Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Կաշառք տվողին պետք է բռնել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2017 15:13

«ԵՄ-ի մեր գործընկերների հետ մենք պետք է ամեն ինչ անենք, որ Սահմանադրության իմպլեմենտացիայի այս փուլը եւս ընթանա հնարավորինս խորքային, արագ եւ նպատակային»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`ԵԽԽՎ Հայաստանի հարցերով մոնիտորինգի խմբի համազեկուցողների հետ հանդիպումից հետո:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համազեկուցողներն այսօր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ էին հանդիպում:

Կոալիցիոն ՀՅԴ-ի ներկայացուցիչները լավատեսորեն են խոսել հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի`իշխանությունների ջանքերի մասին`ընդգծելով, այսպես կոչված, հակակոռուպցիոն օրենքների խումբը, որոնք խորհրդարանում միաձայն ընդունվեցին: Հիշեցնենք, դրանցով ենթադրվում է կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի ստեղծում, ազդարարների ինստիտուտի ներդրում, ինչը շատերի կողմից, այդ թվում նաեւ ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի, ընկալվեց իբրեւ «գործ տվողի» ինստիտուտ, կանխիկ գործառույթների սահմանափակում եւ այլն:

Դիտարկմանը, որ ի հեճուկս ՀՅԴ-ական գործիչների, հասարակությունում այդքան էլ վստահ չեն, այդ օրենքների կիրարկման առումով, Արմեն Ռուստամյանը հակադարձեց. «Ինձ մոտ վստահությունը գալիս է նրանից, որ իսկապես, այդ մարմնի ձեւավորումը տեղի է ունենում բոլորովին նոր գործընթացի միջոցով: Այսինքն, իսկապես անկախ մարմին է ձեւավորվում, որի առաջացման մեջ ընդդիմությունն ունենալու է անմիջական մասնակցություն: Սա նոր մեխանիզմ է: Օրենքները մնում են թղթի վրա հիմնականում այն պատճառով, որ դրանց տակ կիրարկման մեխանիզմներ չեն դրվում»:

Այս օրենքներում ինքը մեխանիզմները տեսնում է եւ վստահ է`եթե օրենքը սկսի աշխատել, իշխանությունը խոչընդոտել չի կարող. «Այն անկախությունը, որն այդ մարմինն ունենալու է եւ այն գործիքները, որոնցով օժտված է այդ մարմինը, իսկապես ունենալու է հակակոռուպցիոն պայքարի միջավայր: Այդ մարմինն ինքն էլ է քաղաքացիական վերահսկողության տակ հայտնվելու: Այդ ամենն ինձ տալիս է հույս, որ այդ մարմինը շատ ավելի ճիշտ գործընթաց կիրականացնի`վստահություն ձեռք բերելու իմաստով, քան մինչեւ հիմա եղել է»:

ՀՅԴ-ն համազեկուցողներին դրական ֆոնի տակ ներկայացրել է նաեւ կառավարման համակարգի փոփոխությամբ պայմանավորված ընդդիմադիրներին ընձեռվող հնարավորությունները:

Խոսել են նաեւ ընտրական կոռուպցիայից եւ դրա դեմ պայքարի հնարավորություններից: «Երկար տարիներ մարդկանց մեջ նստած է, որ իրենք չեն կարող իրենց մեկ ձայնով ինչ-որ բան փոխել: Սա փոխելու համար նոր միջավայր է պետք ձեւավորել, որ մարդը տեսնի`ընտրությամբ բան է փոխվում եւ հասկանա, որ իր ձայնը չի կարելի այդքան հեշտ առք ու վաճառքի առարկա սարքել: Մյուսը` կաշառք տվողներին պետք է բռնել: Իսկ դա տեղի կունենա, երբ արդար դատական իշխանություն լինի, ոստիկանությունն անկախ լինի: Իսկ այս համակարգն այդ հնարավորությունները տալիս է: Իշխանությունն ապակենտրոնացված է լինելու, մեկի քմահաճույքով չի»,- ասում է Արմեն Ռուստամյանը: Ինքը վստահ է, որ դա Հայաստանում իրականություն է դառնալու. «Եթե ամբողջ աշխարհում աշխատել է այդ համակարգը, Հայաստանում ո՞նց կարա չլինի: ԵՄ-ն էլ պիտի վերահսկի, որ լինի: Նոր բան չենք արել, ամենը փորձարկված է եւ դա է մեր հույսը, որ չի կարող չաշխատել»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930