Երկար դադարից հետո «Պողիկտոս» օպերան ցնցեց հանդիսատեսին

Երկար դադարից հետո «Պողիկտոս» օպերան ցնցեց հանդիսատեսին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 9-ին երկարատև դադարից հետո վերականգնված տարբերակով ներկայացվեց իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտիի 3 գործողությամբ «Պողիկտոս» օպերան:

«Մենք որոշեցինք, որ վերականգնենք ներկայացումն այնպես, ինչպես բեմադրված է եղել Տիգրան Լևոնյանի կողմից, կարելով նոր զգեստներ, վերականգնելով դեկորացիան եւ ամեն ինչ այնպես անել, որպեսզի այս գլուխգործոցը, որը գրված է հայկական թեմատիկայով՝ երկար մնա բեմում»,-Aravot.am-ի հետ զրուցում ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում «Պողիկտոս»-ը առաջին անգամ ցուցադրվել էր 1993 թվականին՝ Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ: Պարտիտուրան Հայաստան է բերվել 1970-ականներին Վենետիկի գրադարանից՝ Վազգեն Առաջինի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ:

Կոնստանտին Օրբելյանի խոսքով՝ ներկայացման մեջ հրաշալի երգիչներ են մասնակցում՝ հանձին Անահիտ Մխիթարյանի, որը 1993-ի պրեմիերային ևս երգել է. «Ես նրան հայկական Մարիա Կալաս եմ անվանում, քանի որ վերջինս գտել է պատմական օպերաները և առաջինը երգել գլխավոր դերերգերը»:

Թե ինչպես այս ներկայացումը երկար դադարից հետո կընդունի հանդիսատեսը՝ Կոնստանտին Օրբելյանը նշեց. «Կարծում եմ հանդիսատեսը այս ներկայացումը շատ լավ է ընդունելու, քանի որ երաժշտությունը շատ հրաշալի է՝ շատ մելոդիկ, գեղեցիկ եւ այն մեր հանդիսատեսին մեծ տպավորություն կթողնի»:

Ներկայացումը իսկապես տպավորել էր հանդիսատեսին, դրա վառ ապացույցն էին հոտնկայս երկար եւ չդադարող ծափողջույնները:

Մանրամասներն՝ առաջիկայում:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք