Լրահոս
Օրվա լրահոսը

Ասիական զարգացման բանկի փոխնախագահը վստահեցրել է, որ բանկը պատրաստակամ է աջակցել Երևանի քաղաքապետարանին

Նոյեմբեր 06,2017 18:30

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգի գլխավորած պատվիրակության հետ: Բարձր գնահատելով  Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ բանկի հետ փոխգործակցության շրջանակում վերջին տարիներին նախանշված բոլոր ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվում և աչքի են ընկնում իրենց արդյունավետությամբ:

«2012թ.-ից սկսած Երևանի քաղաքապետարանն ակտիվ համագործակցում է Ասիական զարգացման բանկի հետ, և ձևավորված փոխգործակցությունն իսկապես հաջողված է ու արդյունավետ, ինչի վառ ապացույցը տարեցտարի կյանքի կոչվող համատեղ ծրագրերն են ու դրանց շարունակականության ապահովումը: Այդ համատեքստում է նաև Երևանի շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը, որի արդեն իրականացված հատվածների արդյունավետությունը տեսանելի և շոշափելի է բոլորի համար: Առիթն օգտագործելով՝ պետք է իմ գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեմ բանկի հայաստանյան թիմից, ովքեր մեր թիմի հետ համատեղ օր ու գիշեր անում են հնարավորը, որպեսզի նախանշված բոլոր ծրագրերն իրականացվեն պատշաճ ու սահմանված ժամկետներում», – նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգն իր հերթին գոհունակություն հայտնելով համատեղ ծրագրերի ընթացքից և առկա արդյունքներից, ընդգծել է, որ քաղաքապետարանն իսկապես վստահելի և լուրջ գործընկեր է բանկի համար:

«Ասիական զարգացման բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև  ձևավորված են իսկապես հրաշալի հարաբերություններ, ինչն էլ հնարավորություն է տալիս նախաձեռնված բոլոր ծրագրերը հասցնել ավարտին ու մեկնարկել նոր նախագծեր: Ի դեպ, պարոն քաղաքապետ, արդեն հասցրել եմ նաև հենց տեղում ծանոթանալ Ձեր նշած ճանապարհային ծրագրի ինչպես իրականացված, այնպես էլ ընթացքում գտնվող հատվածներին ու, առիթն օգտագործելով, իմ գոհունակությունն եմ հայտնում երկու թիմերի համատեղ սերտ աշխատանքի արդյունքներից, որի շնորհիվ ապահովվել է թե՛ աշխատանքների պատշաճ կազմակերպումը և թե՛ որակը: Վստահեցնում եմ Ձեզ, որ Երևանն առանձնահատուկ տեղ ունի մեզ համար, և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակելու համագործակցությունը՝ ընդլայնելով ուղղություններն ու ծրագրերը», – նշել է Վենցաի Ժանգը:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով համագործակցության շրջանակների և ուղղությունների ընդլայնմանը, առանձնակի կարևորել է տրանսպորտային բարեփոխումների և վերելակային տնտեսության արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու ընդգծել, որ այս երկու ուղղություններով առաջիկա տարիներին Երևանում ծրագրային հստակ քայլեր են ձեռնարկվելու, որի շրջանակում ակնկալվում է նաև Ասիական զարգացման բանկի գործուն մասնակցությունը:

Այս մասով ևս Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգը վստահեցրել է, որ բանկը պատրաստակամ է աջակցել Երևանի քաղաքապետարանին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930