2 տարի ժամանակ՝ բանակից խուսափած 27 տարեկաններին. 2019-ից գումարով հարցերը չեն կարող լուծել

2 տարի ժամանակ՝ բանակից խուսափած 27 տարեկաններին. 2019-ից գումարով հարցերը չեն կարող լուծել

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել հանրության շրջանում:

Արդեն տեղեկացրել ենք, որ նախագիծը նախորդ նիստում ուղարկվեց լրամշակման, որովհետեւ այն առաջարկությունները, որ արել էր ՊՆ-ն նախագծում, հանձնաժողովի անդամների համար ընդունելի չէին:

Նախագիծը հեղինակել են պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Վահե Էնֆիաջյանը, Աղվան Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը: Նրանք առաջարկում են պարտադիր զինծառայություն չանցած, արտերկրում գտնվող, 27 տարեկանը լրացած երիտասարդներին այս անգամ էլ հնարավորություն տալ վճարում կատարել եւ ազատվել հետախուզումից:

ՊՆ-ն հավելել էր, որ ժամկետի երկարացումը պետք է լինի վերջին անգամ եւ այլեւս հնարավորություն չեն տալու բանակից խուսափածներին 27 տարին լրանալուց հետո վճարում կատարել եւ ազատվել քրեական հետապնդումից:

Բացի այդ, առաջարկվում էր գործող օրենքում ամրագրված ամեն զորակոչի համար պահանջվող վճարի չափը՝ 100 հազար դրամ, դարձնել 500 հազար դրամ: Այսինքն, բոլոր բաց թողած զորակոչերի համար կարող էին վճարել առավելագույնը 9 մլն դրամ:

Օրենքի համահեղինակ եւ զեկուցող Կարինե Աճեմյանն ասաց, որ լրամշակված տարբերակում առաջարկում են, որ մինչեւ 2017-ի դեկտեմբերի 1-ը բոլոր նրանց, ում 27 տարին կլրանա, կարող են 200 հազար դրամ վճարելով ամեն զորակոչի համար, ազատվել հետապնդումից ու վերադառնալ հայրենիք:

Նախագծում սահմանվում է, թե ինչպես կարող են պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացին կամ նրա կողմից լիազորված անձը գրել դիմում, ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն, ինչպես պետք է բացատրություն տան, թե ինչու չեն ներկայացել զորակոչերին, կցել տարկետման փաստաթղթերը եւ այլն:

Ինչ վերաբերում է ՊՆ-ի առաջարկին, որ 27 տարին լրացած բանակից խուսափողների առաջ դռները փակեն եւ օրենքով ամրագրեն, որ այլեւս թույլ չեն տալու այս օրենքով ժամկետները երկարաձգել, լրամշակված տարբերակում սահմանված է, որ «սույն օրենքը գործելու է մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31-ը»:

Հանձնաժողովը 4 կողմով դրական եզրակացություն տվեց նախագծին:

Նիստը վարող Ալիկ Սարգսյանն ասաց, որ օրինագծի այս տարբերակն արժանացել է նաեւ կառավարության հավանությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք