Լրահոս
Օրվա լրահոսը

«Շամլուղի» անտառպետության պահաբաժնից ապօրինի ծառահատումների դեպքով հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. պաշտոնատար անձանց մասով քրեական գործ է առանձնացվել

Նոյեմբեր 07,2017 17:00

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շամլուղի» անտառպետության թիվ 1 պահաբաժնի տարբեր տեղամասերում ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 5 անձանց նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել է դատարան:

«Hetq.am» ինտերնետային կայքում «Սահմանամերձ Ջիլիզայում շարունակվում են անտառների զանգվածային ոչնչացումը» վերտառությամբ հոդվածում ներկայացված՝ լրագրողի կողմից հայտնաբերված ծառահատումների մասին վկայող տվյալների ստուգման արդյունքում 2017 թվականի ապրիլի 28-ին հարուցվել էր քրեական գործ:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2016 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2017 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Լուռու մարզի Ալավերդի քաղաքի և Աքորի գյուղի թվով հինգ բնակիչներ իրենց կողմից վարած ավտոմեքենաներով, փայտանյութ ապօրինի ձեռք բերելու շարունակական դիտավորությամբ, պարբերաբար գնացել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շամլուղի» անտառպետության թիվ 1 պահաբաժնում գտնվող տարբեր հատվածներ և, առանց թույլատվության, անտառահատման տոմսի կամ անտառային տոմսի, ապօրինի ծառահատումներ իրականացրել:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի կողմից կատարված զննությամբ հայտնաբերվել են թվով 24 հաճարենի, 27 բոխի և 1 կաղնի տեսակի հատված ծառեր, ինչի հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է վնաս 2.632.500 ՀՀ դրամի չափով:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար վերոնշյալ քաղաքացիներին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, մեկ անձի դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ նոյեմբերի 7-ին ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Քննությունից թաքնվելու պատճառով նրանցից մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ավելի ուշ՝ ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից «Շամլուղի» անտառպետության թիվ 1 պահաբաժնի տարածքում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են կանգուն ևս 6 հատ հաճարենու, 10 հատ բոխու, 12 հատ թեղու, 5 հատ ուռենու և 6 հատ քամատապալ բոխու, 1 հատ քամատապալ կաղնու կոճղեր՝ ինչի հետևանքով բուսական աշխարհին պատճառված է խոշոր չափի:

Քրեական գործի նախաքննության նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ապօրինի ծառահատումների պատճառ է դարձել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործի նյութերով «Շամլուղի» անտառպետության թիվ 1 պահաբաժնի տարածքից առերևույթ ապօրինի ծառեր հատելու և «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քր. օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել նոր քրեական գործ և առանձնացնել առանձին վարույթում:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930