Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյան. «Շատ հեռու ենք փոխզիջումներից» (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2017 14:57

«Մենք մի քիչ ժամանակից առաջ ենք ընկնում`փոխզիջումների, լուծումների մասով: Իմ խորին համոզմամբ, մենք շատ հեռու ենք այդ փուլից: Այն, ինչ-որ այսօր նկատում ենք բանակցային գործընթացում, միանշանակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հեռու է, նույնիսկ ցանկություն չունի գնալ որեւէ լուծումների»,- ՀՀ ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը`հավելելով, որ պետք է շարունակել բանակցային գործընթացը եւ փորձել «նրանց որոշ բաներ բացատրել»:

Աշոտ Ղուլյանը հայտարարում է`չի կարող իրավիճակ լինել, որ հայկական կողմերը ինչ-որ բաների, նկատի ունի զիջումների, պատրաստ են, ադրբեջանական կողմը պատրաստ չէ: Ասում է`դա երկկողմանի ճանապարհ է: «2016 թվականից հետո մենք շատ ավելի ճիշտ ենք պատկերացնում մեր անվտանգության համակարգի բոլոր բաղադրիչները եւ այն որեւէ բանով թուլացնել, ինչ-որ չասված չխոստացված բաների դիմաց մենք պատրաստվում ենք ինչ-որ բաներ տալ…Նման խոսակցությունները միայն մեր ներքին հասարակական ամրությունն են խաթարում, որովհետեւ սկսում ենք փնտրել`ով է ասել` զիջել, ով է ասել`չզիջել: Ես վստահ եմ, այդ հարցերի պատասխանն ունի միայն մեկ սուբյեկտ`Արցախի Հանրապետության ժողովուրդը, որին Սահմանադրությամբ տրված է այդպիսի լիազորություն»,- ասաց Աշոտ Ղուլյանը:

Հիշեցնենք, Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը Երեւանում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում:

2018-ից հետո Արցախի հարցով բանակցությունները վարելու է ՀՀ վարչապետը: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`Ստեփանակերտում ի՞նչ կարծիքի են, ո՞վ է բանակցությունները վարելու`Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Կարեն Կարապետյանը: Աշոտ Ղուլյանն ասաց`իրենք հարգալից են վերաբերվում ՀՀ-ի սուվերեն որոշմանը եւ ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները: Ինքը վստահ է`ի դեմս ՀՀ գործող նախագահի, Արցախի հարցում ունենք լավ պատրաստված մարդու:

Aravot.am-ի հարցին`քառօրյա պատերազմից հետո հայկական կողմերը կոշտացրել էին դիրքորոշումները, բայց ժնեւյան պատերազմը ի ցույց տվեց, որ կրկին թուլացրել ենք դիրքորոշումը. «սառը գլխով» վերլուծելով նախագահների վերջին հանդիպումը չե՞ք կարծում, որ դիրքորոշումները կոշտացնել է պատեք, մանավանդ, որ ժնեւյան ջենթլմենական պայմանավորվածությունը խախտվեց, Աշոտ Ղուլյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, մենք Ժնեւի բանակցություններից հետո եւ առաջ դիրքորոշումը չենք թուլացրել: Եթե մեկ տարի եւ ավելի բանակցություններ չունենք եւ նույնիսկ չունենք դրա նախապատրաստում, դա նշանակում է, որ մենք ցանկացած առիթ պետք է օգտագործենք`բանակցային գործընթաց գոնե վերսկսելու համար: Իմ կարծիքով, դա տեղի է ունեցել Ժնեւի խորհրդատվությունների ընթացքում: Թե ի՞նչ է լինելու հետո, կարծում եմ, բանակցային գործընթացը վերականգնելուն զուգահեռ պետք է ընթանա: Միանշանակ է, որ 2016 թվականից հետո մեր դիրքորոշումը կոշտացել է եւ որեւէ հիմք չկա այն մեղմացնելու»:

Մյուս հարցին`Ադրբեջանի կեցվածքը հուշո՞ւմ է, որ նոր պատերազմ կունենանք, Աշոտ Ղուլյանն ասաց, որ կյանքը ցույց է տվել`Ադրբեջանի պահվածքը շատ անկանխատեսելի է եւ ոչինչ չի խոսում դեպի դրական գործընթացների մասին. «Պարզապես, վստահ եմ, որ 2016 թվականի ապրիլի պատերազմից հետո Ադրբեջանն ինչ-որ հետեւություններ արել է եւ այսօր, հաշվի առնելով նաեւ, մեր հակառակորդի պահվածքը, մենք ավելի պատրաստ ենք»:

Աշոտ Ղուլյանի կարծիքով՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտ է բոլոր փուլերում եւ այն պահից, երբ Ադրբեջանը համաձայնի այդ տարբերակին, հստակ կլինի, որ հարցը լուծելու ցանկություն կա, քանի որ հարցերի հիմնական պատասխանատուն Արցախի Հանրապետությունն է:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Երեւանում ընթացող դասադուլների մասին, որոնք վերաբերում են տարկետման վերացմանը: «Մենք չպիտի գնանք հակադրության`գիտությո՞ւնն է կարեւոր, թե՞ անվտանգությունը: Միառժամանակ ստիպված ենք համադրել: Բայց տարկետման իրավունք`չի նշանակում, որ գիտությունը բաց ենք թողել: ՀՀ-ում անպայման կգտնեն հարցի ճիշտ լուծումը: Արցախում վաղուց է այդպես, որեւէ տարկետման իրավունք չկա»,- ասաց Աշոտ Ղուլյանը`հավելելով, որ նաեւ պաշտոնյաների որդիներն են 18-ը լրանալուց հետո ծառայում: Ծառայությունից ազատվում են միայն առողջական խնդիրների պատճառով:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930