Լրահոս
Օրվա լրահոսը

Դեյվիդ Նեբելը Կոմիտասի «Կռունկի» հիասքանչ կատարմամբ հուզեց հայ հանդիսատեսին

Նոյեմբեր 10,2017 14:55

Նոյեմբերի 9-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի հյուրը շվեյցարացի ճանաչված ջութակահար Դեյվիդ Նեբելն էր։ Նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կատարեց Լյուդվիգ վան Բեթհովենի Ջութակի կոնցերտը՝ եվրոպական դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից մեկը։ Նեբելը նաև անակնկալ էր պատրաստել հայաստանցի ունկնդրի համար. ելույթից հետո հանդիսատեսի չդադարող ծափողջույններին ջութակահարը պատասխանեց Կոմիտասի «Կռունկի» հիասքանչ կատարմամբ։ «Երբ իմացա՝ գալու եմ Հայաստան, փնտրում էի որևէ բան, որ ներկայացնեմ։ Լսեցի Կոմիտասի գործը և ցանկացա այն կատարել: Սա շատ յուրահատուկ ստեղծագործություն է»,- համերգից հետո խոստովանում է Նեբելը:

Խոսելով հայաստանյան ելույթի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համագործակցության մասին՝ Դեյվիդ Նեբելը նշեց. «Հիասքանչ հանդիսատես է: Ինձ համար շատ հուզիչ էր ելույթ ունենալ: Ես Հայաստանում հրաշալի ժամանակ անցկացրի՝ հրաշալի երաժիշտների ու ֆանտաստիկ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ: Մեր օրերում դժվար է նրա նմանին գտնել: Նա յուրահատուկ է, մեծ հաճույք ու պատիվ էր մեկ բեմում ելույթ ունենալ նրա հետ: Իսկ նվագախումբը պարզապես ֆանտաստիկ էր: Ես մեծ սիրով նորից ելույթ կունենամ նրանց հետ»,- ասաց Նեբելը` ավելացնելով, որ վաղուց էր տեղյակ Խաչատրյանի փառատոնի մասին, ընկերներից շատերն են փառատոնի շրջանակներում ելույթ ունեցել: Նա նաև նշեց, որ Խաչատրյանը շատ հայտնի է Շվեյցարիայում, Եվրոպայում, իսկ ինքը կատարել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը:

Համերգային երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց նաև Պյոտր Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան։

Սա Չայկովսկու վերջին սիմֆոնիան է։ Անվանումը՝ «Պաթետիկ», խոսում է այն մասին, որ ստեղծագործության մեջ հակադրված են կյանքի և մահվան խորն ու համընդհանուր թեմաները։ Սիմֆոնիայի պրեմիերան կայացել է 1893 թվականին Պետերբուրգում՝ Չայկովսկու ղեկավարությամբ, հեղինակի մահվանից 9 օր առաջ։ Իր 5-րդ սիմֆոնիան թղթին հանձնելուց հետո մի առիթով Չայկովսկին գրել էր, որ ցանկանում է ստեղծել մի սիմֆոնիկ գործ, որը կամփոփի իր ամբողջ ստեղծագործական կյանքը։ 6-րդ սիմֆոնիան դարձավ Չայկովսկու սիմֆոնիկ ստեղծագործությունների գագաթը, որը ուժի, դրամատիկ բախումների ամբողջական մի կտավ է։ Եվ խաչատրյանական փառատոնի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը վարպետությամբ ունկնդրին փոխանցեց ռուս մեծ կոմպոզիտորի կյանքի փիլիսոփայությունը, որ հնչյունների տեսքով ամփոփված է 6-րդ սիմֆոնիայում։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930