Մամիկոն Ասլանյանը՝ ՍԴ որոշման մասին. «Մեր գործողությունների մեջ որեւէ հակաօրինական բան չկա»

Մամիկոն Ասլանյանը՝ ՍԴ որոշման մասին. «Մեր գործողությունների մեջ որեւէ հակաօրինական բան չկա»

Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՏԻՄ մասին ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը: Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների 26 պատգամավորներ դիմում էին ներկայացրել ՍԴ, որով պահանջում էին չեղարկել Վանաձորի համայնքի ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների անդամների կողմից ընդունած որոշումները: ՍԴ-ն բավարարեց հայցը:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թեեւ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել օրենքը, սակայն իրենց ընդունած որոշումները հակաօրինական չեն. «Դատարանը գտել է, որ 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է, եւ բնականաբար, եթե դա հակասահմանադրական է ճանաչվում, դրանից բխող իրավական հետեւանքներն էլ պետք է վերացվեն, իսկ դրանք մեր կայացրած նիստերով ընդունված որոշումներն են: Գործողության ժամկետը թողել է մինչեւ մարտի 31-ը, որպեսզի իրավական վակում չառաջանա: Իսկ ԱԺ-ին ժամկետ է տրվել, որ ՏԻՄ օրենքի մեջ փոփոխություն կատարի ու հստակեցնի: Էդ պահին գործող օրենքը դա է եղել եւ մենք առաջնորդվել ենք գործող օրենքով, հետեւաբար մեր գործողությունների մեջ որեւէ հակաօրինական բան չկա: Իսկ եթե օրենքի մի կետ է ճանաչվում հակասահմանադրական, բնականաբար դրանից բխող իրավական հետեւանքներն էլ պետք է վերացվեն: Այդ կոնտեքստում պետք է նայվի, ոչ թե մեր նիստերը կամ մեր ընդունած առանձին որոշումները, որովհետեւ դրանք բխել են օրենքից, իսկ այդ պահին գործող օրենքը չի հակասել մեր ընդունած որոշումներին»:

Այն հարցին, թե ի՞նչ է կարծում, նոր ընտրություններ կլինեն թե՞ ոչ, քաղաքապետը պատասխանեց. «Այս ընդունած որոշման տրամաբանությունից դա չի բխում, որովհետեւ «Լուսավոր Հայաստանի» տված հայցերից մեկը, որը վերաբերում էր նոր ընտրություններին, մերժվել էր: Իրենք 69 հոդվածն էլ էին վիճարկում, որ պետք է ավագանու լիազորությունները կրճատեն, քանի որ նիստեր չեն գումարել: Բայց այդ մասով ՍԴ-ն մերժել է, քանի որ մեր գումարած նիստերն օրենքին համապատասխան են եղել»:

Նշենք նաեւ, որ նոյեմբերի 23-ին նախատեսված է ավագանու հերթական նիստ: Իսկ կկայանա, թե՞ ոչ, Ասլանյանը դեռ չգիտի, ՍԴ-ի որոշմանն են սպասում «Մենք, որ ՍԴ-ի որոշումն ու իրավաբանական մեկնաբանությունները ստանանք, այդ ժամանակ կհասկանանք, թե մինչեւ մարտի 31-ն ինչպես պետք է գործենք»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք