական կարծիքով ճնշել ընթերցողին, դրա համար խմբագիրը հաճախ դիմում է պարզ մասնագիտական սադրանքների՝ իրեն դարձնելով թիրախ հանուն ընթերցողի կարծիքի բացահայտման:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930