Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ի զիջումը՝ 27 տարին լրացած բանակից խուսափողների համար. Վճարը բարձրացվում է, դռները չեն փակվում. (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2017 19:15

Այսօր ԱԺ Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել հանրության շրջանում:

Նախագիծը հեղինակել են մի խումբ պատգամավորներ՝ Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Վահե Էնֆիաջյանը, Աղվան Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը: Նրանք առաջարկում են պարտադիր զինծառայություն չանցած, արտերկրում գտնվող, 27 տարեկանը լրացած երիտասարդներին այս անգամ էլ հնարավորություն տալ վճարում կատարել եւ ազատվել հետախուզումից:

Բայց այս անգամ, ի տարբերություն օրենքում առկա ժամկետների երկարացման մյուս բոլոր նախագծերի, առաջարկվում էր նախ ամեն զորակոչի համար վճարել մի քանի անգամ ավելի բարձր գին՝ 500 հազար դրամ, բացի այդ, ՊՆ-ի առաջարկով նախատեսվում էր օրենքով ամրագրել, որ այլեւս հնարավորություն չի տրվելու երկարացնել ժամկետ, այսինքն, սա վերջին հնարավորությունն է՝ բանակում ծառայությունից խուսափողների համար:

Հանձնաժողովի նախորդ նիստում հանձնաժողովի անդամները դժգոհություն էին հայտնում, որ եթե մենք խոսում ենք ժողովրդագրության բարելավման մասին, չենք կարող դռները փակել այդ երիտասարդների առաջ:

Հանձնաժողովը որոշեց նախագծի քվեարկությունը հետաձգել: Այսօր նիստում պետք է քննարկվեր արդեն լրամշակված տարբերակը, սակայն, ինչպես հայտնել ենք, քվորում չկար եւ նիստը չկայացավ:

Նիստին մասնակցելու եկած ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը լրագրողների հետ զրույցում որոշ փակագծեր բացեց, թե ինչ զիջումների են իրենք գնացել. «Սկզբունքային չէր մեր դիրքորոշումը եւ երբեք սկզբունքային չի եղել: Դա մամուլն էր ներկայացնում, որ ՊՆ-ն սկզբունքային դիրքորոշում է հայտնել: Գտնում ենք, որ պետք է բարձրացնել գոյություն ունեցող չնչին վճարը, որը իրականում խոչընդոտ չէր հանդիսանում՝ բանակից խուսափումների համար: Մեր նպատակը գումարը չի: Գումարը պետք է որոշակի խոչընդոտ հանդիսանա, որ մարդիկ չգնան հեշտությամբ խուսափումների»:

Ինչ վերաբերում է նրան, որ վերջին անգամ է հնարավորություն տրվում՝ Արտակ Զաքարյանն ասաց. «Մեր սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել: Այս օրենքը տարիների ընթացքում սահուն կերպով վերածվել է զինծառայությունից խուսափելու հանգամանքներից մեկի, պարբերաբար երկարացվել է ժամկետը: Մեր մտահոգությունը ընդամենը դրանում է: Մենք գտնում ենք, որ նմանատիպ օրենքները պետք է իրենց նպատակին ծառայեն եւ չունենան այլ սողանցքներ, պատուհաններ»:

Իսկ ՊՆ-ի զիջումը գումարի չափի մեջ է: Գործող օրենքով ամեն զորակոչի համար սահմանված 100 հազար դրամ վճարը նախագծով առաջարկվում էր դարձնել 500 հազար, հիմա դիրքորոշումը փոխվել է՝ 200 հազար են որոշել ամրագրել:

Մեր դիտարկմանը, որ նախորդ նիստում հանձնաժողովի անդամ պատգամավորները դեմ էին կարծես, որ սահմանվի, թե վերջին անգամ են հնարավորություն տալիս 27 տարեկաններին վճարով ազատվել քրեական հետապնդումից՝ Արտակ Զաքարյանն ասաց, որ դեմ չէին, պարզապես պետք էր այլ մեխանիզմ սահմանել եւ իրենք գտել են հարմար տարբերակ: Հանձնաժողովի նիստում այդ տարբերակը կներկայացնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930