Լոռիում համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուները վերահաշվարկի պահանջով դիմել են ԸԸՀ-ներ

Լոռիում համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուները վերահաշվարկի պահանջով դիմել են ԸԸՀ-ներ

Օձունի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Բարսեղ Այվազյանը համաձայն չէ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրության արդյունքների հետ: Դրանք անվավեր ճանաչելու եւ վերահաշվարկի պահանջով անկուսակցական թեկնածուն դիմել է թիվ 25 ԸԸՀ։

-Խախտումներ եմ նկատել, դրա համար էլ դիմել եմ, որ վերահաշվարկ անեն: Հաշվարկի ժամանակ իմ քվեաթերթիկներն անվավեր են ճանաչել: Հիմա գնալու ենք վերահաշվարկի,- Aravot.am-ի զրույցում ասաց Բարսեղ Այվազյանը:

Ընտրությունների արդյունքում համայնքապետ է ընտրվել Օձունի գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Արսեն Տիտանյանը: Նա ստացել է 1885 քվե: Իսկ Բարսեղ Այվազյանը ստացել է 33-ով պակաս քվե: Թեկնածուն չի բացառում, որ վերահաշվարկից հետո ընտրության արդյունքները կարող են փոխվել:

Ընտրության արդյունքներից դժգոհ է նաեւ Շնող խոշորացված համայնքի ավագանու անդամ Ռուբեն Նորեկյանը: Վերջինս դիմել է թիվ 24 ԸԸՀ, որպեսզի վերահաշվարկեն թիվ 24/33 ընտրատեղամասի արդյունքները:

Վերջինս ԸԸՀ ներկայացրած դիմումի մեջ գրել է. «Կասկածում եմ, որ անվավեր քվեաթերթիկը ավելացված է ավագանու թեկնածու Աստղիկ Մելիքսեթյանին: Եւ նա ընտրվել է մեկ ձայնի առավելությամբ, որը անցողիկ է ավագանու համար: Իմ կասկածն առաջացել է վստահված անձերի բանավոր հայտարարությունից»:

ԸԸՀ նախագահ Գագիկ Աթաբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դիմումը մերժվում է. «Մերժվում է, որովհետեւ ինքը հաշվարկի ժամանակ ներկա չի եղել: Ընտրական օրենսգրքի 50 հոդվածով, եթե ինքը ներկա չի եղել, ապա մերժվում է: Կարող է այդտեղ տարբեր բանավոր հայտարարություններ են անում, ամեն ասածի պետք է մենք բացենք, նայե՞նք: Կամ ինքը կամ իր վստահված անձը պետք է ներկա լինեն հաշվարկին, պետք է փաստեր արձանագրվի, որը չկա: Ընտրական օրենսգրքի կետերով մերժվում է իր բողոքը»:

Ավագանու թեկնածու Աստղիկ Մելիքսեթյանը՝ ստացել է 126 ձայն, իսկ Ռուբեն Նորեկյանը՝ 125 քվե, որն անցողիկ չէ:

Թիվ 22 ԸԸՀ-ի նախագահ Մուկուչ Ավետիսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք վերահաշվարկի հետ կապված դեռեւս ոչ մի դիմում-բողոք չեն ստացել:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք