Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանին վերջին հրաժեշտը և մահախոսական

Նոյեմբեր 07,2017 18:20

ՀՀ Ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Վոլոդյա Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը հայտնում է, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա  նոյեմբերի 7-ին, ժամը 18:00-ից 20:30-ը, Վանաձորի Միչուրինի 20 հասցեում: Վերջին հրաժեշտը` Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, նոյեմբերի 8-ին, ժ. 11:00-ից 13:00-ն:

Հուղարկավորությունը` Վանաձորի արվեստագետների պանթեոնում:

——-

Վոլոդյա Գրիգորյանը կյանքից հեռացավ 2017թ. նոյեմբերի 6-ին, 91 տարեկանում։

Նա հայ թատրոնի երախտավորներից էր, որը կերտել է մեծակտավ և «խարակտերային» կերպարներ: Մեծ էր վարպետի ավանդը նաև հայ կինոյում՝ հատուկ խաղաոճ, նոր շունչ, առանձնահատուկ ձեռագիր և կերպարի ոգին ճշգրտորեն փոխանցելու մեծ հմտություն:

Վոլոդյա Հակոբի Գրիգորյանը  ծնվել է 1925թ. նոյեմբերի 18-ին, Թումանյանի շրջանի  (Ալավերդի)  Հագվի գյուղում:

15 տարեկանից ակտիվ մասնակցել է դպրոցական ներկայացումներում: Նրա կյանքում բախտորոշ նշանակություն է ունեցել Աշ-Մաթը: Ալավերդու պետական թատրոնում պատանի Գրիգորյանը ստեղծագործական բեղուն շրջան է ունեցել, խաղալով՝ Ներսեհ ( «Ռուզան»), Գուգարաց իշխան («Գևորգ Մարզպետունի»), Նեսո («Լալվարի որսը»), Սեյրան («Նամուս»), Օթարյան («Պատվի համար»), Մուրադ («Չար ոգի»), Կասիո («Օթելլո») և այլն:

1942թ. աշխատել է Արտաշատի, Ստեփանավանի և Երևանի պատանի հանդիսատեսի թատրոններում:

1952թ. Վարպետը հրավիրվել է Կիրովական և իր հարազատ թատրոնում խաղացել Ապարանքի տեր  («Ալվան ծաղիկ»),  Կասիո  («Օթելլո»),  Մայիսյանց («Խաթաբալա»),  Սոս  («Սոս և Վարդիթեր»),  Ներսեհ ( «Ռուզան»),  Արթուր («Բոռ»), Աշոտ Երկաթ («Աշոտ Երկաթ»), Մանուկ աղա («Մեծապատիվ մուրացկաններ»), Եզովպոս  («Եզովպոս»), Մակբեթ («Մակբեթ»), Վանո («Մի′ վշտանա, մայրիկ»), Էֆրայիմ («Սերը ծփիների տակ»), Անանիա («Դավաճանություն»), Ֆիլիմոն («Մահ տեսած մարդը»), Շոշիա («Մեղադրական եզրակացություն»)  և այլ մեծակտավ դերեր:

Վոլոդյա Գրիգորյանը բեմադրել է ներկայացումներ Ալավերդու, Արտաշատի, Կիրովականի պետական թատրոններում, Սպիտակի և Կիրովականի երկաթուղայինների ժողովրդական թատրոններում:

1967թ. Վոլոդյա Գրիգորյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, 1978թ.-ին` ՀԽՍՀ ժողովրդական  արտիստի կոչում:

1970 թվականից մինչև 90-ական թվականները եղել է ՀԹԸ Կիրովականի բաժանմունքի պատասխանատու քարտուղար, հիմնադրել է Թատերական ստուդիա, որի սաներն աշխատում են Վանաձորի և հանրապետության այլ թատրոններում:

Նկարահանվել է Հայֆիլմ կինոստուդիայի «Հրդեհ», «Պարոն ավազակ» և «Աղետ» ֆիլմերում:

2009թ. ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունում արժանացել է մրցանակի՝ թատրոնի զարգացման մեջ ունեցած ներդրման համար:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930