Մեծ աղմուկ ընտանեկան բռնության թեմայով

Մեծ աղմուկ ընտանեկան բռնության թեմայով

Վերջերս Ազգային ժողովի նախաձեռնությամբ լսումներ ու քննարկումներ տեղի ունեցան ընտանեկան բռնության թեմայով: Հիմնականում քննության էին առնվում ընտանիքների ներսում երեխաների ու կանանց ճնշման դեպքերը: Քննարկումները տեղի էին ունենում միջազգային ու եվրոպական կառույցների ու ինստիտուտների ցանկությամբ ու նախաձեռնությամբ:

Գաղտնիք չէ, որ հայկական ընտանիքներն ավելի կուռ ու ամուր են, քան եվրոպականները: Գաղտնիք չէ նաև, որ հայկական ընտանիքներն ավանդաբար աչքի են ընկել երեխաների՝ ծնողների հանդեպ առանձնակի հարգանքով:

Ամեն ինչից բացի՝ ընտանեկան բռնության մասին օրենք ենք ուզում ընդունել: Իրենց կարծիքներն են հայտնում բոլորը՝ քաղաքական գործիչներն ու լրագրողները, ընդդիմադիրներն ու իշխանամետները, շարքային և ոչ շարքային քաղաքացիները: Ոչ շարքային քաղաքացի ասելով՝ նկատի ունենք նրանց, ովքեր նախքան էս քննարկումներն էլ ակտիվորեն զբաղվում էին ընտանեկան բռնության հարցերով՝ ընդգրկված էին ընտանեկան բռնության դեմ պայքարող զանազան կառույցներում:

Նրանցից ոմանք, ըստ երևույթին, ընտանեկան բռնության դեմ պայքարի համար նաև դրամաշնորներ են ստացել ու ստանում՝ նույն Եվրոպայից: Սա մեր կարծիքն է, և մեր կարծիքով՝ սա միակ հարցն է, որի մասին կարող են միանման կարծիք ունենալ իշխանամետներն ու ընդդիմադիրները, և քննարկումներն էլ են դա ցույց տալիս:

Քննարկումները նաև ցույց են տալիս, որ թե Արևմուտքում և թե մեզանում ընտանեկան բռնություն ասելով հասկանում են ընտանիքներում կանանց ու երեխաների հանդեպ կատարվող բռնությունները:

Եվրոպացիք երևի չգիտեն, բայց մենք լավ գիտենք, որ հայկական գրեթե բոլոր ընտանիքներում գոյություն ունի երեխաների պաշտամունք, ինչպես նաև ծնողների, հիմնականում նաև՝ կանանց: Այնպես որ, եթե եվրոպացիք չգիտեն, մենք լավ գիտենք և պարտավոր ենք նաև եվրոպացիներին բացատրել, որ հայերն ու հայաստանցիներն ընտանեկան հարաբերություններում էապես ու արմատապես են տարբերվում ասիացիներից, իսկ ընտանիքի ամրության հարցում էլ եվրոպացիներին կամ, ասենք, ռուսներին չեն զիջում:

Իհարկե, մենք երկու ձեռքով կողմ ենք, որ մեզանում ընդունվի, այսպես կոչված, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» այս երկարաշունչ վերնագրով օրենքը, բայց մեզ մոտ ընդունված օրենքը էապես պետք է տարբերվի հետադեմ կամ նույնիսկ առաջադեմ Ասիայում ընդունված օրենքից: Որովհետև հայերս հատկապես ընտանեկան հարցերում էապես ենք տարբերվում «ստանդարտ» ասիացիներից, բայց էապես ենք տարբերվում նաև եվրոպացիներից, և, բնականաբար, ընտանեկան բռնության վերաբերյալ մեզանում ընդունված օրենքն էլ պիտի էապես տարբերվի ասիականից ու եվրոպականից:

Այս ամենի մեջ ծիծաղելին ու զավեշտալին այն է, որ, փաստորեն, եվրոպացիք են հայերին և հայաստանցիներին համոզում ու ինչ-որ տեղ նաև «ստիպում» ընդունել ընտանիքի ներսում երեխաների ու կանանց պաշտպանության մասին օրենք:

Հայերին ու հայաստանցիներին, որոնց ընտանիքներում առանց այդ օրենքի էլ երեխաների ու կանանց իրավունքներն ավելի քան պաշտպանված են: Ավելին. հայկական գրեթե բոլոր ընտանիքներում գոյություն ունի երեխաների պաշտամունք, ինչպես նաև կանանց, ինչպես նաև՝ ծնողների:

Այսուհանդերձ, հայ ընտանիքների էության ու կառուցվածքի մասին որոշակի պատկերացում ունենալով հանդերձ՝ աննախադեպ ու աննկարագրելի աղմուկ ենք բարձրացրել հայ ընտանիքների ներկայիս վիճակի վերաբերյալ, և պարզվում է՝ մեր ընտանիքներն աննախանձելի վիճակում են, ու նաև պարզվում է, որ մեր ընտանիքներում երեխաներն ու կանայք անասելի ճնշումների են ենթարկվում, ու նաև պարզվում է, որ մենք էս ամենի մասին հիշել ենք եվրոպացիների դրդմամբ ու հիշեցմամբ: Այսինքն՝ եթե Եվրոպան մեզ քնից չարթնացներ, մենք քնած էինք մնալու, և մեր երեխաներն ու կանայք էլ հալածված ու ճնշված էին մալու, և մեր տղամարդիկ էլ դեսպոտ, անխիղճ ու անգութ էին մնալու՝ հիմնականում աղքատ, գործազուրկ ու անգութ: Կատակը կատակ, բայց ինչպես բոլոր կատակների, այս կատակիս որոշակի մասն էլ ճշմարտության հետ որոշակի առնչություն ունի:

Ինչ եմ ուզում ասե՞լ: Առանձնապես ոչինչ էլ չեմ ուզում ասել, և եթե ուզեմ էլ՝ այս թեմայով առանձնապես շատ բան չեմ կարող ասել, մանավանդ որ՝ հայոց ընտանիքներում տիրող բռնությունների մասին լիարժեք ու սպառիչ տեղեկատվություն չունեմ:

Ընդամենը ուզում եմ ասել, որ մեր ընտանիքներում բռնություններն այնքան շատ չեն, որքան մեզ ու եվրոպացիներին է թվում: Եվ հայ տղամարդն էլ իր էությամբ առանձնապես բռնակալ չէ: Ավելին. հայ տղամարդն իր էությամբ քրիստոնյա է ու միանգամայն բարի: Ինչպես նաև՝ ծնողասեր ու որդեսեր: Ինչպես նաև՝ կնամեծար: Հիմնականում ու ընդհանուր առմամբ:

Եվ եթե հայ տղամարդը նորմալ աշխատանք ու նորմալ աշխատավարձ ունենա, հաստատ ավելի կբարիանա՝ թե՛ իր ընտանիքի ներսում և թե՛ դրսում:

Ինչ վերաբերում է ընտանեկան բռնության դեմ օրենք ընդունելուն, դրանից եթե օգուտ չլինի, վնաս հաստատ չի լինի: Կապ չունի՝ եվրոպացիք են դա պահաջում, թե ասիացիք:
Մնացեք խաղաղությամբ: Ներսում ու դրսում:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք