Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«2018-ի ապրիլ գոյություն չունի. իշխող տգետ ուժը բացի իր իշխանությունը պահելուց ոչինչ չի ուզում անել». Բագրատ Ասատրյան

Նոյեմբեր 07,2017 16:53

«Միանշանակ է, որ բյուջեն ուղղակի ներդաշնակեցված չէ այն իրողությունների հետ, որոնց առաջ կանգնած ենք»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Պարոն Ասատրյանը մտահոգված է, որ բյուջեում ոչ մի տող չկա, որն ուղղված լինի արտագաղթի խնդրի կարգավորմանը, մինչդեռ ՀՀ որ քաղաքացուն՝ անգամ 5-րդ դասարանցուն, հարցնես, նա կնշի, որ մեր երկրում թիվ մեկ խնդիրը արտագաղթն է:

Այն հարցին՝ տեղի՞ն էին պետական համակարգում կրճատումները, պարոն Ասատրյանը պատասխանեց. «Մենք ունենք գերուռճացված պետական ապարատ. ինչքան կրճատվի, այնքան լավ»:

Նա հիշեցրեց դեռ Տիգրան Սարգսյանի՝ վարչապետ եղած տարիներից էլեկտրոնային կառավարության մասին խոսակցությունները, ինչը ենթադրում է պետական ապարատի էական կրճատում. «Քանի՞ հոգի կրճատվեցին: Մի ձեռքով ասում ենք զարգացնում ենք, մյուսով ոչինչ չենք անում: ՀՀ-ի համար մեծ շռայլություն է այսքան նախարարություն պահելը»:

Ըստ Բագրատ Ասատրյանի՝ կառավարությունը նախ պետք է իրավիճակը գնահատեր, հետո բյուջե ներկայացներ: Իսկ տնտեսական աճի ապահովման հարցում ԿԲ նախկին նախագահը կառավարության դերակատարությունը փոքր է համարում: Նա համոզված է, որ այստեղ դերակատարություն է ունեցել տրանսֆերտների ու միջազգային շուկայում պղնձի գների աճը:

Բագրատ Ասատրյանի համոզմամբ՝ անգամ եթե այս կառավարությունը փոխվի, իրավիճակ չի փոխվելու. «Այս իշխող տգետ ուժը բացի իր իշխանությունը պահելուց ուրիշ ոչինչ չի ուզում անել: 2018-ի ապրիլ գոյություն չունի. նույն կարծրացած, տգետ, անբովանդակ քաղաքական համակարգն է լինելու: Կապ չունի, թե առաջին դեմքն ով է լինելու՝ անունը նախագահ, թե վարչապետ»:

Նա հարց է բարձրացնում՝ ի՞նչ խնդիրներ է դնում այս բյուջեն. «Երկու-երեք տարին մեկ իբր նոր մարդիկ են գալիս ու խոսում նոր փոփոխությունների մասին: Խոսում են կայուն բյուջեի մասին: Ա՛յ տղերք ջան, ուրեմն 20 տարի անկայուն բյուջե՞ էինք ստեղծում»:

Ինովացիոն և ինստիտուցիոնալ կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը սա համարեց իրատեսական բյուջե ու մանրամասնեց. «Այն հնարավորությունների սահմաններում բյուջե է՝ելնելով քաղաքական, ռազմաքաղաքական, ժողովրդագրական և այն ռազմաքաղաքական մարտահրավերներից, որոնց այսօր դիմակայում է մեր երկիրը և նաև այն իրավիճակում, որի պայմաններում աշխատում է այս կառավարությունը»:

Պարոն Մարգարյանը հիշեցրեց, որ դեռ անցյալ տարվա աշնանն էին ասում, որ սա կարճաժամկետ կառավարություն է: Այսօր էլ անընդհատ մեջբերվում է 2018-ի ապրիլի խնդիրը, ինչն ըստ տնտեսագետի՝ ազդել է բյուջեի նախագծի վրա:

Ամփոփելով` Ատոմ Մարգարյանն ասաց. «Կառավարությունը ներկայացրել է բավականին զուսպ բյուջե: Այն կանվանեի հակասոցիալական: Եկամուտների առումով ես այն կանվանեի բավական ագրեսիվ ու հավակնոտ, սակայն սա ձևավորված թրենդը շարունակող բյուջե է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930