Ավստրալահայ ամուսինների նվերը՝ Արցախում զոհված հերոսի անթօևան դստերը (Ֆոտոշարք)

Ավստրալահայ ամուսինների նվերը՝ Արցախում զոհված հերոսի անթօևան դստերը (Ֆոտոշարք)

Այսօր «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը ավստրալահայ հասարակական ու մշակութային գործիչ Ստեփան Գրքաշարյանի և նրա տիկնոջ՝ Հիլդա Գրքաշարյանի անձնական միջոցներով Մսի կոմբինատ թաղամասում սոցիալական բնակարան տրամադրեց 2 անչափահաս երեխաներ՝ 8 տարեկան դուստր և 7 տարեկան որդի ունեցող Ռեգինա Առուստամյանի ընտանիքին։ Ռեգինան աշխատում է «Լենտեքս» գործարանում։

Նշենք, որ Ռեգինայի ընտանիքը Գյումրի է տեղափոխվել 29 տարի առաջ Բաքվից, երբ նա եղել է 8 ամսական։ Նրա հայրը՝ Ղարիբ Առուստամյանը զոհվել է Արցախի ինքնապաշտպանության ժամանակ: Շիրակցիները հերոսին իրենց երախտագիտությունն են հայտնել Ամասիայի տարածաշրջանի Ողջի գյուղի միջնակարգ դպրոցը կոչելով նրա անվամբ։

Ռեգինան իր ամբողջ կյանքը թիթեղյա ցուրտ տնակում է ապրել, նախ մոր, այնուհետ ամուսնու հարազատների հետ։ Երբ ընտանեկան խնդիրների պատճառով ընտանիքը բաժանվել է, Ռեգինան շարունակել է առանձին տնակում ապրել իր երկու անչափահաս զավակների հետ։ Բարերարը անձամբ է որոշել սոցիալական բնակարանը հանձնել Ռեգինայի ընտանիքին՝ նրա տնակային պայմաններին ծանոթանալուց հետո։

«Կյանքում չեմ հավատում, երազել անգամ չէի կարող, որ լուսավոր տան մեջ կապրեմ, շատ անսովոր է բնակարանը, պատկերացրեք ասենք 6-7 մետրանոց տնակում վառարան էինք վառում, հիմա նորմալ կոմունալ հարմարություններ»,-մի տեսակ շփոթված ասում է Ռեգինան։

Այսօր բնակարանամուտին մասնակցեց բարերարների վստահված անձ Սարգիս Համբարձումյանը, որի անունով էլ գրանցված է սոցիալական բնակարանը։ «Թող բարով վայելեն այս բնակարանը ու Աստված օրհնի այս տունը, զավակներին։ Ու այսպիսի բարեգործներ թող շատ լինեն, որովհետև այս քաղաքին շատ-շատ պետք են։ Եվ ցավալի է, որ այս երկրում, այս քաղաքում այս վիճակն է», -մտահոգված է Սարգիս Համբարձումյանը։ Նա նշեց, որ պահը «սրտահուզիչ է», երբ ծայրահեղ պայմաններում ապրելուց հետո գեղեցիկ բնակարան են տեղափոխվում։

Ինչպես տեղեկացրեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը, սա հիմնադրամի կողմից հատկացվող 25-րդ սոցիալական բնակարանն է։ Բնակարանի հանձման արարողությանը, ինչպես միշտ, մասնակցում էր «Գյումրին առանց տնակների» հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Սրբազան Աջապահյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք