Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Աշխարհն ավելի ցինիկ է դարձել»

Նոյեմբեր 10,2017 13:55

«Արցախի ճանաչման հարցը մեր ամենագլխավոր նպատակն է: Դրան հասնելու ամենալավ ճանապարհը կլիներ այն, որ բոլոր երկրները ճանաչեին Արցախը: Սակայն ստեղծված բանակցային ձևաչափն այդ գործընթացը դեռ չի հասունացրել: Ի՞նչ անել այս պահին. միջազգայնացնել Արցախը՝ ըստ ճյուղերի, ինստիտուտների, Արցախը ներառել տարաբնույթ միջազգային պետական-կառավարական կազմակերպությունների և ծրագրերի մեջ: Միջազգայնացնելով Արցախը՝ մենք հեշտացնում ենք նրա հետագա ճանաչումը: Մենք պետք է կարողանանք սեկտորալության միջոցով Արցախը ներառել համաշխարհային նախագծերի ու գործընթացների մեջ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, Երեւանում են Արցախի Հանրապետության պատգամավորները` Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում: Նիստի օրակարգային հարցերից մեկն էլ միջազգային խորհրդարանական հարթակներում ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության քննարկումներն ու այդ համատեքստում ՀՀ-ի խորհրդարանական պատվիրակությունների կողմից տարվող աշխատանքներն են:

Արմեն Աշոտյանը նկատում է`1988-ի փետրվարին Արցախյան շարժումն աշխարհում դիտվում էր, որպես ժողովրդավարական շարժում՝ ընդդեմ կոմունիստական ռեժիմի, ապա այժմ աշխարհը փոխվել է: «Մենք արդար ենք, բայց այդ արդարությունը պետք է պարբերաբար ապացուցել եւ հիմնավորել: Չի կարելի մտածել, որ աշխարհը մեր խնդրի մասին գիտի ամբողջությամբ: Աշխարհն ունի իր սեփական, բազմաթիվ գլխացավերը, աշխարհում փոխվում են հարց լուծողների սերունդները, աշխարհը դարձել է ավելի ցինիկ: Հետեւաբար, խորհրդարանական դիվանագիտությունն այս առումով պետք է նախաձեռնողական լինի»,-ասաց նա`կարեւորելով Արցախի միջազգային ճանաչումը միջազգայնացումից տարբերակելը:

Արմեն Աշոտյանը կարեւոր է համարում, որ 2014 թվականին` ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում, հայկական կողմին հաջողվեց հաղթահարել Արցախի հետ կապված միջազգային ճգնաժամը: Ասում է`այժմ առերեսվում ենք Կատալոնիայի հանրաքվեի եւ դրա հետեւանքների հետ. «Ցավոք, Արցախյան խնդիրը միջազգային քաղաքականության մեջ ունիկալ չի դիտվում: Մեզ համար շատ կարեւոր է ցույց տալ, որ Արցախի խնդիրը նման չէ որեւէ այլ խնդրի: Այն աշխարհաքաղաքական կամ կրոնական խնդիր չէ: Այդ խնդրի տերը ղարաբաղցին է, խնդիրն ուրիշ տեր չունի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930